Տավուշում ջրից տուժած 7 բնակչի մոտ հայտնաբերվել է «Շիգելլա զոնե»

Իրադարձային 06.01.2021   12:12   63

Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում  Նոյեմբերյանի տարածաշրջանի Նոյեմբերյան քաղաքի, Բաղանիս, Ոսկեվան, Կողբ և Կոթի բնակավայրերի 14 բնակչի մոտ արձանագրվել են աղիքային ինֆեկցիայի դեպքեր:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 7-ի մոտ հանյտնաբերվել է «Շիգելլա զոնե», մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ այս պահին հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 6 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլորն օգտագործել են Ջուջևան բնակավայրի մայրուղու հարևանությամբ գտնվող աղբյուրի ջուրը:

Հետազտությունների արդյունքում պարզվել է, որ ջուրը չի համապատասխանում սանիտարահամաճարակային կանոնների պահանջներին, ինչպես նաև հայտնաբերվել են ջերմակայուն կոլիֆորմ մանրէներ, ինչը վկայում է ջրի աղտոտվածության մասին:
Այս պահին նշված աղբյուրի ջրամատակարարումը դադարեցված է, աղտոտման պատճառների հայտնաբերման նպատակով աշխատանքներն ընթացքի մեջ են:  Համայնքապետարանի կողմից պլանավորվում է իրականացնել նաև ջրամատակարարման կառույցների ախտահանման աշխատանքներ, իսկ աշխատանքների ավարտից հետո ջուրը կենթարկվի կրկնակի լաբորատոր  հետազոտության հետագա օգտագործման հարցը որոշելու նպատակով:

Աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով, դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է բոլոր շահագրգիռ կողմերին, իսկ նշված բնակավայրերում բնակիչների շրջանում իրականացվել են իրազեկման աշխատանքներ:


 Պիտակներ
         «Շիգելլա զոնե»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb