Բյուրեղների քարանձավը Մեքսիկայում

Art News 21.04.2021   22:00   1819

Մեքսիկական Նայկա քաղաքում գտնվող Բյուրեղների քարանձավը հին հանքահորերի հետ ամբողջական կոմպլեքսի մի մաս է կազմում։ Իսկ քարանձավը յուրահատուկ դարձնում են լուսնաքարից հսկա բյուրեղները, որոնցից ամենախոշորի կշիռը 55 տոննա է։ Քարանձավն առանձնանում է նաև յուրահատուկ կլիմայական պայմաններով։ Նրանում ջերմաստիճանը 58 աստիճան ցելսիուս է, իսկ օդի խոնավությունը հազվադեպ է իջնում 90% ցուցիչից։

Հատուկ հանդերձանք հագած մարդիկ կարող են քարանձավում գտնվել 20 րոպեից ոչ ավելի, ինչն առավել դժվարացնում է նրա հետազոտությունը։

Քարանձավը շատ պատահական են հայտնաբերել՝ 1910 թվականին հանքահորերի մշակման ժամանակ։ Նրան սկզբում «Սրերի քարանձավ» անունն են տվել, քանի որ լուսնի գույն ունեցող երկար բյուրեղներն իսկապես շատ են հիշեցնում հսկա սրերը։

Հետագայում գիտնականներին հաջողվել է պարզել, որ քարանձավը համեմատաբար երիտասարդ է՝ 500 հազար տարեկան։ Անձավը ձևավորվել է երկրի կեղևի հին բեկվածքում, որի տակ հիմա էլ հրաբխային ակտիվություն է դիտվում։

Բարձր ջերմաստիճանների հասած ստորգետնյա ջրերը ժամանակի հետ հարստացել են հանքանյութերով, ու հենց բարձր ջերմաստիճանի շնորհիվ էլ հազարամյակների ընթացքում ձևավորվել են բյուրեղները, որոնցից մի քանիսի երկարությունը հիմա ավելի քան 10 մետր է։ 1910 թվականին քարանձավի բացահայտումը նրա հետազոտության ճանապարհին առաջին քայլն է եղել։ 2000 թվականին հանքահորերն ընդլայնելիս հայտնաբերել են անձավի երկրորդ սենյակը, իսկ 9 տարի անց՝ նաև երրորդը։ Բնական այս ֆենոմենի՝ էքստրեմալ պայմաններում ուսումնասիրությունները շարունակվում են նաև հիմա։ Հասարակ մարդկանց համար Բյուրեղների զարմանալի քարանձավ մուտքն արգելված է։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը


 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb