Ստոր սուտն ու «բլանդած» գործը

Խմբագրական 20.12.2018   23:17   601

Հայաստանյան նոր իրավիճակում հաճախադեպ են դարձել սենսացիոն հայտարարությունները։ Դրանք սենսացիոն են՝ լրատվամիջոցների ներկայացմամբ։ Թե չէ այն, ինչ հայտարարվում և մատուցվում է իբրև սենսացիոն, իրականում լայն հանրությանը վաղուց հայտնի իրողություններ են։ Որպես կանոն, սենսացիաները վերաբերում են նախկին բարձրաստիճան իշխանավորների, մեղմ ասած, չարաշահումներին։ Եվ եթե նմանատիպ հայտարարություններն արվեին ասենք մինչև հեղափոխությունը, ապա դրանք իսկապես սենսացիոն կլինեին։

Բայց, այնուամենայնիվ, հետաքրքիրն այն է, թե ինչ է հետևում սենսացիոն հայտարարություններին։ Եթե օրինախախտության մասին  հայտարարությունh իրականությանը համապատասխանող բովանդակություն է պարունակում, ապա բնականաբար, դրանով պիտի զբաղվեն իրավապահները։ Ոչ վաղ անցյալում, որքան էլ նմանատիպ հայտարարություններ հնչեին, դրանց բանի տեղ դնող չկար, ինչպես ընդուված է ասել՝ «շունը» հաչում էր՝ քարավանը գնում», եթե, իհարկե, խոսքը վերաբերում էր որևէ բարձրաստիճանավորի. ինչքան է խոսվել, գրվել, հայտարարվել կատարվող թալանի, կոռուպցիայի, չարաշահումների, առասպելական չափերի հասնող ունեցվածք կուտակողների մասին, սակայն դրանց այդպես էլ ոչինչ չի հետևել։

Հիմա գործարար կինը հայտարարում է, թե ում է նախկինում կաշառք տվել, միանգամից հակադարձում են թե դա ստոր սուտ է, հայտարարությունը հերյուրանք ու քաղաքական հետապնդում որակում, փրփուրն ի բերան պնդում, թե շինծու գործ են սարքում ու սպառնում դրա համար դատի տալ և այլն։ Ու ամեն անգամ դրան էլ հետևում է նույնաբովանդակ բանավոր հակադարձումը։ Բայց ի՞նչ կարիք կա իրար խառնվելու. հայտարարություն է արվել՝ իրավապահները կզբաղվեն դրանով, կստուգեն, կքննեն ու եթե այն չհամապատասխանի իրականությանը, ապա սուտ մատնության հոդված կա, չէ՞… Ենթադրաբար՝ սուտ ու հերյուրանք տարածողն էլ համապատասխան պատժի կենթարկվի։

Հետաքրքիր է, թե  ինչու՞ են նախապես խառնվում իրար։ Ենթադրաբար դրա համար երկու պատճառ կարող է լինել. կամ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, կամ նման հակադարձումներով «փնովյալները» փորձում են ուղղորդել, ճնշում գործադրել դեռևս իրենց «ականջալուր» այն դատավորների վրա, որոնք ի վերջո վճիռ կայացնողներն են։

Արմեն ֆոն Գևորգյան



 Պիտակներ
         Արմեն ֆոն Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon