Տիեզերական խորհրդածությունների այգի, Շոտլանդիա

Art News 02.01.2021   22:00   2498

Աշխարհի ամենազարմանալի այգիներից մեկը գտնվում է շոտլանդական Դամֆաս քաղաքում, որտեղ լանդշաֆտային դիզայներ Մեգի Քեսվիկ Ջենքսի նախաձեռնությամբ ստեղծվել է Տիեզերական խորհրդածությունների զարմանալի այգին։ Ոչ մեծ տարածքը ինքնատիպ այգու վերածելու գաղափարը դիզայների մեջ ծնվել է 1988 թվականին։ Այսօր այգու այցելուները կարող են տեսնել ամենազարմանալի լանդշաֆտային կառուցվածքներ, որոնք ցուցադրում են աշխարհաստեղծման տարբեր փուլերը ու միատեղ ներկայացնում են տիեզերքի փոքրացված մոդելը։

Այգու ամենակարևոր զարդերից մեկը զիգզագաձև աստիճանն է, որը 25 սանդղավանդակների միջև ընկած բաց տարածություն ունի։ Ամեն աստիճանը խորհրդանշում է տիեզերքի էվոլյուցիոն զարգացման որոշակի փուլը։ Այգում շատ ճարտարապետական կոմպոզիցիաներ գալարաձև են, որոնց յուրահատուկ ձևը հիշեցնում է ոչ միայն ԴՆԹ կառուցվածքը, այլ նաև աշխարհաստեղծման այլ երևույթներն ու ձևերը։

Այգում զբոսնելիս անսովոր ծաղկաթմբեր կնկատեք, որոնք խորհրդանշում են սև խոռոչները, ինչպես նաև հնարավորություն կունենաք տեսնել Ֆիբոննաչիի հաջորդականության ինքնատիպ մոդելն ու շատ երկրաչափական մարմիններ, որոնք այս կամ այն կերպ կապված են աշխարհաստեղծման գործընթացների հետ։

Ինքնատիպ այգում շատ գաղտնիքներ կան թաքնված։ Դրանցից մի քանիսի մութ անկյուններին հասնելու համար այցելուները պետք է հետաքրքիր խաչբառեր ու մաթեմատիկական խնդիրներ լուծեն։

Մեգի Քեսվիկ Ջենքսի մահվանից հետո այգին գտնվում է նրա ամուսնու՝ Չարլզ Ջենքսի հսկողության տակ։ Այցելությունների համար այն բաց է տարվա մեջ ընդամենը մի քանի օր։ Էքսկուրսիաներից ստացված հասույթը այգու տերը տրամադրում է քաղցկեղով հիվանդների օգնության բարեգործական ֆոնդին։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը


 Պիտակներ
         անսովոր զբոսայգիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb