Սրտային հիվանդությունների տեսակները երեխաների մոտ

Իրազեկիչ 16.09.2020   21:30   67

Սրտային ցանկացած հիվանդություն բավականին վտանգավոր է: Բայց երբ խոսքը գնում է երեխաների մասին, ամեն ինչ ավելի լուրջ է:
Երեխաների մոտ կարող են դեռ փոքր տարիքից նկատվել սրտի հետ կապված ամենատարբեր հիվանդությունենր, ինչպիսիք են՝ սրտի բնածին արատը, վիրուսային վարակները, որոնք ազդում են սրտի բնականոն գործունեության վրա և նույնիսկ հետագայում՝ ավելի մեծ տարիքում, դառնում սրտային ավելի լուրջ խնդրի պատճառ: Բայց, բարեբախտաբար, բժշկությունը և ժամանակակից տեխնիկան կարողացել են սրտի հիվանդություն ունեցող երեխաների կյանքը դարձնել ավելի հեշտ և ակտիվ՝ օգնելով նրանց ապրել լիարժեք կյանքով:

Սրտի բնածին արատ

Սրտի բնածին արատը սրտային հիվանդության տեսակ է, որն ի հայտ է գալիս երեխաների մոտ նրանց ծնվելու առաջին իսկ պահից: ԱՄՆ-ում ծնվող երեխաների 1 տոկոսը ծնվում է սրտի բնածին արատով: Սրտի բնածին արատը կարող է դրսևորվել հետևյալ խանգարումներով.

  • սրտի փականի խանգարում, ինչիսին է օրինակ աորտայի խցանումը կամ նեղացումը, որը սահմանափակում է արյան հոսքը,
  • ձախ սրտի հիպոպլաստիկ համախտանիշ, երբ սրտի ձախ կողմը թերզարգացած է,
  • խանգարումներ, որոնք ներառում են սրտի խոռոչները
  • Ֆալլոտի տետրալոգիա, որը 4 խանգարումների ամբողջութուն է՝
  1. փորոքային հատվածի խոռոչ,
  2. տեղահանված աորտա,
  3. սրտի աջ կողմի նեղացում,
  4. աջ փորոքի և թոքային զարկերակի միջև նեղ անցում:

Սրտի բնածին արատները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ երեխայի առողջության վրա: Սովորաբար նրանք բուժվում են վիրահատություններով, դեղամիջոցներով, իսկ ավելի ծանր դեպքերում՝ սրտի փոխպատվաստմամբ: Որոշ երեխաների անհրաժեշտ է մշտական բուժում և վերահսկողություն:

Աթերոսկլերոզ

Աթերոսկլերոզը եզրույթ է, որն օգտագործվում է զարկերակների ներսում ճարպով և խոլեստերինով լցված թիթեղները նկարագրելու համար: Դրանց քանակի աճի պատճառով զարկերակները նեղանում են և սեղմվում, ինչն էլ իր հերթին մեծացնում է արյան խցանումների և սրտի կաթվածների ռիսկը: Որպես կանոն, աթերոսկլերոզի դեպքերը հիմնականում նկատվում են մեծահասակների մոտ: 

Այնուամենայնիվ, ճարպակալումը, շաքարախտը, հիպերտոնիան և առողջական այլ խնդիրներ երեխաներին ավելի մեծ ռիսկի են ենթարկում: Բժիշկները խորհուրդ են տալիս ստուգել արյան ճնշումն ու խոլեստերինի պարունակությունն արյան մեջ այն երեխաների մոտ, որոնք ավելի բարձր ռիսկային գոտում են՝ կա ժառանգական գործոն, ունեն ավելորդ քաշ:
Բուժումը սովորաբար ներառում է կենսակերպի փոփոխություններ, ինչպիսիք են վարժությունների ավելացումը և սննդակարգի փոփոխությունները:

Առիթմիաներ

Արիթմիան սրտի աննորմալ ռիթմ է: Դրա պատճառով սրտխփոցների քանակը նորմայից տարբեր է լինում: Երեխաների մոտ կարող են առաջանալ առիթմիաների տարբեր տեսակներ, ներառյալ՝ 

  • արագ սրտխփոց (տախիկարդիա), երեխաների մոտ ամենատարածվածը սուպերվենտրիկուլյար տախիկարդիան է,
  • դանդաղ սրտխփոց (բրադիկարդիա)
  • երկար Q-T համախտանիշ (LQTS),
  • Վոլֆ-Պարկինսոն-Ուայթ համախտանիշ (WPW սինդրոմ)

Ախտանիշները կարող են ներառել.

  • թուլություն,
  • հոգնածություն,
  • գլխապտույտ:

Բուժումները կախված են առիթմիայի տեսակից և երեխայի առողջության վրա ունեցած ազդեցությունից:

Կավասակի հիվանդություն

Սա հազվագյուտ հիվանդություն է, որն առաջին հերթին ազդում է երեխաների վրա և կարող է բորբոքում առաջացնել արյունատար անոթներում, ձեռքերում, ոտքերում, բերանում, շրթունքներում և կոկորդում: Այն նաև առաջացնում է տենդ և այտուցվածություն ավշային հանգույցներում: Գիտնականները դեռևս չեն պարզել դրա առաջացման պատճառները: Ամերիկյան սրտային ասոցիացիայի (AHA) համաձայն, յուրաքանչյուր 4-րդ երեխայի մոտ այն դառնում է սրտային ավելի լուրջ հիվանդության պատճառ: Հիվանդների ճնշող մեծամասնությունը 5 տարեկանից փոքր է:  

Բուժումը կախված է հիվանդության աստիճանից, բայց հաճախ ներառում է արագ բուժում ներերակային գամմա գլոբուլինի կամ ասպիրինի (Բուֆերինի) միջոցով: Կորտիկոստերոիդները երբեմն կարող են նվազեցնել հետագա բարդությունները: Երեխաները, ովքեր տառապում են այս հիվանդությունից, հաճախ պահանջում են մշտական խնամք և դեղորայքային նշանակումներ մինչև կյանքի վերջ:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic
Աղբյուրը՝ Doctors.am



 Պիտակներ
         Սրտային հիվանդություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb