Ստորջրյա «Մարգարիտ» ռեստորանը Մալդիվներում

Art News 20.04.2020   22:30   1656

Աննման գեղեցկության ռոմանտիկ ռեստորաններ կարող եք փնտրել ոչ միայն սարերի բարձունքին կամ ծառերի բների վրա, այլ նաև ջրի տակ։ 2005 թվականին Մալդիվյան կղզիներում բացվել է աշխարհում առաջին ստորջրյա ռեստորանը՝ «Մարգարիտը», որը միանգամից դարձել է մոլորակի ամենահայտնիներից մեկը։ Ռեստորանը գտնվում է ջրի տակ՝ 5 մետր խորության վրա՝ ոչ մեծ թափանցիկ կապսուլայի մեջ։ Սրահի թափանցիկ տանիքի ու պատերի միջով կարելի է հիանալ ստորջրյա աշխարհի հրաշալիքներով։ Իսկ ռեստորանում հայտնվելու համար այցելուները հատուկ տախտակամածից պետք է իջնեն պտուտակաձև աստիճաններով։

Ռեստորանը մալդիվյան խոհանոցի ուտեստներ է առաջարկում։ Նրա մենյուի մեջ բազմաթիվ նրբաճաշակ խորտիկներ կան։ Ռեստորանը գտնվում է Ռենգալի կղզում ու Hilton Worldwide ժամանակակից հյուրանոցի մաս է, որտեղ հանգստանում են ֆինանսապես ամենաապահովված հյուրերը։ Ռեստորանի տեխնիկական կառուցվածքը բավականին պարզ է․ նրա սրահը կառուցված է ակրիլից ամուր ապակիներով, որոնք սովորաբար օգտագործում են դեկորատիվ ակվարիումներ կառուցելու համար։

Ամուր ապակին թույլ է տալիս դիմանալ ջրի բարձր ճնշմանը, այնպես որ՝ ստորջրյա ռեստորանը ոչ միայն շատ գեղեցիկ է, այլ նաև՝ լրիվ անվտանգ։ «Մարգարիտ» ռեստորանը աշխարհի ոչ միայն ամենագեղեցիկներից, այլ նաև ամենաթանկ ռեստորաններից մեկն է։ Երկուսի համար պատվիրված ընթրիքի միջին արժեքն այստեղ 120 ԱՄՆ դոլար է։

Ռեստորանի սրահում միաժամանակ կարող է 14 հոգի տեղավորվել, այնպես որ՝ հյուրերին խորհուրդ է տրվում սեղանիկը պատվիրել այցելելուց նվազագույնը 2 շաբաթ առաջ։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         Անսովոր ռեստորաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb