Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման

Օրենքի ուժով 27.07.2020   14:51   566

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը դատապարտվեցին 12 տարի ազատազրկման. Աթաջանյանը հիվանդության հիմքով ազատվեց պատիժը կրելուց, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը Հենրիկ Ավագյանին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի մեջ, իսկ Գարեն Աթաջանյանին՝ ՀՀ ՔՕ 235-րդ եւ ՀՀ ՔՕ 38-34-104-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության՝ ապօրինի զենք-զինամթերքի եւ սպանության փորձին օժանդակելու մեջ:

Նշենք, որ գործով մեղադրող դատախազը ճառերի փուլում դատարանին միջնորդել էր ամբաստանյալներին դատապարտել հենց 12 տարի ազատազրկման:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ մեղադրական դատավճիռ այս դատարանից սպասելի էր. «Ես անձամբ կուզեմ բողոքարկել, քանի որ այս գործով շատ ջանք ներդրեցի, որ արդարացման դատավճիռ լիներ, եւ ամեն ինչ տանում էր դրան, սակայն այս դատարանից, այս դատավորից սպասելի էր նման դատավճիռ, տեսնենք՝ իրենք ինչ կորոշեն»: Նշենք, որ գործը Նապոլեոն Օհանյանին մակագրվելուց հետո պաշտպանական կողմը նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանը երկար տարիներ մարզպետ է աշխատել Սյունիքում, եւ կան ողջամիտ կասկածներ, որ դատավորի հետ որոշակի կապեր ունի: Միջնորդությունը, սակայն, մերժվել էր:

Հենրիկ Ավագյանը պահվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Նրա նկատմամբ ապօրինի զենք-զինամթերքի հետապնդումը վերջերս դադարեցվել էր վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Ավագյանը կալանավորված է 2015 թվականից, իսկ Աթաջանյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել դեպքից մոտ մեկ տարի անց՝ 2016 թվականին:

Հիշեցնենք՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակոցներ էին արձակվել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Խաչատրյանը, նրա վարորդը եւ օգնականը, չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպչել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեպքից հետո հարուցվել էր քրեական գործ, եւ մեղադրանք էր առաջադրվել Հենրիկ Ավագյանին, Գարեն Աթաջանյանին, Արա Բուդաղյանին եւ Վիտալի Մինասյանին. վերջին երկուսի նկատմամբ ավելի ուշ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

 



 Պիտակներ
         Սուրիկ Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb