ՏՄՊՊՀ-ն զգուշացնում է տնտեսվարողներին

Իրադարձային 22.05.2020   10:15   275

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել զգուշացում տալ ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ հորդորելով իրենց գործունեության ընթացքում ձեռնպահ մնալ հետևյալ գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները.

. ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց,
. «մինչև» բառը կամ զեղչի կիրառման բացառությունների վերաբերյալ տեղեկատվությունը զեղչի չափի վերաբերյալ տեղեկատվության համեմատ ավելի մանր տառաչափով, ոչ տեսանելի կամ ոչ ընթեռնելի նշելուց,
. մինչև զեղչի հայտարարումը ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց:

Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

«Հարկ է արձանագրել, որ վարչական վարույթների արդյունքում Հանձնաժողովը բազմիցս խախտումներ է բացահայտել տնտեսվարողների կողմից ապրանքների իրացման և գովազդի ժամանակ ապրանքի գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ: Մասնավորապես, բազմաթիվ տնտեսվարողներ ապրանքների գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս նշում են այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են մոլորեցնել հասարակությանը:

Օրինակ՝ տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ առևտրի օբյեկտում գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար: Հանձնաժողովի գործունեության ընթացքում բացահայտվել են նաև դեպքեր, երբ զեղչի չափի վերաբերյալ տեղեկությունը նշվում է մեծ տառաչափով, տեսանելի և ընթեռնելի, իսկ մանր տառերով կամ ոչ տեսանելի կամ անընթեռնելի նշվում է «մինչև» բառը կամ այն բացառությունները, որոնց դեպքում զեղչը չի կիրառվում:

Հանդիպում են նաև իրավիճակներ, երբ տնտեսվարող սուբյեկտները նախապես բարձրացնում են ապրանքի գինը, այնուհետև հրապարակում տեղեկատվություն, որ գործում է զեղչ, և արդյունքում ստացվում է, որ զեղչի կիրառումից հետո սահմանված գինն ավելի բարձր է կամ հավասար նախկինում սահմանված գնին:
Հանձնաժողովը հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով: 

Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում`  http://competition.am/uploads/resources/Vo163_19_05_2020.pdf»,- նշված է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ։ 



 Պիտակներ
         ՏՄՊՊՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon