Ստացվել է ընտրական հանցավոր իրավախախտումների մասին 24 ահազանգ

Իրադարձային 02.06.2021   17:01   60

2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ահազանգերը գրանցելու եւ հաշվառելու, հաղորդումների հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ դատախազությունից։

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է առաջիկա արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ԶԼՄ 3 հրապարակում, ֆիզիկական անձի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 17 դիմում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 19 գրառում:

Նշվածներից 19-ով, որոնցում ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ առկա տվյալները եղել են վերացական եւ ընդհանուր բնույթի,  ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է կատարել ստուգողական գործողություններ: Դրանցից 6-ի արդյունքում ստացված տվյալները չեն հաստատվել եւ թողնվել են անհետեւանք, 13-ով ստուգողական աշխատանքները շարունակվում են:

5 դեպքով, նկատի ունենալով, որ տվյալներն ի սկզբանե եղել են առարկայական, կամ, ելնելով կատարված ստուգողական աշխատանքների արդյունքներից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր, որոնք ընթացքի մեջ են:  

Ստացված եւ ուսումնասիրված առերեւույթ հանցավոր իրավախախտումների մասին վերոնշյալ ահազանգերից 19-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 5-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ կետ):

Նախապատրաստվող նյութերից 2-ի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզի, 1-ական՝ Երեւան քաղաքի, Կոտայքի, Լոռու մարզերի դատախազությունների կողմից:

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 15 դիմումների կապակցությամբ, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն բովանդակվել, քաղաքացուն տրվել է պարզաբանում կամ ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ՀՀ գլխավոր դատախազությունը կշարունակի կայուն պարբերականությամբ հանրությանն իրազեկել աշխատանքային խմբի գործունեության արդյունքների, իրավապահ մարմիններին ներկայացվող տեղեկություններում, ահազանգերում, հաղորդումներում ներկայացվող տվյալների ստուգման, հարուցվող քրեական վարույթների շրջանակում իրականացվող քննությունների ընթացքի մասին:

Հիշեցնենք, որ  ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511 - 999 հեռախոսահամարի ներքո:


 Պիտակներ
         ՀՀ գլխավոր դատախազություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb