Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները կվերսկվեն

Իրադարձային 22.12.2020   13:00   74

Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերանորոգման, վերականգնման աշխատանքները կշարունակվեն: Շինարարական աշխատանքները դադարեցվել էին երկու հիմնական պատճառով՝ սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված փոխվեցին առաջնահերթությունները, զորակոչվեցին շինարարական բրիգադների մասնակիցները:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը որոշում է կայացրել ապահովել մնացած գումարի ամբողջական ֆինանսավորումը: Առաջիկա օրերին գումարն ամբողջապես կհատկացվի շինարարական կապալառու կազմակերպություններին, արդյունքում ոչ միայն աշխատանքները կվերսկսվեն, այլև ամբողջությամբ կվճարվեն կրեդիտորական պարտքերը: 

«Երբ կապալառու կազմակերպությունները կստանան ֆինանսավորումը, իմ հանձնարարությամբ ձեռնամուխ կլինեն այն խնդիրների լուծմանը, որոնք խանգարում են բնակիչների կենսապահովմանը:

Ասեմ, որ կան որոշ աշխատանքներ տներում, բայց հիմնականում մնացել են փողոցային հարդարման, ցանկապատների, դարպասների հետ կապված հարցերը, որոնք կտեղափոխվեն հաջորդ տարի: Աշխատանքների ամենամեծ ծավալն Այգեպար գյուղում է, որտեղ մի քանի տասնյակ տներ գրեթե հիմնովին վերանորոգվել են, երկրորդը՝  Ներքին Կարմիրաղբյուրն է:

Չինարիում զրոյից նոր տուն է կառուցվում, որի արտաքին աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Ասեմ, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում մի քանի կրթական հաստատություններում: Սահմանային գյուղերում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել բնակչության պատսպարման հնարավորությունների հետ կապված»,-ասաց մարզպետը: Հուլիսյան մարտերից տուժել են Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերը: Հրետակոծություններից հետևանքներ են եղել Մովսեսում և Բերդ քաղաքում: Ընդհանուր առմամբ, հուլիսյան մարտերից հետո վերականգնման բոլոր ծրագրերի ֆինանսավորումը գերազանցում է 400 մլն-ը: 

Պատերազմից հետո մարզում որքանո՞վ են փոխվել առաջնահերթությունները: Հայկ Չոբանյանի խոսքով, առաջնահերթություններն առանձնապես չեն փոխվել: Դրանք մնացել են նույնը: Նա ընդգծեց, որ պատերազմից առաջ նույնպես զբաղված էին մարզի անվտանգային համակարգի բարելավման գործով՝ պատսպարում, իրազեկում, լոգիստիկ համակարգ և այլն: Այդ համատեքստում նա կարևորեց աշխարհազորի ստեղծումը: 

«Անվտանգային համակարգի տեսանկյունից ոչ պակաս կարևոր է տնտեսական խնդիրների լուծումը, որովհետև դրանք ուղղակիորեն կապված են ոչ միայն եկամուտներ ապահովելու հետ, որոնք հնարավոր կդարձնեն մեր պաշտպանական համակարգերի բարելավումը, այլև դա ուղղակիորեն ազդում է սահմանում ապրող մարդու կեցության, ապրելու հաստատակամության վրա»,-ասաց նա:


 Պիտակներ
         Տավուշում հուլիսյան մարտեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb