Ստամբուլյան կոնվենցիա (մաս 1-ին)

Իրազեկիչ 29.07.2019   15:16   108
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա

Նախաբան

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները եւ մյուս ստորագրող Կողմերը,

Վկայակոչելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան (ETS թիվ 5, 1950 թվական) եւ դրա Արձանագրությունները, Եվրոպական սոցիալական խարտիան (ETS թիվ 35, 1961 թվական, 1996 թվականի փոփոխություններով, ETS թիվ 163), Եվրոպայի խորհրդի «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին» կոնվենցիան (CETS թիվ 197, 2005 թվական) եւ Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից ու սեռական ոտնձգություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան (CETS թիվ 201, 2007 թվական).

Վկայակոչելով Նախարարների կոմիտեի կողմից Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ուղղված հետեւյալ հանձնարարականները՝ «Բռնությունից կանանց պաշտպանության մասին» Rec(2002)5 հանձնարարականը, «Գենդերային հավասարության չափանիշների եւ մեխանիզմների մասին» CM/Rec(2007)17 հանձնարարականը, «Հակամարտությունների կանխարգելման ու լուծման եւ խաղաղության հաստատման ընթացքում կանանց ու տղամարդկանց դերի մասին» CM/Rec(2010)10 հանձնարարականը եւ այլ վերաբերելի հանձնարարականներ.

Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի աճող նախադեպային իրավունքը, որով կարեւոր չափանիշներ են ամրագրվում կանանց դեմ բռնության ոլորտում.

Հաշվի առնելով «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (1966 թվական), «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (1966 թվական), Միավորված ազգերի կազմակերպության «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան («ԿԽՎԿ», 1979 թվական) եւ դրա Կամընտիր արձանագրությունը (1999 թվական), ինչպես նաեւ ԿԽՎԿ կոմիտեի «Կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ» թիվ 19 ընդհանուր հանձնարարականը, Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան (1989 թվական) եւ դրա Կամընտիր արձանագրությունները (2000 թվական) եւ Միավորված ազգերի կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան (2006 թվական).

Հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (2002 թվական).

Վկայակոչելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները եւ հատկապես «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնեւի (IV) կոնվենցիան (1949 թվական) եւ դրան կից I ու II լրացուցիչ արձանագրությունները (1977 թվական).

Դատապարտելով կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության բոլոր ձեւերը.

Գիտակցելով, որ կանանց եւ տղամարդկանց միջեւ իրավական եւ փաստացի հավասարության իրագործումն առանցքային դեր է խաղում կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու գործում.

Գիտակցելով, որ կանանց նկատմամբ բռնությունը կանանց եւ տղամարդկանց միջեւ պատմականորեն անհավասար ուժային հարաբերությունների դրսեւորում է, որը հանգեցրել է տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ գերիշխանության ու խտրականության եւ կանխել է կանանց լիարժեք առաջադիմությունը.

Գիտակցելով կանանց նկատմամբ բռնության՝ որպես գենդերային հիմքով բռնության կառուցվածքային բնույթը, եւ որ կանանց նկատմամբ բռնությունն այն առանցքային սոցիալական մեխանիզմներից մեկն է, որոնց միջոցով կանայք հարկադրաբար ենթակա դիրք են զբաղեցնում տղամարդկանց նկատմամբ.

Գիտակցելով՝ խորը մտահոգությամբ, որ կանայք եւ աղջիկները հաճախ ենթարկվում են բռնության այնպիսի լուրջ ձեւերի, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, սեռական ոտնձգությունը, բռնաբարությունը, հարկադիր ամուսնությունը, հանուն այսպես կոչված «պատվի» կատարվող հանցագործությունները եւ սեռական օրգանների խեղումը, որոնք կանանց եւ աղջիկների՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում են եւ կանանց ու տղամարդկանց միջեւ հավասարության հասնելու մեծ խոչընդոտ.

Գիտակցելով զինված հակամարտությունների ընթացքում մարդու իրավունքների շարունակական խախտումները, որոնցից տուժում է քաղաքացիական բնակչությունը, հատկապես՝ կանայք՝ համատարած կամ պարբերական բռնաբարությունների եւ սեռական բռնության ձեւով, եւ որոնք մեծացնում են գենդերային հիմքով բռնության աճի հավանականությունը՝ ինչպես այդ հակամարտությունների ընթացքում, այնպես էլ դրանցից հետո.

Գիտակցելով, որ կանայք եւ աղջիկները գտնվում են գենդերային հիմքով բռնության ենթարկվելու ավելի մեծ ռիսկի տակ, քան տղամարդիկ.

Գիտակցելով, որ ընտանեկան բռնությունը կանանց նկատմամբ դրսեւորվում է անհամաչափորեն, եւ որ տղամարդիկ նույնպես կարող են ընտանեկան բռնության զոհ լինել.

Գիտակցելով, որ երեխաներն ընտանեկան բռնության զոհ են, այդ թվում՝ որպես ընտանիքում տեղի ունեցած բռնության վկաներ.

Ձգտելով ստեղծել կանանց նկատմամբ բռնությունից եւ ընտանեկան բռնությունից զերծ Եվրոպա,

Համաձայնեցին հետեւյալի շուրջ՝

Գլուխ I.  Նպատակները, հասկացությունները, հավասարություն եւ ոչ խտրական վերաբերմունք, ընդհանուր պարտավորությունները

Հոդված 1. Կոնվենցիայի նպատակները

1. Սույն Կոնվենցիայի նպատակներն են՝

ա) պաշտպանել կանանց բռնության բոլոր ձեւերից եւ կանխարգելել, հետապնդել եւ վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանեկան բռնությունը.

բ) նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացմանն ու խթանել կանանց եւ տղամարդկանց միջեւ իրական հավասարությունը, այդ թվում՝ կանանց ազատականացման միջոցով.

գ) մշակել կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության բոլոր զոհերի պաշտպանությանն ու նրանց աջակցություն տրամադրելուն ուղղված իրավական նորմերի համապարփակ շրջանակ, քաղաքականություն եւ միջոցառումներ.

դ) խթանել միջազգային համագործակցությունը՝ կանանց նկատմամբ բռնությունը եւ ընտանեկան բռնությունը վերացնելու նպատակով.

ե) օժանդակություն եւ աջակցություն տրամադրել կազմակերպություններին եւ իրավապահ մարմիններին՝ կանանց նկատմամբ բռնությունը եւ ընտանեկան բռնությունը վերացնելու ուղղությամբ միասնական մոտեցում ձեւավորելու նպատակով արդյունավետորեն համագործակցելու համար։

2. Կողմերի կողմից Կոնվենցիայի դրույթների արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով սույն Կոնվենցիայով սահմանվում է մոնիթորինգի հատուկ մեխանիզմ:

Հոդված 2. Կոնվենցիայի գործողության ոլորտը

1.    Սույն Կոնվենցիան կիրառվում է կանանց նկատմամբ բռնության բոլոր ձեւերի նկատմամբ՝ ներառյալ ընտանեկան բռնությունը, որը կանանց նկատմամբ դրսեւորվում է անհամաչափորեն:

2.   Կողմերին խրախուսվում է սույն Կոնվենցիան կիրառել ընտանեկան բռնության բոլոր զոհերի նկատմամբ։ Սույն Կոնվենցիայի դրույթները կիրարկելիս Կողմերը պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն գենդերային հիմքով բռնության կին զոհերին։

3. Սույն Կոնվենցիան կիրառվում է խաղաղ ժամանակ եւ զինված հակամարտության իրավիճակներում։

Հոդված 3.  Հասկացությունները

Սույն Կոնվենցիայի նպատակով՝

ա)    «կանանց նկատմամբ բռնություն»-ը հասկացվում է որպես մարդու իրավունքների խախտում ու կանանց նկատմամբ խտրականության ձեւ եւ նշանակում է գենդերային հիմքով այն բոլոր բռնարարքները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել կանանց ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական վնաս կամ տառապանք պատճառելուն, այդ թվում՝ այդպիսի բռնարարքների սպառնալիքները, հարկադրանքը կամ ազատությունից կամայական զրկումը՝ լինեն դրանք հանրային, թե անձնական կյանքի մակարդակով.

բ) «ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բոլոր բռնարարքները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջեւ՝ անկախ նրանից՝ կատարողը բնակվում է կամ բնակվել է զոհի հետ նույն բնակարանում, թե ոչ.

գ) «գենդերային» նշանակում է հասարակության ներսում ձեւավորված դերեր, վարքագիծ, գործունեություն եւ առանձնահատկություններ, որոնք տվյալ հասարակությունը պատշաճ է համարում կանանց եւ տղամարդկանց համար.

դ) «գենդերային հիմքով բռնություն կանանց նկատմամբ» նշանակում է բռնություն, որը կնոջ նկատմամբ դրսեւորվում է նրա կին լինելու պատճառով կամ որը կանանց նկատմամբ դրսեւորվում է անհամաչափորեն.

ե) «զոհ» նշանակում է ցանկացած ֆիզիկական անձ, որը ենթարկվում է (ա) եւ (բ) կետերում նշված վարքագծի դրսեւորման.

զ) «կանայք» արտահայտությունը վերաբերում է նաեւ 18 տարին չլրացած աղջիկներին։

Հոդված 4. Հիմնարար իրավունքները, հավասարությունն ու ոչ խտրական վերաբերմունքը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ խթանելու եւ պաշտպանելու համար յուրաքանչյուրի, հատկապես՝ կանանց իրավունքը՝ ապրելու առանց բռնության՝ ինչպես հանրային, այնպես էլ անձնական ոլորտներում։

2. Կողմերը դատապարտում են կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերը եւ առանց հապաղելու ձեռնարկում անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ այն կանխելու համար, մասնավորապես՝

– իրենց ազգային սահմանադրություններում կամ համապատասխան այլ օրենսդրությունում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության սկզբունքն ամրագրելով եւ ապահովելով այդ սկզբունքի իրագործումը գործնականում.

– արգելելով կանանց նկատմամբ խտրականությունը, այդ թվում, համապատասխան դեպքերում՝ պատժամիջոցների սահմանման միջոցով.

–  վերացնելով կանանց նկատմամբ խտրական բնույթ կրող օրենքներն ու գործելակերպը:

3.   Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կիրարկումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները, ապահովվում են առանց որեւէ, այդ թվում՝ սեռի, գենդերային պատկանելության, ռասայի, մաշկի գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնությանը պատկանելու, գույքային դրության, ծննդի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, տարիքի, առողջական վիճակի, հաշմանդամության առկայության, ամուսնական կարգավիճակի, միգրանտի կամ փախստականի կամ այլ կարգավիճակի հիմքով խտրականության:

4.   Հատուկ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են գենդերային հիմքով բռնությունը կանխելու եւ կանանց դրանից պաշտպանելու համար, չեն համարվում սույն Կոնվենցիայի իմաստով խտրականության դրսեւորման ձեւ։

Հոդված 5. Պետությունների պարտավորությունները եւ պատշաճ զգուշավորությունը

1. Կողմերը ձեռնպահ են մնում կանանց նկատմամբ որեւէ բռնարարքի մեջ ներգրավվելուց եւ ապահովում են, որ պետական մարմինները, պաշտոնատար անձինք, ներկայացուցիչները, կառույցները եւ պետության անունից հանդես եկող այլ դերակատարներ գործեն սույն պարտավորությանը համապատասխան։

2. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ գործելու համար պատշաճ զգուշավորությամբ՝ ոչ պետական դերակատարների կողմից կատարված՝ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտի մեջ մտնող բռնարարքները կանխելու, քննելու, պատժելու եւ դրանց համար հատուցում ապահովելու նպատակով:

Հոդված 6. Գենդերային խնդիրները հաշվի առնող քաղաքականություն

Կողմերը հանձն են առնում սույն Կոնվենցիայի դրույթների կիրարկմանը եւ դրանց ներգործության գնահատմանը մոտենալ նաեւ գենդերային խնդիրների տեսանկյունից եւ խթանել ու գործնականորեն իրականացնել կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությանն ու կանանց ազատականացմանն ուղղված քաղաքականություն։

Գլուխ II. Միասնական քաղաքականություն եւ տվյալների հավաքում

Հոդված 7. Համապարփակ եւ համակարգված քաղաքականություն

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ընդունելու եւ իրականացնելու համար արդյունավետ, համապարփակ եւ համակարգված համապետական քաղաքականություն, որը կներառի սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերը կանխելու եւ դրանց դեմ պայքարելու, ինչպես նաեւ կանանց նկատմամբ բռնությանն ամբողջական պատասխան առաջարկելու համար բոլոր համապատասխան միջոցառումները:

2.   Կողմերը ապահովում են, որ 1-ին պարբերության մեջ նշված քաղաքականության մեջ զոհի իրավունքները դրվեն բոլոր միջոցառումների հիմքում, եւ այդ քաղաքականությունն իրականացվի բոլոր շահագրգիռ գերատեսչությունների, կառույցների եւ կազմակերպությունների միջեւ արդյունավետ համագործակցության միջոցով:

3.   Սույն հոդվածի համաձայն ձեռնարկված բոլոր միջոցառումները, անհրաժեշտության դեպքում, պետք է ընդգրկեն բոլոր համապատասխան դերակատարներին, ինչպիսիք են՝ պետական գերատեսչությունները, ազգային, տարածքային եւ տեղական խորհրդարաններն ու կառավարման մարմինները, մարդու իրավունքների ազգային կառույցները եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:

Հոդված 8. Ֆինանսական ռեսուրսները

Կողմերը համապատասխան ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ են հատկացնում սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկված բռնության բոլոր ձեւերը կանխելուն եւ դրանց դեմ պայքարելուն ուղղված միասնական քաղաքականությունը, միջոցառումներն ու ծրագրերը պատշաճ ձեւով իրականացնելու համար, այդ թվում՝ այնպիսիք, որոնք իրականացվում են հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության կողմից։

Հոդված 9.  Հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական հասարակությունը

Կողմերը բոլոր մակարդակներում ճանաչում, խրախուսում եւ սատարում են կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի գործում ակտիվություն ցուցաբերող համապատասխան հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության աշխատանքը եւ արդյունավետ համագործակցություն են հաստատում այդ կազմակերպությունների հետ։

Հոդված 10.  Համակարգող մարմինը

1.  Կողմերը նշանակում կամ հիմնադրում են մեկ կամ ավելի պաշտոնական մարմիններ, որոնք պատասխանատու են սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի համար մշակված քաղաքականության ու միջոցառումների համակարգման, իրականացման, մոնիթորինգի եւ գնահատման համար։ Այս մարմինները համակարգում են 11-րդ հոդվածում նշված տվյալների հավաքումը, վերլուծում եւ տարածում են դրանց արդյունքները:

2. Կողմերն ապահովում են, որ սույն հոդվածի համաձայն նշանակված կամ հիմնադրված մարմիններն ստանան VIII գլխի համաձայն ձեռնարկված միջոցառումների մասին ընդհանուր բնույթի տեղեկություններ։

3. Կողմերն ապահովում են, որ սույն հոդվածի համաձայն նշանակված կամ հիմնադրված մարմինները հնարավորություն ունենան անմիջականորեն հաղորդակցվելու այլ Կողմերի՝ իրենց գործընկեր մարմինների հետ եւ զարգացնելու նրանց հետ հարաբերությունները։

Հոդված 11.    Տվյալների հավաքում եւ հետազոտություն

1. Սույն Կոնվենցիայի իրականացման նպատակով Կողմերը պարտավորվում են՝

ա) կանոնավոր պարբերականությամբ հավաքել սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի դրսեւորման դեպքերի մասին համապատասխան տարաբաժանված վիճակագրական տվյալներ.

բ) օժանդակել սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի ոլորտում հետազոտությունների անցկացմանը՝ ուսումնասիրելու համար դրա արմատական պատճառներն ու ազդեցությունները, դրսեւորման դեպքերն ու դատապարտման ցուցանիշները, ինչպես նաեւ սույն Կոնվենցիայի կիրարկման համար ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը։

2. Կողմերը ձեռնամուխ են լինում կանոնավոր պարբերականությամբ բնակչության շրջանում հարցումներ անցկացնելուն՝ գնահատելու համար սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի տարածվածությունն ու զարգացման միտումները։

3. Կողմերը սույն Կոնվենցիայի 66-րդ հոդվածում նշված փորձագետների խմբին տրամադրում են սույն հոդվածի համաձայն հավաքված տեղեկությունները՝ միջազգային համագործակցությունը խթանելու եւ միջազգային ցուցանիշների հիման վրա կատարողականի գնահատման հնարավորություն տալու նպատակով։

4. Կողմերն ապահովում են, որ սույն հոդվածի համաձայն հավաքված տեղեկությունները մատչելի լինեն հանրության համար։

Գլուխ III.      Կանխարգելում

Հոդված 12.    Ընդհանուր պարտավորությունները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ կանանց եւ տղամարդկանց վարքագծի սոցիալական եւ մշակութային մոդելներում փոփոխությունները խթանելու համար՝ նպատակով, որ արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթներն ու մյուս բոլոր երեւույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասության կամ կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ կանխելու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության ցանկացած ձեւի դրսեւորում։

3.   Սույն գլխի համաձայն ցանկացած միջոցառում ձեռնարկելիս պետք է հաշվի առնվեն եւ բավարարվեն առանձին հանգամանքների բերումով խոցելի վիճակում հայտնված անձանց հատուկ կարիքները, եւ զոհերի մարդու իրավունքները պետք է դրվեն այդ միջոցառումների կիզակետում:

4.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ խրախուսելու համար հասարակության բոլոր անդամներին, հատկապես՝ տղամարդկանց եւ տղաներին, ակտիվորեն նպաստել սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի կանխարգելմանը։

5.   Կողմերն ապահովում են, որ մշակույթը, սովորույթները, կրոնը, ավանդույթները կամ այսպես կոչված «պատիվը» չդիտարկվեն որպես սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող որեւէ բռնարարքի հիմնավորում։

6.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ կանանց ազատականացմանն ուղղված ծրագրերն ու գործունեությունը խթանելու համար։

Հոդված 13.   Իրազեկության բարձրացումը

1.    Կողմերը կանոնավոր հիմունքներով եւ բոլոր մակարդակներով խթանում են իրազեկության բարձրացմանն ուղղված արշավների կամ ծրագրերի անցկացումը կամ անցկացնում են նման արշավներ ու ծրագրեր, այդ թվում, համապատասխան դեպքերում՝ համագործակցելով մարդու իրավունքների ներպետական կառույցների եւ հավասարության հարցերով մարմինների, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների, հատկապես՝ կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ՝ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի տարբեր դրսեւորումների, երեխաների վրա դրանց հետեւանքների եւ նման բռնությունը կանխելու անհրաժեշտության մասին լայն հասարակության իրազեկության եւ ընկալման մակարդակը բարձրացնելու նպատակով։

2.   Կողմերն ապահովում են լայն հասարակության շրջանում սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնարարքները կանխելու առկա միջոցների մասին տեղեկատվության լայն տարածումը։

Հոդված 14.   Կրթությունը

1.    Կողմերը համապատասխան դեպքերում ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր, որպեսզի պաշտոնական ուսումնական ծրագրերում եւ կրթական բոլոր մակարդակներում ընդգրկվեն կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ հարգանքի, միջանձնային հարաբերություններում տարաձայնություններն առանց բռնության լուծելու, կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի թեմաներով ուսումնական նյութեր՝ մշակված ըստ ուսումնառողների կարողությունների զարգացվածության:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ քայլերը՝ 1-ին պարբերության մեջ նշված սկզբունքների ներդրումը ոչ ֆորմալ կրթական հաստատություններում, ինչպես նաեւ մարզական, մշակութային եւ ժամանցի հաստատություններում ու լրատվամիջոցներում խթանելու ուղղությամբ։

Հոդված 15.   Մասնագետների վերապատրաստումը

1.    Կողմերը սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բոլոր բռնարարքների զոհերի եւ դրանք կատարողների հետ առնչվող համապատասխան մասնագետների համար ապահովում կամ կատարելագործում են համապատասխան դասընթացներ՝ նման բռնության կանխարգելման ու բացահայտման, տղամարդկանց եւ կանանց միջեւ հավասարության, զոհերի կարիքների ու իրավունքների, ինչպես նաեւ կրկնակի վիկտիմիզացիան կանխելու վերաբերյալ։

2.   Կողմերը խրախուսում են, որ 1-ին պարբերության մեջ նշված դասընթացները ներառեն համակարգված բազմագերատեսչական համագործակցության վերաբերյալ դասընթաց՝ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության՝ իրենց փոխանցված դեպքերով համապարփակ եւ պատշաճ աշխատանք տանելու համար։

Հոդված 16.   Կանխարգելիչ միջամտության եւ բուժման ծրագրեր

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ այնպիսի ծրագրեր հիմնելու կամ դրանց օժանդակելու համար, որոնք ուղղված են ընտանեկան բռնություն կատարողներին միջանձնային հարաբերություններում բռնությունից զերծ վարքագիծ որդեգրել սովորեցնելուն՝ հետագա բռնությունը կանխելու եւ բռնի վարքագծի դրսեւորումները փոխելու նպատակով։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ այնպիսի բուժման ծրագրեր հիմնելու կամ դրանց օժանդակելու համար, որոնք ուղղված են բռնարարքներ, մասնավորապես՝ սեռական բնույթի բռնարարքներ կատարած անձանց շրջանում նման արարքների ռեցիդիվը կանխելուն։

3.   1-ին եւ 2-րդ պարբերությունների մեջ նշված միջոցառումները ձեռնարկելիս Կողմերն ապահովում են, որ զոհերի անվտանգությունը, նրանց օժանդակություն տրամադրելն ու նրանց մարդու իրավունքները լինեն առաջնահերթ, եւ որ անհրաժեշտության դեպքում այդ ծրագրերը մշակվեն եւ իրականացվեն զոհերին մասնագիտական օժանդակություն տրամադրող ծառայությունների հետ սերտորեն համակարգված ձեւով։

Հոդված 17.    Մասնավոր հատվածի եւ լրատվամիջոցների մասնակցությունը

1.    Կողմերը, պատշաճ կերպով պահպանելով արտահայտվելու ազատությունն ու մասնավոր հատվածի, տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի եւ լրատվամիջոցների ինքնուրույնությունը, խրախուսում են նրանց՝ մասնակցելու քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, ուղեցույցների եւ ինքնակարգավորման չափանիշների սահմանմանը՝ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման եւ նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրացնելու նպատակով։

2.   Կողմերը, համագործակցելով մասնավոր հատվածի դերակատարների հետ, զարգացնում եւ խթանում են երեխաների, ծնողների եւ ուսուցանողների համապատասխան հմտությունները՝ կապված նրա հետ, թե ինչպես վարվել տեղեկատվական եւ հաղորդակցման այնպիսի միջավայրում, որտեղ սեռական կամ բռնի բնույթ կրող նվաստացուցիչ նյութերը, որոնք կարող են վնասակար լինել, դառնում են հասանելի։

Գլուխ IV.      Պաշտպանություն եւ օժանդակություն

Հոդված 18.   Ընդհանուր պարտավորությունները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ բոլոր զոհերին հետագա բռնարարքներից պաշտպանելու նպատակով։

2.   Կողմերը, ներպետական օրենքով սահմանված կարգով, ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար համապատասխան այնպիսի մեխանիզմների առկայությունը, որոնք արդյունավետ համագործակցություն կապահովեն շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, այդ թվում՝ դատական մարմինների, դատախազության, իրավապահ մարմինների, տեղական եւ տարածքային իշխանությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ու այլ շահագրգիռ կազմակերպությունների ու մարմինների միջեւ՝ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի զոհերին ու վկաներին պաշտպանելու եւ օժանդակելու գործում, այդ թվում՝ սույն Կոնվենցիայի 20-րդ եւ 22-րդ հոդվածներում մանրամասն ներկայացված ընդհանուր բնույթի եւ մասնագիտական օժանդակություն տրամադրող ծառայություններ ուղղորդելու միջոցով։

3.   Կողմերն ապահովում են, որ սույն գլխի համաձայն ձեռնարկված միջոցառումները՝

– հիմնված լինեն կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության գենդերային ընկալման վրա, եւ դրանց առանցքում դրված լինեն զոհի մարդու իրավունքներն ու անվտանգությունը.

– հիմնված լինեն զոհերի, բռնություն կատարողների, երեխաների եւ նրանց շրջապատող սոցիալական ավելի լայն միջավայրի միջեւ փոխհարաբերությունները հաշվի առնող միասնական մոտեցման վրա.

– ուղղված լինեն կրկնակի վիկտիմիզացիայից խուսափելուն.

– ուղղված լինեն բռնության կին զոհերի ազատականացմանն ու տնտեսական անկախության ապահովմանը.

– հնարավորություն տան, որ նպատակահարմարության դեպքում միեւնույն հաստատության տարածքում տեղակայված լինեն պաշտպանության եւ օժանդակության տարատեսակ ծառայություններ.

– անդրադառնան խոցելի անձանց, այդ թվում՝ երեխա զոհերի հատուկ կարիքներին եւ հասանելի լինեն նրանց համար։

4.   Ծառայությունների տրամադրումը չպետք է կախված լինի զոհի կողմից բռնություն կատարած որեւէ անձի դեմ բողոք ներկայացնելու կամ ցուցմունք տալու պատրաստակամության հանգամանքից։

5.   Կողմերը համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում՝ իրենց քաղաքացիներին ու հյուպատոսական եւ այլ տեսակի պաշտպանության իրավունք ունեցող այլ զոհերի նման պաշտպանություն եւ օժանդակություն տրամադրելու նպատակով՝ այդ Կողմերի՝ միջազգային իրավունքի ներքո ստանձնած պարտավորություններին համապատասխան։

Հոդված 19.   Տեղեկատվությունը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ զոհերն իրենց համար հասկանալի լեզվով ժամանակին ստանան պատշաճ տեղեկատվություն՝ օժանդակության հասանելի ծառայությունների եւ իրավական պաշտպանության հասանելի միջոցների մասին։

Հոդված 20.   Ընդհանուր օժանդակության ծառայությունները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ զոհերի համար հասանելի լինեն բռնությունից նրանց վերականգնումը դյուրացնող ծառայություններ։ Այս միջոցառումները, անհրաժեշտության դեպքում, պետք է ներառեն այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվությունը, ֆինանսական աջակցությունը, կացարանով ապահովումը, կրթությունը, վերապատրաստումն ու աշխատանք գտնելու հարցում աջակցությունը։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ զոհերի համար առողջապահական ու սոցիալական ծառայությունների հասանելիությունը եւ ծառայությունների՝ անհրաժեշտ ռեսուրսներով հագեցվածությունը, ինչպես նաեւ զոհերին աջակցելու եւ նրանց համապատասխան ծառայություններ ուղղորդելու համար մասնագետների պատրաստումն ապահովելու նպատակով։

Շարունակությունը՝ հաջորդիվ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ստամբուլյան կոնվենցիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon