Սատանայի աշտարակը, ԱՄՆ

Art News 04.02.2020   15:30   953

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի տարածքում է գտնվում յուրատեսակ մի ժայռ, որը ստացել է Սատանայի աշտարակ սարսափեցնող անունը։ Այն համաշխարհային նշանակության տեսարժան վայրերից մեկն է։ Ժայռի գլխավոր յուրահատկությունը զարմանալի ճշգրիտ ձևն է, որն էլ ավելի անհավանական է թվում իր մեծության շնորհիվ։ ժայռի բարձրությունը 390 մետր է։ Այն դեռ հին ժամանակներից խորհրդավոր վայր է համարվել։

Շրջակա անտառներում ապրող հնդկացիները կարծում էին, որ ժայռի գագաթին կայծակի աստվածություն կա, որը կարող է ամպրոպ ու կայծակ առաջ բերել։ Ժամանակակից գիտնականներն այդ գեղեցիկ լեգենդին բացատրություն ունեն։ Բանն այն է, որ ժայռը հարթավայրում է տեղավորված, այնպես որ՝ ամպրոպի ժամանակ այն շատ հաճախ իսկապես կայծակի հարվածների տակ է ընկնում։

Ժայռը ձևավորվել է մոտ 200 միլիոն տարի առաջ՝ հրաբխային ակտիվության արդյունքում։ Այն իրենից օդում սառած լավայի հսկայական սյուն է հիշեցնում, որը ժայթքել է երկրի խորքից ու սառել շատ գեղեցիկ ու շատ ճշգրիտ ձևով։ Թեոդոր Ռուզվելտի կառավարման տարիներին Սատանայի աշտարակը ստացել է Միացյալ Նահանգների ամենահին «ազգային հուշակոթողի» կարգավիճակ, և այն ոչ միայն պետական, այլև համաշխարհային նշանակության տեսարժան վայր է։

Ինչպես և շատ տարիներ առաջ, հիմա էլ տեղի Լակոտա ցեղախմբերը շարունակում են լեռը Արջի տուն անվանել՝ ի հիշատակ հին լեգենդներից մեկի։ Համաձայն այդ լեգենդի՝ ժայռը խոյացել է ի պատասխան արջերից հետապնդվող երեխաների օգնության կանչերի։ Արջերը կատաղությունից ժայռի ուղղահայաց պատերին իրենց վիթխարի ճանկերով ակոսներ են թողել: 2005 թվականին ժայռի պաշտոնական անունը փոխելու հարց է բարձրացվել, բայց հնդկացիների պահանջը մերժվել է։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon