Տեղահանված արցախցիներն օգտվում են անվճար բուժծառայություններից

Իրադարձային 13.01.2021   14:00   39

Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հետևանքով տուժած և Արցախի իրենց բնակավայրերից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում  օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ծառայություններից: Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի որոշման լրացումների համաձայն՝  անվճար բուժծառայությունները  ներառում են նաև  արտահիվանդանոցային  ծառայություններ: Հայաստանում՝    իրենց բնակության վայրերում, արցախցիները կարող են գրանցվել  նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունում և ընտանեկան բժշկի վերահսկողության ներքո՝  օգտվել  արտահիվանդանոցային բոլոր  ծառայություններից՝ ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:

Հիվանդանոցային բացառապես անվճար ծառայություններն ընդգրկում են նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվողները,  սրտի, լեղապարկի վիրահատությունները, նյարդավիրաբուժականն ու ակնաբուժականը և այլն: Ընդ որում՝ անվճար ծառայությունների թվում  են՝  ինչպես վիրահատական,  այնպես էլ՝ հետվիրահատական՝ վերականգնողական ու խնամքի   բուժօգնությունը:

ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝  հաստատված է նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների կարգը, որտեղ թվարկվում է  մատուցվող ծառայությունների ցանկը: Այդ շրջանակից դուրս մյուս ծառայությունները տրամադրվում են վճարովի հիմունքներով: Տեղահանված արցախցիններն անվճար բուժծառայություններից օգտվելու համար կարող են դիմել ցանկացած բուժհաստատություն, որտեղ կա համապատասխան պետական պատվեր»,- մանրամասնեց ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուն:


 Պիտակներ
         բուժծառայություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb