Տղան հաղթել էր․ Հովհաննես Հովակիմյան

Հայեր 26.04.2021   20:30   110

Ու տղայի համար, մասնավորապես` էդ պահին, մոր համար, մասնավորապես` էդ հեռավորության վրա, հեղհեղուկ դարձան ամեն տիպի քաղաք, ամեն տիպի երկիր, տիպի մեջ առանձնացող` ամեն մասնավոր քաղաք ու երկիր, ամեն մանրամասնություն։

Ու տղան չգիտեր` հեղհեղուկ լողացող, պատռվող-կարվող էդ պատկերի մեջ ի՞նչ տեսավ, մայրը չգիտեր` հեռավորությունը տղայի՞ հանդեպ մեծացավ, թե՞ եղածը զգացածի պես մի բան էր, ու սևեռվել պետք չէր։

Լույսը բացվեց, չորսհարկանու չորրորդ հարկում քնած տղան վեր կացավ տեղից։

Լույսը բացվեց, գյուղի տանը մայրը դեռ մինչև լույսը բացվելն էր վեր կացել։

Տղան կիսամերկ, մանկական խարխափումներով քնահարամ խոհանոց մտավ չորսհարկանու չորրորդ հարկում։

Մայրը տնային խալաթը հագին դեռ մինչև լույսը բացվելը խոհանոցում նախաճաշը պատրաստած ուներ իր ու զառամյալ ամուսնու համար։

Տղան սուրճ եփեց, ստուգեց ծխախոտի ավել-պակասը, մտքում հաշվարկներ արեց` քանի հատ կարելի է ծխել սուրճի հետ, իսկ քանիսը թողնել տնից դուրս գալու ու քայլելու համար։

Մայրը` լույսը բացվելուն պես նախաճաշը սեղանին դրեց, դռան ճեղքից հայացք գցեց թախտին քնած ամուսնու եռեռումներին` անհարմար մահճակալում։

Տղան լուռ, հայացքը փոշոտ պատուհանին գցեց` տեսնելու չորսհարկանուց ներքև կամաց-կամաց ակտիվացող քաղաքի շարժը։

Մայրը դեռ սրտնեղում է ամուսնուն նախաճաշելու կանչելու համար։

Տղան վառեց առաջին սիգարետը ու հասցրեց իր դառնահամ սուրճից մի կում անել, երբ արևի շողը աչքը ծակեց, գլուխը կախեց տղան։

Մայրը նստել, իր գցած սեղանին է նայում` ամուսնու տանջանքին ականջալուր` խեղճը ոչ գիշերը քնեց, ոչ էլ հիմա։

Տղան ծխախոտի առաջին մոխիրը սուրճի բաժակի ափսեին կտտացրեց, հետո ինքն իր վարմունքի մեջ փնթիություն գտավ, սրտնեղեց։

Մայրը մի կտոր պանիր կտրեց, թրջած լավաշով փաթաթեց, զգաց` լավաշը շատ էր թրջել ու խմոր շոշափեց իր տանջված ձեռքում։

Տղան տունը երազեց։

Մայրը որդու` իր գցած հացից մի կտոր ուտելիս տեսավ` աչքը խաղաց, խոնավությունը շոշափվեց կոպերում, հայացքը ներքև իջավ, խոնավությունը գնդվեց ու կախվեց կոպերից։

Տղան խոր հոգոց հանեց ու խորը քաշեց ծխախոտը` պահելով ներսում։ Ներսը լցրեց ծխով։

Մայրը ամսուսնու չարչարանքը տեսավ` վեր կենալու, մեջքացավից ջղաձգվող դեմքը տեսավ ու ձայնը լսեց` դանակով ձեռքը միամիտ կտրելու, ու սվվացող ձայն։

Տղան սուրճի վերջին կումը արեց` հայացքը բաժակի տակին, զգուշորեն, վախվխելով մրուրը սուրճի հետ չխառնել, ապահովություն գտնելով տեսանելիքի մեջ։

Մայրը պանիրը հրեց ամուսնու առաջ, հայացքը գցեց տանջված աչքերին, ձայն չհանեց, մի կտոր էլ կերավ պանիր-հացից ու դուրս եկավ։

Տղան լվացվեց չորսհարկանու չորրորդ հարկում, միզեց զուգարանում` ջանալով չաղտոտել նստարանը, հագավ երեկվա շորերն ու դուրս եկավ տնից` երկու ծխախոտ գրպանում։

Մայրը հավերին կերակրեց։ Նայեց ժամին` ժամը թռել էր հարևանի աղավնու պես։

Տղան երթուղային նստեց։

Մայրը նստեց ծառի շվաքին ու խաղ արեց քաղհանից ցեխոտված ձեռքերի հետ` մի մատով մյուս ձեռքի գիծ-կնճիռների վրայով անցնելով։

Տղան երթուղայինում ռադիո լսեց։

Մայրը լսեց հարևանների խոսակցությունը, քմծիծաղեց, վեր կացավ տեղից ու շարունակեց չոքել իր հողի վրա` քաղհան անելու։

Տղան լսեց, լսեց, լսեց ռադիոն, դեմքում մանկությունը կորավ, դեմքին կարոտը գծվեց ու, կորավ տղան ինքը իր մեջ։

Մայրը հայացք գցեց բակ դուրս եկող ամուսնու կողմը։ Ամուսինը բահը վերցրեց ու այգին մտավ։

Տղան կարոտեց հորը։ Մոր մասին մոռացավ։

Մայրը խղճաց հորը, երազեց` տղան լիներ բահով հիմա։

Տղան իջավ երթուղայինից ու ոչ թե մոռացավ, այլ չցանկացավ կամ ափսոսաց ծխել։

Մայրը ոտքերը հանեց ու տուն մտավ։

Տղան նորից հորը տեսավ` աչքերի դեմ։ Ամուր գրկեց, հետո բաց թողեց` հիշելով հոր ցավը մեջքում, հետո ինքն իր հասցրած ցավից ծալվեց հոգեպես, հետո մի բուռ դառավ ցավի համար, հետո հետ հրեց հորը, հոր աչքերում հպարտություն տեսավ։

Մայրը նստեց դրսի թախտին ու օֆ քաշեց` դարպասի դռանը նայելով. մայրը որդուն տեսավ, ուզեց ասի` ուր ես թողել գնացել մեզնից, հետո նայեց ամուսնուն, ամուսնու մեջ տեսավ որդուն, սիրտը տեղը ընկավ, ուզեց ասի` լավ ես արել գնացել ես, մնաս` ինչ անես, հորդ օ՞րն ընկնես։

Տղան իր պես տղաների շարքում կանգնեց` անծպտուն։

Մայրը հարևանի կնոջ հետ սուրճի նստեց։

Տղայի անունը կարդացին` մի քայլ առաջ գնաց։

Մայրը տեսավ հարևանի կնոջ որդուն ու նախանձեց։

Տղան տեղավորվեց մեքենայի թափքում, ուզեց` չկեղտոտի հագուստը, հիշեց ուր գնալը, չմտածեց կեղտոտության մասին, հանգիստ նստեց հողոտ թափքում, սիրտը սեղմվեց. մայրը կարծես ձեռքով աներ իրեն դրսից։

Մայրը հարևանի կնոջ հետ ռադիո միացրեց։

Տղան նորից հիշեց ռադիոյով լսածը։

Մայրը երազեց տղային կողքին նստած ու պարապ տեսնել։

Տղան երազեց մորը աչքերի առաջ էլ չտեսնել, որ մի բուռ չդառնա։

Մայրը ծալվեց տղայի մասին իր չիմացությունից։

Տղան հոր ու մոր մասին իր իմացությունով գոտեպնդվեց ու հանդարտ մնաց արդեն հեռացող մեքենայի թափքում։

Մայրը տղայի մասին իր չիմացության մեջ գտավ նաև հանգստություն. կա՛մ-կա՛մ. հավասարություն։

Տղան տեղ հասավ երեկոյան։

Մայրը երեկոյան էլ չզսպվեց։

Տղան մոռացավ հոր ու մոր մասին` իջնելուն պես։

Մոր աչքի առաջից չհեռացավ տղան մութն ընկնելուց հետո։

Տղան զենքը վերցրեց ձեռքը։

Մայրը սրբեց աչքերը` չեղած բանի համար լաց չեն լինում։

Տղան լսեց իրենց պատրաստող մեկ-երկու խոսք։

Մայրը լսեց տղայի ձայնը խուլ ականջներում։

Տղան մթության մեջ ավելին տեսնելու հնարավորություն գտավ։

Մայրը ամուսնու տանջանքը տեսավ չոր թախտի վրա, ու խղճաց մարդուն` ասելու պատերազմի մասին։

Տղան առաջին պայթյունը լսեց հարյուր մետրի վրա։

Մայրը շուռ եկավ անկողնում` գիտակցությունը անջատ պահելու հուսահատ քայլ դիտարկելով։

Տղան կրակեց առաջին փամփուշտը` մթության մեջ, ու վեր թռավ ինքն իր արարքից։

Մայրը քուն մտավ լուսաբացին։

Տղան երեք լուսաբաց արթուն անցկացրեց։

Մայրը երեք լուսաբաց նոր-նոր քուն մտավ։

Տղան կողքի ընկերների մարմինները շալակեց ու թափքին դրեց։

Մայրը ամեն օր գյուղի պատերին ցուցակներ նայեց, ինքն էլ չգիտի` որդու անունը փնտրելու՞, թե՞ որդու անունը հանկարծ չգտնելու հույսով։

Տղան անքուն աչքերով կողքերը նայեց ու քաղաքից իր հետ պատերազմ եկած տղերքից ոչ մեկին չգտավ։

Մայրը հարևանի կնոջը սեղմեց կրծքին, մի քանի օր առաջ իրենց բակում հարևանի տղային տեսնելուց հետո ունեցած իր նախանձը չքվեց։

Նախանձը մտավ հարևանի կնոջ մեջ` մոր հանդեպ։ Չիմացությոյնը դեռ հույս էր։ Չիմացությունը մթություն էր, իսկ մթության մեջ ամեն ինչ կար, բայց կար և ոչինչ։

Տղան սկսեց սովորական ընդունել պայթյունները։

Մայրը մոռացավ տղայի դեմքը ու տղայի մասին մտածելիս սկսեց հիշել գյուղի պատերին փակցված ցուցակները։

Տղան մենակ մնաց պոստում։

Մայրը կանգնեց փոստատարի հետևում, ու սկսեց կարդալ դեռ նոր փակցվող ցուցակները` փոստատարի ձեռքերի միջից։

Տղան կողքերը նայեց` ոչ ոքի չգտավ կանգնած։

Մայրը վերջին ցուցակին հասավ ու խոր շունչ քաշեց։

Տղան առաջը նայեց ու սկսեց անկանոն կրակել։

Մայրը ցուցակի վրայով անկանոն սկսեց սահեցնել աչքերը` հույս ունենալով արագությամբ մեղմել սրտի զարկերը։

Տղան ջերմություն զգաց կրծքին։

Մոր աչքերը սառեցին տողերից մեկում։

Տղան շոշափեց տաքացող կուրծքը։

Մայրը մատը դրեց տողի վրա։

Տղան նայեց շոշափած տեղին։

Մայրը նայեց մատը դրած տողի սկզբից մինչև վերջ։

Տղան գարուն երազեց։

Մայրը գտավ համապատասխանությունը բոլոր թվերի։

Տղան կարոտեց մորն ու հորը։

Մայրը անձայն ծալվեց փողոցում։

Ու տղայի համար, մասնավորապես` էդ պահին, ու մոր համար, մանսավորապես` էդ հեռավորություն վրա, հեղհեղուկ դարձան ամեն տիպի քաղաք, ամեն տիպի երկիր, տիպի մեջ առանձնացող` ամեն մասնավոր քաղաք ու երկիր, ամեն մանրամասնություն։

Տղան հաղթած տուն եկավ։

Մայրը չնայեց ամուսնու դեմքին, որ ցավից չջլատվի։

Տղային հաղթած տուն բերին։

Հայրը իրեն պարտված կարծեց, բայց հաղթել էր։

Տղան հաղթել էր։

Հաղթել էր։

Տղան։

Հաղթել էր։

Աղբյուրը՝ granish.org


 Պիտակներ
         Հովհաննես Հովակիմյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb