Սպանվածի որդին ոչ սթափ վիճակում վրեժ է լուծել

Իրադարձային 09.04.2021   12:05   50

Եղեգնաձոր քաղաքում կատարված սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են՝ Գետափ գյուղի բնակիչներ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել է, որ դեպքն առնչություն և պատճառահետևանքային կապ ունի նախկինում կատարված մեկ այլ հանցագործության հետ, որն անզգուշությամբ առաջացրել էր տուժողի մահը:

Մասնավորապես՝ դեռևս 2021թ. մարտի 1-ին տեղեկացրել էինք, որ Գետափ գյուղի 62-ամյա բնակչի և Եղեգնաձոր քաղաքի 44-ամյա բնակչի միջև անձնական հարցի շուրջ պարզաբանման ընթացքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս աջ ձեռքի ափով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել էր 62-ամյա տղամարդու ձախ քունքային հատվածին՝ դիտավորությամբ նրան պատճառելով ծանր մարմնական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել էր տուժողի մահը: 44-ամյա տղամարդը կալանավորվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեղադրանքով:

Դեպքից որոշ ժամանակ անց՝ 2021թ. ապրիլի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, 62-ամյա տղամարդու որդիները, իրենց հոր մահվան առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող ավտոտեխսպասարկման կետում հանդիպել են վերոհիշյալ գործով մեղադրյալ, 44-ամյա տղամարդու եղբորը՝ Եղեգնաձոր քաղաքի 43-ամյա բնակչին:

Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 62-ամյա տղամարդու որդիներից մեկը, գտնվելով ոչ սթափ վիճակում, հոր մահվան վրեժը լուծելու շարժառիթով, 43-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի, մեջքի և պարանոցի շրջաններին, որոնցից մեկը դիպել է նաև միջադեպին ներկա գտնվող և կռիվը բաժանող, իր հորեղբոր որդուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 62-ամյա տղամարդու որդիներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb