Սվիտալսկի․ «Ատելության քարոզի աճը ինձ շատ է անհանգստացնում»

Հարցազրույց 21.01.2019   15:47   269

 ԵՄ անդամ-պետությունների գրեթե մեկ երրորդն արդեն վավերացրել է համաձայնագիրը, իսկ մյուս երկրներում վավերացման գործընթացը բավականին առաջ է գնացել: Այս մասին Mediamax.am-ի հետ հարցազրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

- Պարոն դեսպան, այս օրերին մամուլում շատ են հրապարակումները և փորձագիտական կարծիքները ՀՀ-ԵՄ Համապարփակ  ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հետ կապված:  Ոմանք նշում են, որ Եվրոպական խորհրդարանի գալիք ընտրությունները կարող են ինչ-որ կերպ ազդել վավերացման գործընթացի վրա: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ և ինչպե՞ս կգնահատեք համաձայնագրի վավերացման գործընթացը:

- Մեր տեսանկյունից համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է նորմալ կերպով: Մինչ այժմ ԵՄ անդամ-պետությունների գրեթե մեկ երրորդն արդեն վավերացրել է համաձայնագիրը, իսկ մյուս երկրներում վավերացման գործընթացը բավականին առաջ է գնացել: Այսպիսով, մենք կարծում ենք, որ վավերացումն ընթանում է նորմալ տեմպով: 
Կարող ենք խոսել այլ պետությունների հետ վավերացման գործընթացների մասին, որոնք Եվրոպական միության հետ կնքել են ավելի հավակնոտ համաձայնագրեր (Վրաստան, Մոլդովա):

Սովորաբար բոլոր անդամ-պետությունների կողմից համաձայնագրի վավերացման համար պահանջվում է 2-2.5 տարի: Այն, ինչ մենք ունենք հիմա, բավականին նորմալ պատկեր է: 
Առավել կարևոր է այն, որ չկան քաղաքական ազդակներ որևէ անդամ-պետության կողմից, որոնք կարող են մատնանշել հնարավոր քաղաքական կամ այլ բարդությունների մասին: Այս տարի կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները շատ կարևոր իրադարձություն են, սակայն թույլ տվեք հիշեցնել, որ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ, այն է 500 կողմ և միայն 50 դեմ ձայների հարաբերակցությամբ արդեն տվել է իր համաձայնությունը համաձայնագրին: Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված որևէ պահանջներ չկան: Ուստի, մենք պետք է ձեռնամուխ լինենք համաձայնագրի կիրարկմանը, քանի որ դրա դրույթների 80 տոկոսն արդեն իսկ ուժի մեջ է մտել:

- Ժողովրդավարությունը, խոսքի և մամուլի ազատությունը, այլ հիմնարար իրավունքները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանցքն են: Կարծիք կա, որ Հայաստանում հիմա նկատվում է անհանդուրժողականության և ատելության քարոզի աճ, հատկապես սոցիալական ցանցերում, երբ շատ մարդիկ չեն ցանկանում ընդունել կարծիքներ, որոնք համահունչ չեն իրենց կարծիքների հետ: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սա խնդիր է, և արդյո՞ք կառավարությունը պետք է զբաղվի այդ հարցով:   

- Ատելության քարոզի աճը ինձ շատ է անհանգստացնում: Կհարցնեք՝ ինչո՞ւ: Ատելության խոսքը համընդհանուր չարիք է: Այն շատ վնասակար է քաղաքական մշակույթի համար: Այն սպանում է ժողովրդավարությունը: Այն երկրներում, որոնք իրենց պատմության նոր էջ են բացում՝ կապված քաղաքական մշակույթի և ժողովրդավարության ինստիտուտների կառուցման հետ, շատ կարևոր է, որ ատելության քարոզի դրսևորումներն ուշադրության արժանանան, կառավարվեն, կանխվեն, և դրանց դեմ պայքար տարվի։

Մենք խոսում ենք Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի սպանությունից մեկ օր անց, ով Հայաստանի ընկերն էր և մի քանի անգամ եղել էր Հայաստանում: Նա ատելության զոհ դարձավ: Նրա մահը այն փաստի վկայությունն է, որ բռնության քարոզը կարող է հանգեցնել քաղաքական բռնության: Նրա մահը ապացուցում է, որ ատելության խոսքը պետք է լուծում ստանա ամենասկզբնական փուլում, քանի որ բանավոր ատելությունը հեշտորեն կարող է վերաճել ֆիզիկական բռնության:
Հայաստանում մենք կազմակերպել էինք հատուկ միջոցառում՝ զրուցելու ատելության քարոզի, մասնավորապես, սոցիալական մեդիաներում դրա առկայության մասին: Մենք ունեցել ենք շատ լավ սեմինար և վճռական ենք շարունակելու մեր քննարկումները:
Եվրոպական միությունը վարքագծի կանոններ է սահմանել խոշոր սոցիալական ցանցերի հետ՝ կապված ատելության խոսքի կանխարգելման հետ, և ես հրավիրում եմ բոլոր մարդկանց կարդալ վարքագծի այս կանոնները, որոնք պարտավորեցնում են սոցիալական ցանցերի բոլոր հարթակներին աշխատել միասին՝ նպատակ ունենալով կանխարգելել ատելության տարածումը: Հայաստանի կառավարության առաջարկում եմ վերանայել գործող օրենսդրությունը՝ դիտարկելով դրա կատարելագործման հնարավորությունները: Որոշ եվրոպական երկրներ ունեն ատելության քարոզի դեմ մշակված նորմեր, և մենք հանձնառու ենք աջակցելու Հայաստանի կառավարությանն և այլ շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են քաղաքական գործիչները, քաղաքացիական հասարակությունը և լրագրողները՝ պայքարելու ատելության քարոզի դեմ:

Միևնույն ժամանակ, Հայաստանը դեռևս շատ հեռու է ատելության քարոզի ամենաանհանգստացնող դրսևորումներից, որոնք առկա են այլ երկրներում: Նախընտրական բանավեճերն Հայաստանում շատ դիվանագիտական և քաղաքակիրթ բնույթ ունեին՝ համեմատած այլ երկրներում տեղի ունեցող բանավեճերին, որտեղ բացասական էմոցիաները քաղաքական դիսկուրսում դարձել են շատ տարածված: Հայաստանի պարագայում ես առաջարկում եմ գործել, քանի դեռ ուշ չէ:  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:



 Պիտակներ
         Պյոտր Սվիտալսկի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon