Տավուշում հուլիսյան գործողությունների համեմատական դադարից հետո հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են

16.09.2020   18:03   40

Տավուշում հուլիսյան գործողությունների համեմատական դադարից հետո տվյալ ուղղության վրա հրադադարի խախտումները համարյա կրկնակի ավելացել են: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե կա՞ արդյոք սահմանին լարվածություն հուլիսյան դեպքերից հետո:

«Հույս ունենք՝ մեր համապատասխան գործողությունների արդյունքում՝ դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,-ասաց նա:

Անդրադառնալով այսօր զոհված զինծառայողին՝ պաշտպանության նախարարը ԱԺ նիստերի դահլիճում գտնվողներին նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զինծառայողի հիշատակը:

Նա ասաց, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են աշխատանքներ՝ չեզոքացնելու մեր դիրքապահների և մեր դիրքերի գերակայությունը և առավելությունը, այդ իսկ պատճառով օգտագործվում են տարբեր տրամաչափի զենքեր:

«Այս իրավիճակն արդեն մոտ երկու շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Երեկ ադրբեջանցիները, ունենալով վիրավոր, ահազանգեցին այս խնդրի վերաբերյալ, այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևիցե մեխանիզմ: Այսօր, ցավոք, զոհ ունենք, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվել»,-ասաց պաշտպանության նախարարը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb