Թաղման մասնակցությունն՝ իբրև «երկնատուր պարգև»…

Հարցազրույց 25.04.2020   10:00   45520

Ծաղրանկարի գաղափարը՝ Արբակ Խաչատրյանի

Կատարումը՝ Սուքիաս Թորոսյանի (TOTO)

Մարդկությունը շարունակում է փրկության ելքեր  որոնել պարտատիրոջ պես խիստ անսպասելի ու տարաժամ հայտնված «Covid-19» համավարակի ճիրաններից:  Ընկրկելու մտադրություն  չունեցող, օրավուր շառավիղն ընդլայնող համավարակն իր անկանխատեսելի վարքով  իրական գլխացավանք է դարձել ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև այս աշխարհի թագակիր ու անթագակիր արքաների համար:                                                                                            

Իսկ որն է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, ձեռնարկվելիք ինչ քայլեր են անհրաժեշտ՝ մարդկությանը պատուհասած աղետից խուսանավելու համար: Այս մասին է զրույցը՝ հեռահար կանխատեսումներով հայտնի քաղաքական վերլուծաբան Արբակ Խաչատրյանի  հետ:

- Պարոն Խաչատրյան, դատելով միջազգային լրահոսից՝ իրավիճակը գնալով ծանրանում է, անորոշությամբ պայմանավորված վախը ձնագնդի էֆֆեկտով գնալով սաստկանում է: Ապագայի մռայլ կանխատեսումներն ամենևին էլ սփոփիչ չես կարող համարել: Հետաքրքիր է, թե Դուք ինչպե՞ս եք գնահատում  իրավիճակը:

- Պատկերավոր արտահայտվելու դեպքում կօգտվեմ դասական «զինանոցից». «Եկել է՝ քարերը հավաքելու ժամանակը»… Թարգմանաբար սա նշանակում է, որ «գործին» սկսել է խառնվել Մայր Բնությունը: Հերթական անգամ եկել է  պատճառահետևանքային կապի և հաղորդակից անոթների օրենքների վերահաստատման ժամանակը: «Որմնադիրների» կողմից դրված ծուռ անկյունաքարն էլ հանգեցրել է  գործող աշխարհակարգի ճգնաժամին ու մարդկությունը հայտնվել է իր իսկ փորած  մահաբեր փոսում:

- Կխնդրեի փոքր-ինչ բացել փակագծերը:

- Բարի: Իմ դիտարկմամբ «աշխարհ» կոչվող օրգանիզմը ռախիտիկ կազմվածք ունի: Մեծ գլուխ՝ և վտիտ մարմին: Օրգանիզմ, որի մի հատվածը  մինչ ծաղկում ու բարգավաճում է, մնացյալ հատվածը տառապում է փտախտից: Այս ամենն ինձ գերեզմանների վրա կազմակերպված պարահանդես է հիշեցնում: Դարեր շարունակ հարստահարվել են ոչ միայն մարդիկ, այլև այլ բառ չեմ գտնում, ուղղակի հոշոտվել է Երկիր մոլորակը: Հանուն մի քանի ընտանիքի բարօրության, աշխարհը հայտնվել է կործանման եզրին: Մայր Երկրի ընդերքն են ամայացրել, երակների «արյունը» սմքեցրել: Ու մի օր,  այդ ամենը բերելու էր իր տրամաբանական ավարտին: Փիլիսոփաներից մեկի՝ «Անոթը, որի միջից հանված է օդը, նույն ուժգնությամբ է պայթում, ինչ՝ վառոդով լցված անոթը»  ձևակերպումը  առավել քան ճշգրիտ է տալիս ստեղծված իրավիճակի նկարագրությունը: Ու հիմա՝ Մայր մոլորակի  պաշտպանությամբ ու տիեզերական ներդաշնակության պահպանմամբ  հարկադրված է զբաղվել Բնությունը: Այլ կերպ՝ Տիեզերքում գործող Բումերանգի օրենքն է իր իրավասությունների մեջ մտնում:

- Դուք փոքր-ինչ չե՞ք խտացնում գույները, չե՞ք դրամատիզացնում իրավիճակը: Մարդկանց գերակշիռ մասն  առավել քան համոզված է, որ սա էլ է անցնելու , մարդկության ոսկե էլիտան էլ՝ վստահ իր ամենակարողության ու անպատժելիության մեջ, շարունակելու է իր «հաղթական»  ընթացքը:

- Հետաքրքիր է, որտեղի՞ ց այդ ինքնավստահությունը: Հասկացեք, ի վերջո, գործողության մեջ է մտել մի վիրուս, որի վերացման դեմ անկարող են անգամ այս աշխարհի հզորները: Նրա դեմ ոչ զենքով, ոչ ֆինանսական միջոցներով, ոչ էլ որևէ այլ կերպ հնարավոր չէ պայքարել, բացի՝ գիտակցության  ու ինքնազսպման հաշվին Երկիր մոլորակի իմունիտետը, դիմադրողականությունը բարձրացնելուց: Ներկա պահին, ինքը՝ Երկիր մոլորակն է այնքան հիվանդ, որ ունակ չէ փրկել իր իսկ հոգեզավակներին՝ մոլորակի բնակչությանը: Ու ամենևին էլ կապ չունի, դա բնածին, թե լաբորատորիաներում «երկնած» վարակ է:

Եթե մարդկությունը չվերանայի իր ապրելաձևը, դեմքով չշրջվի դեպի Մայր Բնությունը, փորձություններն էլ ավելի են ուժգնանալու: Չէ, չէ, դուք մի պահ պատկերացրեք, թե ինչ իրավիճակում են հայտնվել մարդիկ:

Այլ երկրներում մտերիմների կորցրած մարդկանց հուղարկավորության մասնակցությունն է անգամ անհնարին դարձել: Մայրերը զրկվել են իրենց երեխաներին գրկելու, մարդիկ՝ միմյանց ձեռք սեղմելու, միմյանց ողջագուրվելու հնարավորությունից: Ու զավեշտալին գիտեք որն է, որ այս ամենի կորուստը գիտակցելու փոխարեն, մարդիկ  առաջնային են շարունակում համարել բանկերին ու նավթի գնին առնչվող հարցերը:                                    

Կորոնավիրուսը բանտել է բոլորին: Բանտել է, եթե չասենք վերջնագիր, ապա դեղին քարտ  ներկայացնելով: Ու մարդիկ, լինեն ռոքֆելլերներ, ռոտշիլդներ, թե սովորական մարդիկ, հայտնվել են միևնույն՝ խիստ երերուն մակույկում:

- Դավադրությունների տեսության սիրահարներն այն համոզմանն են մնում, որ սա մարդկության մի հատվածի  (հասկանալ՝ «բալաստ») բեռնաթափման հաշվին սեփական ակտիվները համալրելու հնարք է, մարդկանց թշվառության հաշվին սեփական քսակները լցնելու միջոց: Համակարծիք եք սրան:

- Ինչպես ընդունված է ասել, վախի աչքերն իրավ որ մեծ են: Թեպետ ճշմարտության հատիկ կա նաև՝ «Անկրակ ծուխ չի լինում» դիտարկման մեջ: Չէ, իհարկե, ես այդ կարծիքին չեմ:Ավելին, այն համոզմանն եմ , որ աշխարհը ստրկացրած բանկային համակարգն ի վերջո փլուզվելու է ու մենք դառնալու ենք այդ համակարգի հոգևարքի ականատեսը: Գործող տնտեսական համակարգն էլ է հիմնիվեր փոխվելու: 

- Հա, ի դեպ, ավելորդ չեմ համարում ընթերցողներին հիշեցնել, որ գործող բանկային ու տնտեսական համակարգի կոլապսի մասին Դուք կանխատեսել էիք դեռևս քսան տարի առաջ, ինչի մասին քանիցս բարձրաձայնել եք Ձեր հրապարակումներում և ՌԴ իշխանություններին ուղղված Ձեր բաց նամակներում, որոնք, սակայն, այդպես էլ մնացել են անարձագանք: Լավ, այնժամանակ ականջալուր չեղան, հիմա ինչ կարող եք նրանց հուշել: 

- Իրավացի եք: Գործող բանկային և տնտեսական համակարգի փլուզման  մասին  ես բարձրաձայնել եմ դեռ շատ տարիներ առաջ : Հասկանում եք, շոշափելի արդյունք չստեղծած, վաշխառության հաշվին անհաշվելի միջոցներ կուտակած բանկերն իրենց տերերով հանդերձ իսկական պատուհաս են դարձել թե՛ իրենց երկրների, թե՛ համայն մարդկության համար: Ցավալին այն է, որ «զորահանդեսի կոմանդորները» ցանկություն իսկ չունեն հրաժարվելու իրենց արատավոր գործելակերպից:  Ավելին, նրանք համոզված են իրենց իրավացիության մեջ:

Նրանք իրենց բարերարներ են համարում:  Օսկար Ուայլդի պարադոքսալ մտքերից մեկը՝ «Մարդիկ բոլորն էլ բարոյական են, անբարոյական են միայն նրանց մերձավորները»՝ խիստ պատշաճում է նրանց մոտեցմանն ու մտածելակերպին:  Նրանք ընտրել են սեփականության անձեռնմխելիության  «սուրբ  օրենքի» գործարկման տարբերակը:

Ու ամեն ինչ նույն կերպ էլ կշարունակվեր, եթե չլիներ «օրը ցերեկով» ճայթած պայթյունը:  Այն կարծիքին եմ, որ  բանկերը պետք է զերծ լինեն սեփական միջոցներ ունենալուց  և ընդամենը պետք է իրականացնեն իրենց վերապահված միջնորդի դերը՝ պետության և գործարարների միջև, ու ոչ ավելին: Նոր իրավիճակում  երկրների ղեկավարները քաջ գիտակցելով կատակլիզմների  հնարավորությունը, մինչ նոր համակարգի ստեղծումը հիշատակված մեծահարուստների  կուտակած միջոցները ( դիմանալու նպատակով) պետք է բաշխեն մարդկանց: Սա իմ՝ մասնավոր կարծիքն է: 

- «COVID-19»-ը մարդկանց հարկադրում է վերանայել ու սրբագրել իրերի ընթացքի հանդեպ ունեցած երբեմնի պատկերացումները:Ես Ձեզ ճի՞շտ հասկացա, Դուք տրամաբանական նույն հոլովույթո՞ւմ եք դիտարկում նաև սահմանային վեճերն ու տարածքային խնդիրներին առնչվող հարցերը: Հետաքրքիր է լսել Ձեր տեսակետը: Ի՞նչ կարծիքի եք, օրինակ, համավարակի պայմաններում Արցախում անցկացված նախագահական ընտրությունների մասին: 

- Ես երբեք չեմ առանձնացել ամբոխահաճ վարքով, ուստի, կլինեմ առավել քան անկեղծ: Աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում նախագահական ընտրությունների անցկացումն Արցախում, ըստ իս, իր մեջ արկածախնդրության որոշակի չափաբաժին էր պարունակում: Տարածքների վերադարձին առնչվող  Լավրովի հայտարարությունը ես դրա ուղղակի շարունակությունն եմ համարում: Սա քննարկման  այլ նյութ  է, որին կարելի է անդրադառնալ առանձին:

Ուղղակի ասելիքս ընկալելու առումով լրագրողներիդ խորհուրդ կտայի տարածքային վեճերին առնչվող հարցերն ուղղել  համավարակից տուժած, հազարավոր մերձավորների թաղած նյույորքցիներին կամ ասենք՝ իտալացիներին: Հենց նրանց արձագանքում էլ  կնշմարվեր շիփ-շիտակ պատասխանը: Իսկ ՌԴ արտաքին գերատեսչության  հարգարժան ղեկավարին էլ խորհուրդ կտայի տարածքների վերադարձին առնչվող խնդրին անդրադառնալ Ռուսաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին կնճիռները հարթելուց հետո միայն: Մարդկությանը պատուհասած աղետի պայմաններում  այսօրինակ հարցերի քննարկումը իրավ որ անպատեհ է:

- Պարոն Խաչատրյան, շարքային քաղաքացիների շրջանում արժանահավատ խոսքի հանդեպ հավատն է կորել:  Ասվածը վերաբերում է թե՛ հոգևոր հովիվներին, թե՛ երկրների ղեկավարներին: Ձեր կարծիքով, ինչ է անհրաժեշտ վիճակը շտկելու, հասարակ մարդկանց հավատ ներշնչելու, նրանց հավատը վերականգնելու համար: 

- Դուք շատ կարևոր բան եք ասում: Հարկ է խոստովանել, որ, իրավ, մարդիկ հավատ չեն ընծայում  մեծամեծերի խոսքին, դրանք համարելով խիստ չարչրկված ու մանիպուլյատիվ: Նրանց տառապանքը, ինչպես ընդունված է ասել, փորձ ունի: Այդուհանդերձ, աշխարհում քիչ չեն նաև մարդիկ, մտավորականները, ովքեր հանիրավի անտեսվել են, ում ձայնը ակամա թե միտումնավոր շարունակաբար լռեցվել է: Հենց այդ մարդկանց, մտածող ու  իրավ մտահոգ մարդկանց ձայնը պիտի լսվի: Շատ, շատ կարևոր է լրատվական այնպիսի հարթակի, ենթադրվում է հեռուստալիքի ստեղծումը, որն աշխարհին կփոխանցեր մտածող տեսակի  ուղերձը: Իսկ որ այդպիսի հարթակ միահամուռ ուժերով  առաջիկայում ստեղծվելու է,կասկածից վեր է…

Զրույցը վարեց՝ Վահան Զարյանը



 Պիտակներ
         Արբակ Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon