Տասը տարվա դադարից հետո «Դորիանս»-ը կվերադառնա նոր երգով

Muzic 03.04.2021   21:15   86

«Դորիանս» ռոք խմբի անդամները տասը տարվա  դադարից հետո կմիավորվեն և երկրպագուներին կներկայացնեն «Մենք պիդ կանգնինք» երգի տեսահոլովակը:

Այս մասին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է պրոդյուսեր Վահագն Գևորգյանը, որը տարիներ շարունակ համագործակցել է «Դորիանսի» հետ:

«Պատերազմի օրերին, երբ ակնհայտ էր, որ մեր փրկությունը մեր միասնական լինելու և համախմբվելու մեջ է, միտք առաջացավ միավորելու մի թիմ, որը գրեթե տասը տարի գոյություն չունի։ Միավորվել և կատարել մի աշխատանք, որը կոգևորի մեր ազգին։ Խոսքս «Dorians»-ի մասին է։ Պատերազմն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց, և հիմա մենք պարտավոր ենք ոտքի կանգնել հանուն այն տղերքի, որոնք զոհվեցին, հանուն նրանց ընտանիքների, հանուն մեր երեխաների և մեր երկրի ապագայի»,- գրել է պրոդյուսերը:

Նա շեշտել է, որ Վարդան Զադոյանի, Գոռ Սուջյանի, Արման Փահլեվանյանի, Արման Ջալալյանի, Էդգար Սահակյանի, Արտյոմ Մանուկյանի հետ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ ցույց տալու, որ դա հնարավոր է:

Գևորգյանի խոսքով՝ մենք ազգովի պարտավոր ենք միավորվել, առավել ևս հիմա։ «Չկիսել ու չկիսվել։ Չատել ու միայն սիրել։ Հարգել զոհերին և միմյանց։ Միայն այսպես մենք կկանգնենք։ Երգը, որը շուտով մենք կներկայացնենք, կոչվում է «Մենք պիդ կանգնինք»: Երաժշտությունը գրել է Գոռ Սուջյանը, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է»,-նշել է նա:

Մարտի 31-ին ավարտվել են տեսահոլովակի նկարահանումները: Հոլովակի սցենարիստ և ռեժիսոր՝ Վարդան Զադոյան, օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, դերասանը՝ Հայկ Իսրայելյանը:


 Պիտակներ
         «Դորիանս»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb