Ստամբուլյան կոնվենցիա (մաս 2-րդ)

Իրազեկիչ 29.07.2019   23:30   190
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սկիզբն՝ այստեղ

Հոդված 21.  Աջակցություն անհատական (կոլեկտիվ) բողոքներ ներկայացնելու հարցում

Կողմերն ապահովում են, որ զոհերը տեղեկացված լինեն անհատական (կոլեկտիվ) բողոքարկման տարածաշրջանային եւ միջազգային գործող մեխանիզմների մասին եւ դրանցից օգտվելու հնարավորություն ունենան։ Կողմերը խթանում են որեւէ նման բողոք ներկայացնելու հարցում զոհերին նրբանկատ եւ բանիմաց աջակցության տրամադրումը։

Հոդված 22.   Մասնագիտական օժանդակության ծառայությունները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող ցանկացած բռնարարքի ենթարկված ցանկացած զոհի աշխարհագրական բավարար տարածվածությամբ հասանելի անհապաղ, երկարաժամկետ եւ կարճաժամկետ մասնագիտական օժանդակության ծառայություններ տրամադրելու կամ դրանց տրամադրումը կազմակերպելու նպատակով։

2.   Կողմերը բռնության բոլոր կին զոհերին եւ նրանց երեխաներին տրամադրում են կանանց մասնագիտական օժանդակության ծառայություններ կամ կազմակերպում են դրանց տրամադրումը։

Հոդված 23.   Ապաստարաններ

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ զոհերին, հատկապես՝ կանանց եւ նրանց երեխաներին անվտանգ կացարանով ապահովելու եւ նախաձեռնողական օգնություն ցուցաբերելու նպատակով բավարար թվով պատշաճ ու հեշտ հասանելի ապաստարաններ հիմնելու ուղղությամբ։

Հոդված 24.   Օգնության թեժ գծեր

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ շուրջօրյա (24/7) ռեժիմով գործող օգնության անվճար համապետական թեժ հեռախոսագծեր հիմնելու համար, որոնցով զանգահարողներին գաղտնի կամ անանուն ձեւով խորհրդատվություն կտրամադրվի սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի վերաբերյալ։

Հոդված 25.   Աջակցությունը սեռական բռնության զոհերին

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ բռնաբարության ճգնաժամային կամ սեռական բռնության հարցերով ուղղորդման՝ բավարար թվով հասանելի կենտրոններ հիմնելու ուղղությամբ՝ զոհերի համար բժշկական եւ դատական փորձագիտական հետազոտություններ կատարելու, նրանց հետտրավմատիկ խնամքով եւ խորհրդատվությամբ ապահովելու նպատակով։

Հոդված 26.   Պաշտպանությունը եւ աջակցությունը երեխա վկաներին

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ զոհերին պաշտպանություն եւ օժանդակության ծառայություններ տրամադրելիս պատշաճորեն հաշվի առնվեն սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերին վկա դարձած երեխաների իրավունքներն ու կարիքները։

2.   Սույն հոդվածի համաձայն ձեռնարկված միջոցառումները պետք է ներառեն սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերին վկա դարձած երեխաներին իրենց տարիքին համապատասխան սոցիալ-հոգեբանական խորհրդատվության տրամադրումը, եւ դրանցում պետք է պատշաճորեն հաշվի առնվեն երեխայի լավագույն շահերը։

Հոդված 27.   Հաղորդումներ ներկայացնելը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ խրախուսելու համար բոլոր այն անձանց, որոնք վկա են դարձել սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնարարքների կամ ողջամիտ հիմքեր ունեն կարծելու, որ նման արարք է կատարվել կամ ակնկալվում են նոր բռնարարքներ, այդ մասին հաղորդում ներկայացնել իրավասու կազմակերպություններին կամ մարմիններին։

Հոդված 28.   Հաղորդումներ ներկայացնելը մասնագետների կողմից

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելու համար, որ որոշ մասնագետների համար ներպետական օրենքով նախատեսված գաղտնապահության կանոնները խոչընդոտ չհանդիսանան համապատասխան պայմանների առկայության դեպքում նրանց կողմից իրավասու կազմակերպություններին կամ մարմիններին համապատասխան հաղորդումներ ներկայացնելու հնարավորության համար, եթե նրանք ողջամիտ հիմքեր ունեն կարծելու, որ կատարվել է սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող որեւէ ծանր բռնարարք, եւ որ ակնկալվում են նոր ծանր բռնարարքներ։

Գլուխ V.       Նյութական իրավունք

Հոդված 29.   Քաղաքացիական հայցերը եւ պաշտպանության քաղաքացիաիրավական միջոցները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ զոհերին բռնություն կատարող անձանց դեմ քաղաքացիաիրավական պաշտպանության պատշաճ միջոցներով ապահովելու համար։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ զոհերին, միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների համաձայն, քաղաքացիաիրավական պաշտպանության պատշաճ միջոցներով ապահովելու համար՝ այն պետական մարմինների դեմ, որոնք թերացել են իրենց լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ կանխարգելիչ կամ պաշտպանիչ միջոցառումներ ձեռնարկելու իրենց պարտականությունը կատարելու հարցում։

Հոդված 30.   Փոխհատուցումը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ զոհերը սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումներից ցանկացածի դեպքում բռնություն կատարող անձից փոխհատուցում պահանջելու իրավունք ունենան։

2.   Այն անձանց, որոնց պատճառվել է ծանր մարմնական վնասվածք կամ որոնց առողջությանը ծանր վնաս է հասցվել, տրվում է պատշաճ պետական փոխհատուցում՝ այնքանով, որքանով պատճառված վնասը չի կարող փոխհատուցվել այլ աղբյուրներից, ինչպիսիք են բռնությունը կատարողը եւ ապահովագրական կամ պետական ֆինանսավորում ունեցող առողջապահական ու սոցիալական ծառայությունները։ Սա Կողմերի համար հատկացված փոխհատուցման դիմաց բռնությունը կատարողի դեմ հետադարձ պահանջ ներկայացնելու համար խոչընդոտ չէ՝ պայմանով, որ պատշաճորեն հաշվի է առնվում զոհի անվտանգությունը։

3.   2-րդ պարբերության համաձայն ձեռնարկված միջոցառումներով պետք է ապահովվի փոխհատուցման տրամադրումը ողջամիտ ժամկետում։

Հոդված 31.   Խնամակալությունը, տեսակցության իրավունքը եւ անվտանգությունը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ երեխաների նկատմամբ խնամակալության եւ տեսակցության իրավունքների վերաբերյալ որոշումներ կայացնելիս հաշվի առնվեն սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկված բռնության միջադեպերը։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ տեսակցության կամ խնամակալության որեւէ իրավունքի իրականացմամբ չվտանգվեն զոհի կամ երեխաների իրավունքներն ու անվտանգությունը։

Հոդված 32.   Հարկադիր ամուսնությունների քաղաքացիաիրավական հետեւանքները

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ հարկադրաբար կնքված ամուսնությունները հնարավոր լինի ճանաչել վիճարկելի, անվավեր կամ լուծված՝ առանց զոհի համար ֆինանսական կամ վարչական անհարկի բարդություններ ստեղծելու։

Հոդված 33.   Հոգեբանական բռնությունը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվի մեկ այլ անձի հոգեբանական անձեռնմխելիությունը հարկադրանքի կամ սպառնալիքների միջոցով դիտավորությամբ լրջորեն խախտելը։

Հոդված 34.   Հետամտելը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվի մեկ այլ անձի նկատմամբ դիտավորությամբ շարունակաբար սպառնալից վարքագիծ դրսեւորելը, որն այդ անձի մոտ վախ է առաջացնում սեփական անվտանգության համար:

Հոդված 35.   Ֆիզիկական բռնությունը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվի մեկ այլ անձի դեմ դիտավորությամբ ֆիզիկական բռնարարքներ կատարելը:

Հոդված 36.   Սեռական բռնությունը՝ ներառյալ բռնաբարությունը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվեն դիտավորությամբ կատարվող հետեւյալ արարքները՝

ա)    մեկ այլ անձի մարմին առանց այդ անձի համաձայնության հեշտոցային, հետանցքային կամ բերանային ճանապարհով սեքսուալ բնույթի ներթափանցումը՝ մարմնի որեւէ մասի կամ որեւէ առարկայի միջոցով.

բ)   մեկ այլ անձի հետ առանց այդ անձի համաձայնության սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը.

գ)   մեկ այլ անձի, առանց այդ անձի համաձայնության, երրորդ անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելը.

2.   Համաձայնությունը պետք է տրվի կամովին՝ անձի ազատ կամահայտնության հիման վրա, որը պետք է գնահատվի հարակից հանգամանքների համատեքստում։

3.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերության դրույթները կիրառվեն նաեւ այն արարքների նկատմամբ, որոնք կատարվում են նախկին կամ ներկա ամուսնու կամ զուգընկերոջ (դրանց՝ ներպետական օրենքով սահմանված իմաստով) նկատմամբ։

Հոդված 37.   Հարկադիր ամուսնությունը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվի չափահաս անձին կամ երեխային դիտավորությամբ ամուսնանալու հարկադրելը:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվի չափահաս անձին կամ երեխային ամուսնանալու հարկադրելու մտադրությամբ այդ չափահաս անձին կամ երեխային իր բնակության վայրի պետություն չհանդիսացող Կողմի կամ պետության տարածք տանելու նպատակով դիտավորությամբ մոլորության մեջ գցելը:

Հոդված 38.   Կանանց սեռական օրգանների խեղումը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվեն դիտավորությամբ կատարվող հետեւյալ արարքները՝

ա)    կնոջ սեռական մեծ կամ փոքր շուրթերի կամ ծլիկի լրիվ կամ մասնակի անդամահատումը, ինֆիբուլյացիան կամ այլ կերպ խեղումը.

բ)   կնոջը (ա) կետում թվարկված գործողություններին ենթարկվելուն հարկադրելը կամ դրանց ենթարկվելու նպատակով կնոջ համար պայմաններ ստեղծելը.

գ)   աղջկան (ա) կետում թվարկված գործողություններին ենթարկվելուն հրահրելը, հարկադրելը կամ դրանց ենթարկվելու նպատակով աղջկա համար պայմաններ ստեղծելը։

Հոդված 39.   Հղիության հարկադիր արհեստական ընդհատումը կամ հարկադիր ամլացումը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվեն դիտավորությամբ կատարվող հետեւյալ գործողությունները՝

ա)    կնոջ հղիության արհեստական ընդհատումը՝ առանց նրա կողմից նախապես եւ տեղեկացված կերպով տրված համաձայնության.

բ)   կնոջը կամ աղջկան բնական վերարտադրության կարողությունից զրկելու նպատակ հետապնդող կամ դրան հանգեցնող վիրահատության կատարումը՝ առանց նրա կողմից նախապես տրված եւ տեղեկացված համաձայնության կամ գործընթացը հասկանալու։

Հոդված 40.   Սեռական հետապնդումը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սեքսուալ բնույթի ցանկացած անցանկալի վերբալ, ոչ վերբալ կամ ֆիզիկական արարք, որը նպատակ ունի ոտնահարելու անձի արժանապատվությունը կամ հանգեցնում է դրան, մասնավորապես՝ ճնշող, թշնամական, ստորացուցիչ, նվաստացուցիչ կամ վիրավորական մթնոլորտ ստեղծելը, ենթակա լինի քրեական կամ այլ իրավական պատժամիջոցի:

Հոդված 41.   Օժանդակությունը կամ դրդելը եւ փորձը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-ի (ա) եւ 39-րդ հոդվածներին համապատասխան սահմանված իրավախախտումների կատարմանը օժանդակելը կամ դրդելը, դիտավորությամբ կատարվելու դեպքում, սահմանվի որպես իրավախախտում:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-ի (ա) եւ 39-րդ հոդվածներին համապատասխան սահմանված իրավախախտումները կատարելու փորձը, դիտավորությամբ կատարվելու դեպքում, սահմանվի որպես իրավախախտում:

Հոդված 42.   Հանցագործությունների անընդունելի հիմնավորումները՝ ներառյալ հանուն այսպես կոչված «պատվի» կատարված հանցագործությունները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող որեւէ բռնարարքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում մշակույթը, սովորույթները, կրոնը, ավանդույթները կամ այսպես կոչված «պատիվը» չդիտվեն որպես նման արարքների հիմնավորում։ Սա, մասնավորապես, տարածվում է այն պնդումների վրա, ըստ որոնց՝ զոհի կողմից խախտվել են պատշաճ վարքագծի մշակութային, կրոնական, սոցիալական կամ ավանդութային նորմերը կամ սովորույթները։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ որեւէ անձի կողմից 1-ին պարբերության մեջ նշված արարքներից որեւէ մեկը կատարելուն որեւէ երեխայի հրահրելը չմեղմացնի այդ անձի քրեական պատասխանատվությունը կատարված արարքների համար։

Հոդված 43.   Քրեական իրավախախտումներն ամրագրող նորմերի կիրառությունը

Սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումներն ամրագրող նորմերը պետք է կիրառվեն անկախ զոհի եւ բռնությունը կատարողի միջեւ եղած հարաբերության բնույթից։

Հոդված 44.   Իրավազորությունը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված ցանկացած իրավախախտման վրա իրենց իրավազորությունը տարածելու համար, եթե իրավախախտումը կատարվել է՝

ա)    իրենց տարածքում, կամ

բ)   իրենց դրոշի տակ գտնվող նավի վրա, կամ

գ)   իրենց օրենքների համաձայն գրանցված օդանավի վրա, կամ

դ)   իրենց քաղաքացիներից մեկի կողմից, կամ

ե)   այնպիսի անձի կողմից, որի փաստացի հիմնական բնակության վայրը գտնվում է իրենց տարածքում։

2.   Կողմերը ձգտում են ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված ցանկացած իրավախախտման նկատմամբ իրենց իրավազորությունը տարածելու համար, եթե այդ իրավախախտումը կատարվել է իրենց քաղաքացու կամ այնպիսի անձի դեմ, որի փաստացի հիմնական բնակության վայրը գտնվում է իրենց տարածքում։

3.   Սույն Կոնվենցիայի 36-րդ, 37-րդ, 38-րդ եւ 39-րդ հոդվածների համաձայն սահմանված իրավախախտումների առնչությամբ հետապնդում իրականացնելու նպատակով Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ իրենց իրավազորությունը պայմանավորված չլինի այդ արարքները դրանց կատարման տարածքում քրեականացված լինելու հանգամանքով։

4.   Սույն Կոնվենցիայի 36-րդ, 37-րդ, 38-րդ եւ 39-րդ հոդվածների համաձայն սահմանված իրավախախտումների առնչությամբ հետապնդում իրականացնելու նպատակով Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերության (դ) եւ (ե) կետերի հիմքով իրենց իրավազորությունը պայմանավորված չլինի այն պահանջի կատարմամբ, ըստ որի՝ հետապնդում կարող է հարուցվել միայն զոհի կողմից իրավախախտման մասին հաղորդում ներկայացնելու կամ իրավախախտման կատարման վայրի պետության կողմից տեղեկատվություն տրամադրվելու դեպքում։

5.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ իրենց իրավազորությունը սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների նկատմամբ տարածելու համար՝ այն դեպքերում, երբ ենթադրյալ կատարողը գտնվում է իրենց տարածքում եւ իրենք չեն հանձնում նրան մեկ այլ Կողմի՝ բացառապես նրա քաղաքացիության հիմքով։

6.   Եթե կան մեկից ավելի Կողմեր, որոնք պնդում են, որ սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված ենթադրաբար կատարված որեւէ իրավախախտման նկատմամբ տարածվում է իրենց իրավազորությունը, ապա շահագրգիռ Կողմերն անհրաժեշտության դեպքում խորհրդակցում են միմյանց հետ, որպեսզի որոշեն, թե իրենցից որ մեկի իրավազորությունն է առավել համապատասխանում տվյալ դեպքի առնչությամբ հետապնդում իրականացնելու համար։

7.   Չսահմանափակելով միջազգային իրավունքի ընդհանուր նորմերի գործողությունը՝ սույն Կոնվենցիան չի բացառում որեւէ Կողմի կողմից իր ներպետական օրենքի համաձայն քրեական ոլորտում սահմանված իր իրավազորությունների իրականացումը։

Հոդված 45.   Պատժամիջոցները եւ միջոցառումները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների համար սահմանվեն արդյունավետ, համաչափ եւ տարհամոզիչ պատժամիջոցներ՝ հաշվի առնելով այդ իրավախախտումների ծանրությունը: Այս պատժամիջոցները ներառում են, ըստ անհրաժեշտության, ազատությունից զրկելու հետ կապված պատիժներ, որոնց դեպքում կարող է հանձնում կատարվել:

2.   Կողմերը կարող են բռնություն կատարողների հետ կապված այլ միջոցառումներ ձեռնարկել, մասնավորապես՝

–       դատապարտված անձանց վարքագծի նկատմամբ մոնիթորինգ կամ վերահսկողություն.

–       ծնողական իրավունքներից զրկում, եթե երեխայի լավագույն շահերը, որոնց թվում կարող է լինել զոհի անվտանգությունը, չեն կարող երաշխավորվել այլ կերպ:

Հոդված 46.   Ծանրացուցիչ հանգամանքները

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների համար պատիժ սահմանելիս հետեւյալ հանգամանքները հնարավոր լինի ներպետական օրենքի համապատասխան դրույթների համաձայն դիտել որպես ծանրացուցիչ հանգամանքներ՝ այնքանով, որքանով դրանք արդեն իսկ իրավախախտման բաղկացուցիչ տարրեր չեն կազմում.

ա)    եթե իրավախախտումը կատարվել է նախկին կամ ներկա ամուսնու կամ զուգընկերոջ (դրանց՝ ներպետական օրենքով սահմանված իմաստով) նկատմամբ՝ ընտանիքի անդամի, զոհի հետ համատեղ բնակվող կամ իր իրավասությունները չարաշահած անձի կողմից.

բ)   եթե իրավախախտումը կամ հարակից իրավախախտումները կատարվել են մի քանի անգամ.

գ)   եթե իրավախախտումը կատարվել է որոշակի հանգամանքների բերումով խոցելի վիճակում հայտնված անձի նկատմամբ.

դ)   եթե իրավախախտումը կատարվել է երեխայի նկատմամբ կամ երեխայի ներկայությամբ.

ե)   եթե իրավախախտումը կատարվել է միասին գործող երկու կամ ավելի անձանց կողմից.

զ)   եթե իրավախախտմանը նախորդել է ծայրահեղ բռնության գործադրում կամ այն զուգորդվել է նման բռնության գործադրմամբ.

է)   եթե իրավախախտումը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով.

ը)   եթե իրավախախտմամբ զոհին պատճառվել է ծանր ֆիզիկական կամ հոգեբանական վնաս.

թ)   եթե բռնություն կատարողը նախկինում դատապարտվել է նմանատիպ բնույթի իրավախախտումներ կատարելու համար։

Հոդված 47.   Այլ Կողմի նշանակած պատիժները

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ պատժամիջոցներ որոշելիս սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերով այլ Կողմի նշանակած վերջնական պատիժները հաշվի առնելու հնարավորություն նախատեսելու համար։

Հոդված 48.  Վեճերի լուծման պարտադիր այլընտրանքային ընթացակարգերի կամ պարտադիր այլընտրանքային պատիժների արգելումը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի հետ կապված վեճերի լուծման պարտադիր այլընտրանքային ընթացակարգերն արգելելու համար՝ ներառյալ միջնորդությունը եւ հաշտարարությունը։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ տուգանք վճարելու կարգադրություն տալու դեպքում պատշաճորեն հաշվի առնվեն բռնությունը կատարողի կողմից զոհի նկատմամբ ունեցած իր ֆինանսական պարտավորությունները կատարելու հնարավորությունը։

Գլուխ VI.      Քննությունը, հետապնդումը, դատավարական օրենսդրությունը եւ պաշտպանիչ միջոցառումները

Հոդված 49.   Ընդհանուր պարտավորությունները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի առնչությամբ քննությունը եւ դատական վարույթն իրականացվեն առանց անհարկի ձգձգումների՝ միեւնույն ժամանակ հաշվի առնելով զոհի իրավունքները քրեական վարույթի բոլոր փուլերում:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին համապատասխան եւ հաշվի առնելով բռնության գենդերային ընկալումը՝ ապահովելու համար սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների արդյունավետ քննությունն ու դրանց առնչությամբ արդյունավետ հետապնդումը:

Հոդված 50.   Անհապաղ արձագանքումը, կանխարգելումը եւ պաշտպանությունը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ պատասխանատու իրավապահ մարմինները սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերին արձագանքեն անհապաղ եւ պատշաճորեն՝ զոհերի համար համարժեք եւ անհապաղ պաշտպանություն ապահովելով:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ պատասխանատու իրավապահ մարմիններն անհապաղ եւ պատշաճորեն ներգրավվեն սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի կանխարգելման ու դրանց դեմ պաշտպանության, այդ թվում՝ կանխարգելիչ օպերատիվ միջոցառումներ իրականացնելու եւ ապացույցներ հավաքելու գործում:

Հոդված 51.   Ռիսկերի գնահատումը եւ ռիսկերի կառավարումը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ մահ պատճառելու ռիսկի, իրավիճակի լրջության եւ բռնության կրկնվելու ռիսկի գնահատումն իրականացվի համապատասխան բոլոր մարմինների կողմից՝ ռիսկը կառավարելու եւ անհրաժեշտության դեպքում համակարգված անվտանգություն ու օժանդակություն ապահովելու նպատակով:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերության մեջ նշված գնահատման շրջանակներում քննության եւ պաշտպանիչ միջոցառումների կիրառման բոլոր փուլերում պատշաճորեն հաշվի առնվի սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնարարքներ կատարող անձանց տիրապետության տակ հրազենի առկայության կամ նրանց համար հրազենի հասանելիության առկայության հանգամանքը:

Հոդված 52.   Արտակարգ իրավիճակներում արգելող կարգադրություններ

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ իրավասու մարմիններին լիազորություն վերապահվի ընտանեկան բռնություն կատարողին անմիջական վտանգի իրավիճակներում կարգադրելու բավարար ժամկետով ազատել զոհի կամ ռիսկի տակ գտնվող անձի բնակարանը եւ կատարողին արգելելու մտնել զոհի կամ ռիսկի տակ գտնվող անձի բնակարան կամ շփվել նրա հետ: Սույն հոդվածին համապատասխան միջոցառումներ ձեռնարկելիս պետք է առաջնահերթություն տալ զոհերի եւ ռիսկի տակ գտնվող անձանց անվտանգությանը:

Հոդված 53.   Սահմանափակող կամ պաշտպանիչ կարգադրություններ

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի զոհերի համար հասանելի լինի սահմանափակող կամ պաշտպանիչ համապատասխան կարգադրությունների հնարավորությունը:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերության մեջ նշված սահմանափակող կամ պաշտպանիչ կարգադրությունները՝

–       հնարավոր լինի արձակել անհապաղ պաշտպանություն տրամադրելու նպատակով եւ առանց զոհի համար անհարկի ֆինանսական կամ վարչական բարդություններ ստեղծելու.

–       արձակվեն կոնկրետ ժամկետով կամ մինչեւ դրանց փոփոխումը կամ վերացումը.

–       անհրաժեշտության դեպքում արձակվեն ex parte կարգով՝ ուժի մեջ մտնելով անմիջապես.

–       հնարավոր լինի արձակել այլ իրավական վարույթներից անկախ կամ ի լրումն դրանց.

–       թույլատրելի լինի ներառել հետագա վարույթներում։

3.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերության համաձայն արձակված սահմանափակող կամ պաշտպանիչ կարգադրությունների պահանջների խախտումների համար սահմանվեն արդյունավետ, համաչափ եւ տարհամոզիչ քրեական կամ այլ իրավական պատժամիջոցներ:

Հոդված 54.   Քննությունը եւ ապացույցները

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քաղաքացիական կամ քրեական ցանկացած վարույթի շրջանակներում զոհի սեռական կյանքի պատմությանը եւ սեռական վարքագծին առնչվող ապացույցները թույլատրելի ճանաչվեն միայն այն դեպքում, երբ առնչվում են գործին եւ անհրաժեշտ են։

Հոդված 55.   Ex parte եւ ex officio ընթացակարգերը

1.    Կողմերն ապահովում են, որ սույն Կոնվենցիայի 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ եւ 39-րդ հոդվածների համաձայն սահմանված իրավախախտումներն ամբողջությամբ կամ մասամբ իրենց տարածքում կատարվելու դեպքում իրավախախտումների քննությունը կամ դրանց առնչությամբ հետապնդում իրականացնելը ամբողջովին կախված չլինի զոհի կողմից հաղորդում կամ բողոք ներկայացվելու փաստից, եւ որ վարույթը հնարավոր լինի շարունակել անգամ այն դեպքում, երբ զոհը հրաժարվում է իր ցուցմունքներից կամ հետ է վերցնում իր բողոքը։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ իրենց ներպետական օրենքով սահմանված պայմաններին համապատասխան՝ պետական ու հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ ընտանեկան բռնության ոլորտի խորհրդատուները հնարավորություն ունենան սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումներին առնչվող քննությունների եւ դատական վարույթի ընթացքում աջակցելու եւ (կամ) օժանդակելու զոհերին՝ վերջիններիս հայցմամբ:

Հոդված 56.   Պաշտպանություն ապահովելուն ուղղված միջոցառումները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ քննության եւ դատական վարույթի բոլոր փուլերում զոհերի իրավունքները եւ շահերը, այդ թվում՝ որպես վկաներ՝ նրանց հատուկ կարիքները պաշտպանելու նպատակով, մասնավորապես՝

ա)    պաշտպանելով զոհերին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին եւ վկաներին ճնշումներից, վրեժխնդրությունից եւ կրկնակի վիկտիմիզացիայից.

բ)   ապահովելով, որ զոհերը տեղեկացվեն բռնությունը կատարողի փախուստի կամ ժամանակավորապես կամ վերջնականապես ազատ արձակվելու մասին՝ առնվազն այն դեպքերում, երբ զոհին կամ նրա ընտանիքի անդամներին կարող է վտանգ սպառնալ.

գ)   նրանց տեղեկացնելով, ներպետական օրենքով սահմանված պայմաններին համապատասխան, իրենց իրավունքների եւ իրենց տրամադրության տակ եղած ծառայությունների, իրենց բողոքներին տրված ընթացքի, առաջադրված մեղադրանքների, քննության կամ վարույթի ընթացքի, դրանցում իրենց դերի, ինչպես նաեւ իրենց գործի ելքի մասին.

դ)   հնարավորություն տալով զոհերին, ներպետական օրենքով սահմանված դատավարական կանոնների համաձայն, ուղղակիորեն կամ միջնորդի միջոցով լսվելու, ապացույցներ, ինչպես նաեւ իրենց տեսակետները, կարիքներն ու մտահոգությունները ներկայացնելու, եւ որ դրանք հաշվի առնվեն.

ե)   զոհերին տրամադրելով օժանդակության համապատասխան ծառայություններ՝ այնպես, որ նրանց իրավունքներն ու շահերը պատշաճորեն ներկայացվեն եւ հաշվի առնվեն.

զ)   ապահովելով զոհի մասնավոր կյանքը եւ հեղինակությունը պաշտպանելուն ուղղված միջոցառումներ նախատեսելու հնարավորությունը.

է)   ապահովելով, որ հնարավորության դեպքում դատարանում կամ իրավապահ մարմիններում գտնվելու ընթացքում զոհերի եւ բռնություն կատարողների միջեւ շփումը բացառվի.

ը)   զոհերի համար ապահովելով անկախ եւ պատշաճ թարգմանչական ծառայություններ՝ այն դեպքերում, երբ զոհը դատավարության կողմ է կամ երբ նրանք ապացույցներ են ներկայացնում.

թ)   հնարավորություն տալով զոհերին, ներպետական օրենքով սահմանված կանոնների համաձայն, ցուցմունքներ տալու՝ առանց դատական նիստին ներկայանալու կամ, առնվազն, ենթադրաբար բռնություն կատարած անձի բացակայությամբ, մասնավորապես, հասանելիության դեպքում, հաղորդակցման համապատասխան տեխնոլոգիաների օգտագործմամբ։

2.   Կանանց նկատմամբ բռնության կամ ընտանեկան բռնության զոհ կամ վկա դարձած երեխաներին, համապատասխան դեպքերում, պետք է տրամադրվեն պաշտպանության հատուկ միջոցներ՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը։

Հոդված 57.   Իրավաբանական օգնությունը

Կողմերը, ներպետական օրենքով սահմանված պայմանների համաձայն, զոհերի համար ապահովում են իրավաբանական ծառայություններից եւ անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու իրավունքը։

Հոդված 58.   Վաղեմության ժամկետները

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի 36-րդ, 37-րդ, 38-րդ եւ 39-րդ հոդվածների համաձայն սահմանված իրավախախտումների առնչությամբ ցանկացած տեսակի վարույթ հարուցելու վաղեմության ժամկետները լինեն այնպիսի տեւողությամբ, որը կլինի բավարար եւ խնդրո առարկա իրավախախտման ծանրությանը համաչափ՝ թույլ տալով արդյունավետորեն վարույթ հարուցել զոհի չափահաս դառնալուց հետո:

Գլուխ VII.     Միգրացիան եւ ապաստանը

Հոդված 59.   Կացության կարգավիճակը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ այն զոհերը, որոնց կացության կարգավիճակը կախված է ամուսինների կամ զուգընկերների (դրանց՝ ներպետական օրենքով սահմանված իմաստով) կարգավիճակից, ամուսնալուծվելու կամ հարաբերությունը դադարելու դեպքում եւ եթե առկա են առանձնակի բարդ հանգամանքներ, իրենց դիմումի հիման վրա ստանան կացության առանձին թույլտվություն՝ անկախ ամուսնության կամ հարաբերության տեւողությունից։ Կացության առանձին թույլտվություն տալու պայմանները եւ դրա տեւողությունը սահմանվում են ներպետական օրենքով։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ զոհերին տրվի արտաքսման վարույթի կասեցման հնարավորություն՝ այն դեպքում, երբ տվյալ վարույթը հարուցված է այն հիմքով, որ իրենց կացության կարգավիճակը կախված է ամուսնու կամ զուգընկերոջ (դրանց՝ ներպետական օրենքով սահմանված իմաստով) կացության կարգավիճակից, որպեսզի նրանք կարողանան դիմել կացության առանձին թույլտվություն ստանալու համար։

3.   Կողմերը զոհերին տրամադրում են թարմացման հնարավորությամբ կացության թույլտվություն՝ հետեւյալ երկու իրավիճակներից մեկի կամ միաժամանակ երկուսի առկայության դեպքում՝

ա)    եթե իրավասու մարմինը կարծում է, որ զոհի մնալն անհրաժեշտ է նրա անձնական դրության բերումով.

բ)   եթե իրավասու մարմինը կարծում է, որ զոհի մնալն անհրաժեշտ է քննության կամ քրեական վարույթի ընթացքում իրավասու մարմինների հետ համագործակցելու նպատակով։

4. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ հարկադիր ամուսնության զոհերը, որոնք այլ երկիր են բերվել ամուսնանալու նպատակով եւ որոնք դրա հետեւանքով կորցրել են իրենց փաստացի հիմնական բնակության վայրի երկրում ունեցած կացության կարգավիճակը, հնարավորություն ունենան վերականգնելու այն։

Հոդված 60.   Գենդերային հիմքով ապաստան ստանալու հայցերը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնությունը հնարավոր լինի ճանաչել որպես հետապնդում՝ Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի 1-ին հոդվածի «ա» մասի 2-րդ կետի իմաստով, եւ որպես ծանր վնասի ձեւ, որը հիմք է տալիս լրացուցիչ կամ սուբսիդիար պաշտպանության համար։

2. Կողմերն ապահովում են, որ Կոնվենցիայի հիմքերից յուրաքանչյուրը մեկնաբանվի նաեւ գենդերային տեսանկյունից, եւ որ այդ հիմքերից մեկի կամ մի քանիսի պատճառով հետապնդման երկյուղի առկայությունը հաստատվելու դեպքում դիմումատուներին տրվի փախստականի կարգավիճակ՝ կիրառելի համապատասխան իրավական փաստաթղթերին համապատասխան։

3. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ, որպեսզի ապաստան հայցողների համար մշակվեն գենդերային խնդիրները հաշվի առնող ընդունման ընթացակարգեր եւ օժանդակության ծառայություններ, ինչպես նաեւ գենդերային ուղեցույցներ եւ գենդերային խնդիրները հաշվի առնող՝ ապաստան տրամադրելու ընթացակարգեր՝ ներառյալ փախստականի կարգավիճակ տալու հարցի լուծումը եւ միջազգային պաշտպանության համար դիմելը։

Հոդված 61.   Արտաքսելուց հրաժարվելը

1.    Կողմերը ձեռնարկում են օրենսդրական եւ այլ անհրաժեշտ միջոցառումներ՝ գործող միջազգային իրավունքի համաձայն ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ արտաքսելուց հրաժարվելու սկզբունքը պահպանելու համար։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ կանանց նկատմամբ բռնության զոհ դարձած եւ պաշտպանության կարիք ունեցող անձինք, անկախ իրենց կացության կամ այլ կարգավիճակից, որեւէ պարագայում հետ չուղարկվեն որեւէ երկիր, որտեղ նրանց կյանքը կարող է ռիսկի տակ լինել կամ որտեղ նրանք կարող են ենթարկվել խոշտանգման կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։

Գլուխ VIII.    Միջազգային համագործակցությունըՀոդվ

ած 62.   Ընդհանուր սկզբունքները

1.    Կողմերը հնարավորինս լայն համագործակցություն են իրականացնում միմյանց հետ՝ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան եւ քաղաքացիական ու քրեական գործերով համագործակցության մասին միջազգային եւ տարածաշրջանային իրավական փաստաթղթերի, միասնական կամ փոխադարձ օրենսդրությամբ եւ ներպետական օրենքներով նախատեսվող կարգավորումների հիման վրա՝ հետեւյալ նպատակներով՝

ա)    սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի կանխարգելում, դրանց դեմ պայքար ու դրանց առնչությամբ հետապնդման իրականացում.

բ)   զոհերի համար պաշտպանության ապահովում եւ աջակցության տրամադրում.

գ)   սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների առնչությամբ քննության կամ վարույթի իրականացում.

դ)   Կողմերի դատական մարմինների կողմից կայացված՝ քաղաքացիական եւ քրեական գործերով համապատասխան դատական ակտերի, այդ թվում՝ պաշտպանիչ կարգադրությունների կատարում:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված ցանկացած իրավախախտման զոհ դարձած անձինք իրավախախտումը զոհի բնակության վայրի պետություն չհանդիսացող Կողմի տարածքում կատարվելու դեպքում հնարավորություն ունենան իրավախախտման մասին բողոք ներկայացնելու իրենց բնակության վայրի պետության իրավասու մարմիններ։

3.   Եթե որեւէ Կողմ, որը քրեական գործերով փոխադարձ իրավական օգնությունը, հանձնումը կամ սույն Կոնվենցիայի մեկ այլ Կողմի կողմից քաղաքացիական եւ քրեական գործերով կայացված դատական ակտերի կատարումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, նման փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ հայցում է ստանում այնպիսի Կողմից, որի հետ նա չունի այդպիսի պայմանագիր, ապա այն կարող է սույն Կոնվենցիան դիտարկել որպես իրավական հիմք՝ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության, հանձնման եւ մեկ այլ Կողմի կողմից սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների առնչությամբ քաղաքացիական ու քրեական գործերով կայացված դատական ակտերը կատարելու նպատակով։

4.   Կողմերը կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը պետք է ձգտեն ընդգրկել հօգուտ երրորդ պետությունների իրականացվող զարգացման նպատակով աջակցության ծրագրերում՝ ի թիվս այլնի՝ երրորդ պետությունների հետ զոհերի պաշտպանությունը 18-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն դյուրացնելու նպատակով երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր կնքելու միջոցով։

Հոդված 63.   Ռիսկի տակ գտնվող անձանց հետ կապված միջոցառումները

Եթե Կողմը, որը տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք ողջամիտ հիմքեր են տալիս ենթադրելու, որ որեւէ անձ գտնվում է մեկ այլ Կողմի տարածքում սույն Կոնվենցիայի 36-րդ, 37-րդ, 38-րդ եւ 39-րդ հոդվածներում նշված բռնարարքների ենթարկվելու անմիջական ռիսկի տակ, ապա այդ տեղեկություններին տիրապետող Կողմին կոչ է արվում այդ տեղեկություններն անհապաղ փոխանցել այն Կողմին, որտեղ այդ արարքները կարող են կատարվել՝ ապահովելու համար, որ ձեռնարկվեն պաշտպանության համապատասխան միջոցներ։ Համապատասխան դեպքերում այս տեղեկությունները պետք է մանրամասներ պարունակեն պաշտպանությանն առնչվող գործող դրույթների մասին, որոնք սահմանված են հօգուտ ռիսկի տակ գտնվող անձի։

Հոդված 64.   Տեղեկատվությունը

1.    Հայցվող Կողմը հայցող Կողմին անհապաղ տեղյակ է պահում սույն գլխի դրույթների համաձայն ձեռնարկված գործողությունների վերջնական արդյունքի մասին: Հայցվող Կողմը հայցող Կողմին անհապաղ տեղյակ է պահում նաեւ այն բոլոր հանգամանքների մասին, որոնք անհնարին են դարձնում կամ որոնց պատճառով հավանական է, որ նշանակալիորեն կձգձգվի հայցվող գործողությունների կատարումը։

2.   Կողմը, իր ներպետական օրենքի սահմաններում, առանց նախապես հայցում ստանալու, կարող է մեկ այլ Կողմի փոխանցել իր սեփական քննության շրջանակներում ձեռք բերված տեղեկությունները, եթե կարծում է, որ նման տեղեկությունների բացահայտումը ստացող Կողմին կարող է օգնել սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումներ կանխելու կամ նման իրավախախտումների առնչությամբ քննություն կամ վարույթ հարուցելու կամ իրականացնելու հարցում, կամ եթե կարծում է, որ դրա արդյունքում այդ Կողմը կարող է դիմել համագործակցության հայցմամբ։

3.   Սույն հոդվածի 2-րդ պարբերությանը համապատասխան որեւէ տեղեկություն ստացող Կողմն այդ տեղեկությունը ներկայացնում է իր իրավասու մարմիններին, որպեսզի նպատակահարմար համարվելու դեպքում հարուցվի համապատասխան վարույթ կամ որպեսզի այդ տեղեկությունը հաշվի առնվի քաղաքացիական եւ քրեական համապատասխան վարույթների շրջանակներում։

Հոդված 65.   Տվյալների պաշտպանությունը

Կողմերն անձնական տվյալները պետք է պահպանեն եւ օգտագործեն «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի (ETS թիվ 108) ներքո ստանձնած պարտավորություններին համապատասխան։

Գլուխ IX.      Մոնիթորինգի մեխանիզմը

Հոդված 66.   Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագիտական խումբը

1.    Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագիտական խումբը (այսուհետ՝ ԳՐԵՎԻՕ) մոնիթորինգ է իրականացնում Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի կիրարկման նկատմամբ։

2.   ԳՐԵՎԻՕ-ն պետք է ունենա նվազագույնը տասը եւ առավելագույնը տասնհինգ անդամ՝ պահպանելով գենդերային եւ աշխարհագրական հավասարակշռություն, ինչպես նաեւ ապահովելով փորձագիտական բազմաշերտություն։ Դրա անդամներն ընտրվում են Կողմերի կոմիտեի կողմից՝ Կողմերի կողմից ներկայացված՝ իրենց քաղաքացիների թվից ընտրված թեկնածուների ցանկից, չորս տարի ժամկետով՝ անընդմեջ վերընտրվելու մեկ հնարավորությամբ։

3.   Առաջին տասն անդամների ընտրությունը պետք է անցկացվի սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։ Լրացուցիչ հինգ անդամների ընտրությունը պետք է անցկացվի 25-րդ վավերացումից կամ միացումից հետո։

4.   ԳՐԵՎԻՕ-ի անդամների ընտրության հիմքում պետք է դրվեն հետեւյալ սկզբունքները՝

ա)    նրանք պետք է ընտրվեն թափանցիկ ընթացակարգով՝ բարոյական բարձր բնութագիր ունեցող, մարդու իրավունքների, գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կամ զոհերին աջակցություն ու պաշտպանություն տրամադրելու ասպարեզում իրենց ձեռնահասությամբ հայտնի կամ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բնագավառներում մասնագիտական փորձառություն դրսեւորած անձանց թվից.

բ)   միեւնույն պետության քաղաքացի հանդիսացող երկու անձանց անդամությունը ԳՐԵՎԻՕ-ում արգելվում է.

գ)   նրանք պետք է ներկայացնեն հիմնական իրավական համակարգերը.

դ)   նրանք պետք է ներկայացնեն կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության բնագավառում գործող համապատասխան դերակատարների եւ գերատեսչությունների.

ե)   նրանք հանդես են գալիս անձամբ իրենց անունից, իրենց գործառույթներն իրականացնելիս անկախ են ու անկողմնակալ եւ պետք է հասանելի լինեն՝ իրենց պարտականություններն արդյունավետորեն կատարելու համար։

5.   ԳՐԵՎԻՕ-ի անդամների ընտրության կարգը որոշվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից՝ Կողմերի հետ խորհրդակցելուց եւ նրանց միաձայն համաձայնությունն ստանալուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում։

6.   ԳՐԵՎԻՕ-ն ընդունում է իր սեփական կանոնակարգը։

7.   ԳՐԵՎԻՕ-ի անդամները, ինչպես նաեւ 68-րդ հոդվածի 9-րդ եւ 14-րդ պարբերություններով սահմանված կարգով այլ երկրներ այցելություններ կատարող պատվիրակությունների այլ անդամներ օգտվում են սույն Կոնվենցիայի հավելվածով սահմանված արտոնություններից եւ անձեռնմխելիությունից։

Հոդված 67.   Կողմերի կոմիտեն

1.    Կողմերի կոմիտեն կազմված է Կոնվենցիայի Կողմերի ներկայացուցիչներից։

2.   Կողմերի կոմիտեն գումարվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից։ Դրա առաջին նիստն անցկացվում է Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ ԳՐԵՎԻՕ-ի անդամների ընտրության նպատակով։ Այնուհետեւ դրա նիստերը գումարվում են Կողմերի մեկ երրորդի, Կողմերի կոմիտեի նախագահի կամ գլխավոր քարտուղարի հայցմամբ։

3.   Կողմերի կոմիտեն ընդունում է իր սեփական կանոնակարգը։

Հոդված 68.  Ընթացակարգը

1.    Կողմերը ԳՐԵՎԻՕ-ի քննարկմանը ներկայացվելու նպատակով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին են ներկայացնում ԳՐԵՎԻՕ-ի կողմից կազմված հարցաշարի հիման վրա նախապատրաստված զեկույց՝ սույն Կոնվենցիայի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկված օրենսդրական եւ այլ միջոցառումների մասին։

2.   Սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն ներկայացված զեկույցը ԳՐԵՎԻՕ-ի կողմից քննարկվում է տվյալ Կողմի ներկայացուցիչների հետ։

3.   Գնահատման հետագա ընթացակարգը բաժանվում է փուլերի, որոնց տեւողությունը որոշվում է ԳՐԵՎԻՕ-ի կողմից։ Յուրաքանչյուր փուլի սկզբում ԳՐԵՎԻՕ-ն առանձնացնում է այն դրույթները, որոնց վրա հիմնվելու է գնահատման ընթացակարգը, եւ ուղարկում է հարցաշար։

4.   ԳՐԵՎԻՕ-ն սահմանում է մոնիթորինգի ընթացակարգն իրականացնելու համար նպատակահարմար միջոցները։ Մասնավորապես, այն կարող է գնահատման յուրաքանչյուր փուլի համար մշակել հարցաշար, որը կծառայի որպես հիմք՝ Կողմերի կողմից կիրարկման գնահատման ընթացակարգի համար։ Այդ հարցաշարը պետք է հասցեագրվի բոլոր Կողմերին։ Կողմերը պետք է պատասխանեն այդ հարցաշարին, ինչպես նաեւ տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ ԳՐԵՎԻՕ-ի ցանկացած այլ հայցման։

5.   ԳՐԵՎԻՕ-ն Կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ տեղեկություններ կարող է ստանալ հասարակական կազմակերպություններից եւ քաղաքացիական հասարակությունից, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային կառույցներից։

6.   ԳՐԵՎԻՕ-ն պետք է պատշաճ ուշադրություն դարձնի արդեն իսկ առկա տեղեկություններին, որոնք հասանելի են սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բնագավառներում գործող տարածաշրջանային եւ միջազգային այլ իրավական փաստաթղթերի ու մարմինների միջոցով։

7.   Գնահատման յուրաքանչյուր փուլի համար հարցաշար մշակելիս ԳՐԵՎԻՕ-ն պատշաճորեն հաշվի է առնում առկա այն տվյալները եւ հետազոտությունները, որոնք Կողմերի կողմից համապատասխանաբար հավաքվել եւ կատարվել են սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածին համապատասխան։

8.   ԳՐԵՎԻՕ-ն Կոնվենցիայի կատարման վերաբերյալ տեղեկություններ կարող է ստանալ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարից, Խորհրդարանական վեհաժողովից եւ Եվրոպայի խորհրդի, ինչպես նաեւ միջազգային իրավական այլ փաստաթղթերի հիման վրա ստեղծված այլ համապատասխան մասնագիտացված մարմիններից։ Այդ մարմիններին ներկայացված բողոքները եւ վերջիններիս քննության արդյունքները պետք է հասանելի լինեն ԳՐԵՎԻՕ-ի համար։

9.   Ստացված տեղեկությունները ոչ բավարար լինելու կամ սույն հոդվածի 14-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերում ԳՐԵՎԻՕ-ն կարող է լրացուցիչ կազմակերպել այցելություններ այլ երկրներ՝ ազգային իշխանությունների համագործակցությամբ եւ անկախ ազգային փորձագետների աջակցությամբ։ Այդ այցերի ընթացքում ԳՐԵՎԻՕ-ին կարող են աջակցել առանձին ոլորտների մասնագետներ։

10.   ԳՐԵՎԻՕ-ն պետք է պատրաստի զեկույցի նախագիծ, որը կպարունակի գնահատման հիմքում ընկած դրույթների կիրարկման վերաբերյալ իր վերլուծությունը, ինչպես նաեւ իր խորհուրդներն ու առաջարկություններն այն մասին, թե ինչպես կարող է տվյալ Կողմը լուծել արձանագրված խնդիրները։ Զեկույցի նախագիծն ուղարկվում է գնահատում անցնող Կողմին՝ վերջինիս մեկնաբանություններն ստանալու նպատակով։ Այդ մեկնաբանությունները ԳՐԵՎԻՕ-ի կողմից հաշվի են առնվում իր զեկույցն ընդունելիս։

11.    Ստացված բոլոր տեղեկությունների եւ Կողմերի կողմից ներկայացված մեկնաբանությունների հիման վրա ԳՐԵՎԻՕ-ն ընդունում է իր զեկույցը եւ եզրակացությունները՝ համապատասխան Կողմի կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կիրարկման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։ Այս զեկույցն ու եզրակացություններն ուղարկվում են համապատասխան Կողմին եւ Կողմերի կոմիտեին։ ԳՐԵՎԻՕ-ի զեկույցն ու եզրակացությունները հրապարակվում են դրանց ընդունման պահին՝ համապատասխան Կողմի կողմից դրանց վերաբերյալ արված հնարավոր մեկնաբանությունների հետ։

12.    Չսահմանափակելով սույն հոդվածի 1-8-րդ պարբերություններով նախատեսված ընթացակարգը՝ Կողմերի կոմիտեն կարող է ԳՐԵՎԻՕ-ի զեկույցի եւ եզրակացությունների հիման վրա ընդունել այդ Կողմին ուղղված հանձնարարականներ՝ ա) ԳՐԵՎԻՕ-ի եզրակացությունները կիրարկելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների մասին՝ անհրաժեշտության դեպքում նշելով դրանց կիրարկման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու ժամկետ, եւ բ) Կոնվենցիայի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով այդ Կողմի հետ համագործակցությունը խթանելուն ուղղված։

13.    Եթե ԳՐԵՎԻՕ-ն ստանում է հավաստի տեղեկություններ, որոնք մատնացույց են անում այնպիսի իրավիճակի առկայություն, որը պահանջում է անհապաղ արձագանք՝ Կոնվենցիայի ծանր խախտումները կանխելու կամ դրանց մասշտաբները կամ թիվը սահմանափակելու համար, ապա այն կարող է հայցել, որ անհապաղ ներկայացվի հատուկ զեկույց՝ այն միջոցառումների վերաբերյալ, որոնք ձեռնարկվել են կանանց նկատմամբ բռնության ծանր, մասսայական կամ շարունակական դրսեւորումները կանխելու նպատակով։

14.    Հաշվի առնելով համապատասխան Կողմի կողմից ներկայացված, ինչպես նաեւ իրեն հասանելի ցանկացած այլ հավաստի տեղեկություններ՝ ԳՐԵՎԻՕ-ն իր անդամներից մեկին կամ մի քանիսին կարող է օժտել հետաքննություն անցկացնելու եւ ԳՐԵՎԻՕ-ին անհապաղ զեկուցելու լիազորությամբ։ Անհրաժեշտության դեպքում եւ տվյալ Կողմի համաձայնությամբ՝ այդ հետաքննությունը կարող է ներառել նաեւ այցելություն այդ Կողմի տարածք։

15.    Սույն հոդվածի 14-րդ պարբերության մեջ նշված հետաքննությամբ պարզված տեղեկություններն ուսումնասիրելուց հետո ԳՐԵՎԻՕ-ն դրանք ուղարկում է համապատասխան Կողմին եւ, նպատակահարմարության դեպքում, Կողմերի կոմիտեին եւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին՝ բոլոր մեկնաբանություններով եւ հանձնարարականներով։

Հոդված 69.   Ընդհանուր հանձնարարականները

Նպատակահարմարության դեպքում ԳՐԵՎԻՕ-ն կարող է ընդունել սույն Կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ ընդհանուր հանձնարարականներ։

Հոդված 70.   Խորհրդարանական մասնակցությունը մոնիթորինգի գործընթացին

1.    Ազգային խորհրդարանները հրավիրվում են մասնակցելու սույն Կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների նկատմամբ մոնիթորինգի իրականացման գործընթացին։

2.   Կողմերը ԳՐԵՎԻՕ-ի զեկույցները ներկայացնում են իրենց ազգային խորհրդարաններ։

3.   Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրավիրվում է պարբերաբար ամփոփելու սույն Կոնվենցիայի կիրարկման արդյունքները։

ԳԼՈՒԽ X.    Հարաբերակցությունը այլ միջազգային իրավական փաստաթղթերի հետ

Հոդված 71.    Հարաբերակցությունը այլ միջազգային իրավական փաստաթղթերի հետ

1.    Սույն Կոնվենցիայով չեն սահմանափակվում այլ այնպիսի միջազգային իրավական փաստաթղթերից բխող պարտավորությունները, որոնց Կողմ են կամ Կողմ եմ դառնալու սույն Կոնվենցիայի Կողմերը եւ որոնք պարունակում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերին վերաբերող դրույթներ։

2.   Սույն Կոնվենցիայի Կողմերը սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի շուրջ միմյանց միջեւ կարող են կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր՝ Կոնվենցիայի դրույթները լրացնելու կամ ամրապնդելու կամ դրանով ամրագրված սկզբունքների կիրառումը դյուրացնելու նպատակով։

Գլուխ XI.      Կոնվենցիայի փոփոխությունները

Հոդված 72.   Փոփոխությունները

1.    Որեւէ Կողմի կողմից սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու մասին ներկայացված ցանկացած առաջարկ հաղորդվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին եւ վերջինիս կողմից ուղարկվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, բոլոր ստորագրողներին, բոլոր Կողմերին, Եվրոպական միություն, 75-րդ հոդվածի դրույթների համաձայն սույն Կոնվենցիան ստորագրելու հրավիրված բոլոր պետություններ եւ 76-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ սույն Կոնվենցիային միանալու հրավիրված բոլոր պետություններ։

2.   Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկում է առաջարկված փոփոխությունը եւ Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող սույն Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելուց հետո կարող է ընդունել փոփոխությունը Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20(դ) հոդվածով սահմանված՝ ձայների մեծամասնությամբ։

3.   Նախարարների կոմիտեի կողմից սույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն ընդունված ցանկացած փոփոխության տեքստ ուղարկվում է Կողմերին՝ ընդունման համար։

4.   Սույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն ընդունված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում բոլոր Կողմերի կողմից դրա ընդունման մասին Գլխավոր քարտուղարին հայտնելու օրվանից մեկամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

Շարունակելի


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ստամբուլյան կոնվենցիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon