ՏՄՊՊՀ-ի բացահայտումները պետական գնումների ոլորտում

Հարցազրույց 20.02.2019   11:16   687

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, նպատակ ունենալով ՀՀ-ում ձևավորել արդյունավետ մրցակցային միջավայր, պարբերաբար իրականացնում է առանձին ոլորտների և ապրանքային շուկաների ուսումնասիրություններ, որոնց միջոցով հսկողություն է իրականացվում օրենսդրության դրույթների պահպանման նկատմամբ: Այս մասին նշված է ՏՄՊՊՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Այս առումով առանձնակի կարևորվում է պետական գնումների ոլորտը, որտեղ մրցակցային միջավայրի խաթարումը կարող է հանգեցնել պետական գնումների շրջանակներում ծախսվող միջոցների ոչ արդյունավետ օգտագործմանը, մրցակիցների շուկայից դուրս մղմանը, շուկայում կենտրոնացվածության մակարդակի մեծացմանը և այլն: Նկատի ունենալով վերոնշյալը՝ Հանձնաժողովը հերթական ուսումնասիրությունն է իրականացրել պետական գնումների ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ.

Էլեկտրոնային աճուրդները կարգավորող իրավական ակտերում առկա օրենսդրական բացերը սահմանափակում են մրցակցությունը:

Հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստացված բողոքի հիման վրա։ Ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են նախարարության կողմից 2018 թվականի նոյեմբերին իրականացված 2 էլեկտրոնային աճուրդները, որոնցով նախատեսվել է ձեռք բերել շուրջ 369 մլն․ դրամի սննդամթերք։ Գործող կարգի համաձայն՝ աճուրդի մասնակիցները պետք է ներկայացնեն գնային առաջարկներ,  ապա տեղի ունենա սակարկություն:  

Աճուրդում հաղթում է իր գնային առաջարկն ամենաշատը նվազեցրած և դրա արդյունքում ամենացարծր գին ներկայացրած ընկերությունը։ Հանձնաժողովը պարզել է, որ  վերոնշյալ աճուրդների մի շարք չափաբաժիններում հաղթող ճանաչված ընկերությունը հետագայում հրաժարվել է պայմանագիր կնքելուց՝ պատճառաբանելով, որ իր կողմից սխալմամբ է գնային առաջարկ ներկայացվել:

Արդյունքում, մատակարարման պայմանագիր է կնքվել հաջորդ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած ընկերության հետ, ինչի արդյունքում   աճուրդներն ընթացել են ոչ մրցակցային պայմաններում՝ առանց  սակարկման գործընթացի։

Օրենսդրությամբ նման դեպքերի կարգավորումներ նախատեսված չեն, ինչի հետևանքով  պետական մարմինները զրկվում են ապրանքներն ավելի ցածր գնով ձեռք բերելու հնարավորությունից։ Խնդրի հետ կապված՝ Հանձնաժողովը Ֆինանսների նախարարությանը առաջարկել է էլեկտրոնային աճուրդի միջոցով իրականացվող գնումները կարգավորող իրավական ակտերում իրականացնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան վերը նկարագրված դեպքերում աճուրդներն իրականացնել մրցակցային պայմաններում և կբացառեն գների սակարկման գործընթացի խոչընդոտները։

Որոշ պետական մարմինների կողմից տարածքների վարձակալության ծառայությունները ձեռք են բերվել ոչ մրցակցային եղանակով.

Նախորդ տարի մի շարք գերատեսչությունների կարիքների համար մեկ անձից գնում կատարելու եղանակով վարձակալվել են տարածքներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է շուրջ 153 միլիոն դրամ: Հանձնաժողովը համարում է, որ տարածքների վարձակալության ծառայությունները ձեռք են բերվել ոչ մրցակցային եղանակով, ինչը կարող էր նաև իր բացասական ազդեցությունն ունենալ բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության վրա։ Խնդրի հետ կապված ՀՀ մրցակցային մարմինը գրությամբ դիմել է լիազոր մարմիններին՝ առաջարկելով իրականացնել պետական սեփականության հանդիսացող տարածքների գույքագրում, որի արդյունքում ազատ տարածքները օգտագործման իրավունքով կարող են տրամադրվել դրա կարիքն ունեցող գերատեսչություններին: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, ոչ պետական սեփականություն հանդիսացող տարածքների վարձակալության պարագայում այն իրականացնել մրցութային եղանակով՝ մրցակցությունը խրախուսելու և բյուջետային միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով:

Պետական մարմինների կողմից տպագրական ծառայությունները ձեռք են բերվել ոչ մրցակցային եղանակով.

2018 թվականին մի շարք պետական մարմինների կողմից ձեռք են բերվել գրքերի և  ուսումնաօժանդակ նյութերի տպագրության ծառայություններ, որոնց շրջանակներում կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 1,5 միլիարդ  դրամ։ Այս գնման ընթացակարգերի շրջանակներում տպարանները պատվիրատուների կողմից ընտրվել են ոչ մրցակցային եղանակով՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով: Հանձնաժողովն առաջարկել է լիազոր մարմիններին  վերանայել վերոնշյալ պրակտիկան և մեկ անձից գնում կատարելու փոխարեն գործընթացը  կազմակերպել մրցակցային եղանակով:

 Կառավարության 2017 թվականի որոշման արդյունքում սահմանափակվել է մրցակցությունը մի շարք ոլորտներում.

Ուսումնասիրված բազմաթիվ մրցույթներում պատվիրատուների կողմից կիրառվել է մեկ անձից գնման ընթացակարգը: Այս հանգամանքը մեծամասամբ պայմանավորվել է Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ցանկի պահանջներով, որում ներառված ապրանքները և ծառայությունները կարող են ձեռք բերվել մեկ անձից: Մինչդեռ այդ ցանկում ներառված շատ ծառայություններ, օրինակ՝ պատվիրակությունների ընդունում, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, բանկային սպասարկման ծառայություններ և այլն,  հնարավոր է ձեռք բերել մրցակցային եղանակով և հետևաբար ավելի ցածր գներով՝  պայմանավորված շուկայում հնարավոր այլ մատակարարների առկայությամբ: Այս խնդրի լուծման նպատակով Հանձնաժողովն առաջարկել է թիվ 526-Ն որոշման մեջ իրականացնել փոփոխություններ և ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մրցակցային եղանակով։

Մրցույթների հրավերներում արձանագրվել են նաև կոնկրետ ապրանքային նշանների ուղղորդման դեպքեր, ինչն օրենքի խախտում է.

2018 թվականին անցկացված մի շարք մրցույթների տեխնիկական բնութագրերում պատվիրատուները հղումներ են կատարել որոշակի ապրանքային նշանների՝ նշելով կոնկրետ մեքենայի անվանում, պատճենահանման կամ լուսանկարահանման սարքերի արտադրողի անվանումը, բոլոր պարամետրերը և այլն: Որոշ դեպքերում էլ գնման առարկայի տեխնիկական բնութագրերը եղել են շատ մանրամասն և պարունակել են պահանջներ, որոնք կարող են վերաբերել միայն կոնկրետ ապրանքի։

Այս առնչությամբ Հանձնաժողովն առաջարկել է լիազոր մարմիններին մշակել և ներդնել պետական մարմինների կողմից գնումների շրջանակներում ձեռք բերվող ապրանքների տեխնիկական բնութագրերի միասնական չափորոշիչները սահմանող ուղեցույց, ինչը հնարավորություն կտա հնարավորինս բացառել տեխնիկական բնութագրերում խտրական պայմանների սահմանումը: 

Հանձնաժողովը շարունակելու է ուսումնասիրությունները պետական գնումների ոլորտում և լինելու է հետևողական՝ առկա խնդիրների վերացման և հավասար մրցակցային միջավայրի ձևավորման նպատակով:    


 Պիտակներ
         ՏՄՊՊՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb