Ստորագրահավաք՝ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում

Իրադարձային 08.11.2019   11:29   85
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում մի քանի օր է՝ սկսվել է ստորագրահավաք, որին միացել են պրոֆեսորադասախոսական անձնակազմի 30-ից ավելի անդամներ․ նրանց թիվը օր օրի ավելանում է։ ՇՊՀ-ում, ըստ էության, միացել են ԵՊՀ-ի, մյուս բուհերի ու ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի անձնակազմի բողոքին՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ՝ բաց նամակ հղելով երկրի նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։

Բաց նամակում գրված է․

«Վերջերս շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, քննարկվելով բազմաթիվ մասնագիտական խորհուրդներում, արժանացավ բացասական գնահատականների, ավելին՝ առաջաց­րեց ընդհանուր դժգոհություն մտավորականության շրջանում: Դա արտահայտվեց բազմաթիվ հրապարակումներով, մամլո ասուլիսներով, տարբեր լրատվամիջոց­նե­րով բարձրաձայնված քննարկումներով: Զարմանքով արձանագրում ենք, որ օրենքի նախագծի խոցելիության բազմաթիվ մատնանշումներից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարը, բոլոր իրավասու և շահագրգիռ կողմերի քննարկումներ հրավիրելու փոխարեն, հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, ըստ որի՝ չի պատրաստվում որևէ զիջման գնալ սկզբունքային հարցերում:

Նախագիծն ունի բազմաթիվ անընդունելի և վտանգավոր դրույթներ, որոնցից հատկապես մի քանիսին ցանկանում ենք հրավիրել ձեր ուշադրությունը.

ա) Օրենքի նախագծի անվանումն իսկ անընդունելի է, քանի որ չի կարելի մեկ օրենքում համատեղել մեր երկրի ու ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող երկու այնպիսի ոլորտ, ինչպիսիք են բարձրագույն կրթությունն ու գիտությունը:

բ) Ներկայացված նախագիծը, հիմնականում կարևորելով բարձրագույն կրթության խնդիրները (որոնք որոշ դեպքերում հակասում են արդեն գործող օրենքների դրույթնե­րին), անտեսում է գիտությունը, սահմանափակ տեղ հատկացնելով գիտական գործու­նեութ­յան կազմակերպման ու կանոնակարգման հարցերին: Հատկանշական է, որ 42 էջից բաղկացած օրենքի նախագծում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային վե­րա­բերում է կես էջից էլ պակաս՝ ընդամենը 11 տող: Ոչնչով հիմնավորված չէ ՀՀ Գիտու­թ­յուն­ների ազգային ակադեմիայի մասին 2011 թ. ընդունված օրենքի չեղարկումը:

գ) Որևէ կերպ արդարացված չեն դոկտորական ատենախոսությունների պաշտպա­նութ­յան վերացման և թեկնածուի գիտական աստիճանը դոկտորականին հավասարեց­նե­լու դրույթները: Դրանով և´ սահմանափակվում է գիտական արդյունավետությունը, և´ խախտ­վում է Եվրասիական միության անդամ երկրներում գործող միասնական գիտական համակար­գը: Հավելենք, որ գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը գործում է նաև Եվրոպայի մի շարք առաջատար երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա և այլն):

դ) «Բարձրագույն կրթության մասին» գործող՝ 2004 թ. դեկտեմբերի 14-ի օրենքում առկա է հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության պարտադիր դասավանդ­ման դրույթը: Ներկայացված նախագծում կարևորագույն այս դրույթը լիովին բացակա­յում է: Մինչդեռ, առավել քան համոզված ենք, որ ազգային պետության կերտման արդի փուլում, երբ առաջնահերթ տեղ պետք է հատկացվի աճող սերնդին ազգային արժե­համակարգով դաստիարակելուն, մայրենի լեզվի ու գրականության, հայրենիքի պատ­մության ուսումնասիրությունը պետք է պատշաճ տեղ գտնի մեր կրթահամակարգի բոլոր մակարդակներում: Բուհերում հայագիտական առարկաների ուսուցումն ազգային անվտանգության խնդիր է, նաև անհրա­ժեշտ է՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման ժամանակակից միտումները, դրան­ցում էթնիկության, ազգային ինքնության ու ինքնագիտակցության վերաբերյալ խնդիր­ների կարևորումը:

ե) ԿԳՄՍ նախարարը և նախագիծը ներկայացնողները մայրենի լեզվի ու գրականության, հայրենիքի պատմության պարտադիր դասավանդումը համարում են բուհական ինքնավարության խախտում, մինչդեռ, չգիտես ինչու, նրանք մոռանում են այդ ինքնավարության մասին բուհերի կառավարման մասին նախագծի հոդվածներում:

Օրինակ, նախագծի 26-րդ հոդվածի համաձայն՝ հանրային բուհի կառավարման խորհրդը պետք է բաղկացած լինի 12 հոգուց, որից միայն 4-ը պետք է լինեն բուհի ներկայացուցիչները, իսկ 6-ին նշանակելու է ԿԳՄՍ նախարարը: Անընդունելի է նաև 31-րդ հոդվածի 8-րդ կետը, որով դեկանները նշանակվելու են ռեկտորի կողմից (այսօր գործող օրենքով դեկաններն ընտրվում են ֆակուլտետների գիտական խորհուրդ­ներում):

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ պահանջում ենք. նշված օրենքի նախագիծը հանել շրջանառությունից և ձեռնամուխ լինել նոր նախագծի մշակմանը, մինչև նոր նախագծի մշակումը գիտակրթական շրջանակների հետ քննարկել ու հստակեցնել բարձրագույն կրթության և գիտության զարգացման տեսլականը, հայեցա­կարգային մոտեցումները, որոնցից և պետք է բխեն օրենսդրական կարգավորումները»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ստորագրահավաք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon