Թեհրանը չի ցանկանում կորցնել Կենտրոնական Ասիան

Աշխարհ 08.04.2021   15:00   35

Armenpress.am-ի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր կենտրոնաասիական շրջագայությունն սկսել է ապրիլի 5-ին՝ այցելելով Ուզբեկստան: Իրանցի դիվանագետի ուշադրության կենտրոնում են նաեւ Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ղազախստանն ու Տաջիկստանը: Թեհրանի համար Չինաստանի հետ համապարփակ պայմանագրի ստորագրումից հետո կարեւոր է ինտեգրվել աշխարհատնտեսական նախագծերին եւ վերականգնել կորցրած դիրքերը տարածաշրջանում՝ սեփական աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար, իսկ այդ տեսանկյունից այցելությունն այդ երկրներ օդի եւ ջրի պես կարեւոր է Իրանի համար:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կենտրոնական Ասիա է ժամանել Թեհրանի ու Պեկինի միջեւ կնքված 25-ամյա համապարփակ համաձայնագրի ստորագրումից հետո, որի պայմանների համաձայն՝ չինական կողմն ավելի քան 400 մլրդ դոլար է ներդնելու իրանական տնտեսության մեջ: Չինական գումարները կուղղվեն նավթի, օգտակար հանածոների արդյունահանմանը, իրանական արդյունաբերության զարգացմանը, գյուղատնտեսությանը եւ տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությանը: Փոխարենը Չինաստանն իրանական նավթ ու գազ կստանա:

Ուշագրավ է, որ Չինաստանի ու Իրանի միջեւ համաձայնագիրը պատրաստ էր ստորագրման դեռեւս 2019 թ.: Սակայն այն ժամանակ չինական կողմը որոշեց սառեցնել գործընթացը: Եվ միայն այն բանից հետո, երբ ձախողվեց իրանա-ամերիկյան գագաթնաժողովը, չինացիները հասկացան, որ այլեւս չի ստացվի նորմալ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ, եւ ստորագրվեց պայմանագիրը Թեհրանի հետ:

Այս համաձայնագիրն Իրանի համար լուրջ եւ երկարաժամկետ ներդրող է ապահովում, իսկ Չինաստանին տալիս է նավթ եւ գազ: Այլ հարց է, թե ինչ գնով: Չինաստանը միշտ օգտվել եւ օգտվում է իր գործընկերների ծանր վիճակից՝ ձգտելով վաստակել դրա շնորհիվ: Բոլորին է հայտնի, որ Իրանն իր միջուկային ծրագրի պատճառով հայտնվել է ամերիկյան սահմանափակումների ճնշման տակ, իսկ եթե նշված համաձայնագիրը գործի, ամերիկյան պատժամիջոցների «պատը» հզոր հարված կստանա եւ պարզապես կճեղքվի:

Ավելին՝ այդ պատն ընդհանրապես կքանդվի, եթե Իրանը, որպես մշտական անդամ, մտնի Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ, որի անդամներից մեկը Հայաստանն է: Այդ մասին հայտարարությունը դեռ փետրվարին է հնչել, երբ Իրանի խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն այցելեց Մոսկվա: Իրանը կարող է լինել առաջին երկիրը, որն այս ճանապարհով ցույց կտա, որ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների պատժամիջոցները տոտալ բնույթ չունեն: Հաջողության դեպքում իրանական փորձը կկիրառվի նաեւ այլ երկրներում, որոնք գտնվում են սահմանափակումների տակ:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb