Թանսու Չիլլերը հնարավոր է նշանակվի Թուրքիայի ԱԳ նախարար

Աշխարհ 30.03.2021   15:20   34

Թուրքական «Sözcü» ընդդիմադիր թերթի թղթակից Ռահմի Թուրանն իր սյունակում անդրադարձել է Թուրքիայում սպասվող նոր փոփոխությունների մասին կուլիսային քննարկումներին: 

Նշենք, որ ըստ այդ քննարկումների՝ կադրային փոփոխություններ են նախատեսվում Թուրքիայի կառավարության կազմում: 

Լրագրողի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կուլիսներում խոսակցություններ են ծավալվում, թե Թուրքիայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվելու երկրի նախկին վարչապետ Թանսու Չիլլերը: Միևնույն ժամանակ շեշտում է, որ այդ լուրերը կարող են չհամապատասխանել իրականությանը: 

«Խոսակցություններ կան, թե Թանսու Չիլլերն իր վարչապետության տարիներին ամերիկյան լոբբիստների հետ լավ հարաբերություններ է կառուցել, բացի այդ նա կհալեցնի էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև սառույցը, Թուրքիայի և ԱՄՆ վարչակազմի միջև «կամուրջներ կգցի» և Լոնդոնի ֆոնդային բորսաներից կարող է պարտքով գումար գտնել»,- գրել է Թուրանը: 

Լրագրողի համար հարցական է՝ արդյոք Չիլլերը կընդունի արտգործնախարարի պաշտոնը, բայց ամեն դեպքում Թուրանի համոզմամբ՝ վերոթվարկյալից ոչ մեկը Չիլլերը չի կարողանա իրագործել: 

«Նրանք, ովքեր երազում են վերականգնել Թուրքիայի միջազգային հեղինակությունը, այդպես էլ կմնան իրենց երազանքների հետ: Կամուրջների տակից շատ ջրեր են հոսել, ժամանակները փոխվել են»:

Հիշեցնենք, որ Թանսու Չիլլերը թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ է և առաջին և միակ կինն է, որը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել է 1990-ի նոյեմբերից՝ համալրելով պահպանողական «Ճշմարիտ ուղի» (Doğru Yol) կուսակցության շարքերը։ 1991 թվականին դարձել է թուրքական մեջլիսի անդամ՝ Ստամբուլից։

Սուլեյման Դեմիրելի կոալիցիոն կառավարության օրոք զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի հունիսին դարձել է միևնույն կուսակցության առաջնորդը։ 1996-1997թթ. զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի հունիսի 25-ից մինչև 1996 թվականի մարտի 6-ը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Նրա կառավարման օրոք կնքվել է մաքսային համաձայնագիրը՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև։ 2002 թվականին վերջնականապես հեռացել է մեծ քաղաքականությունից։ 

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ
         Թանսու Չիլլեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb