Սուրեն Սահակյանը․ «Հանրության համար բազմաթիվ մութ կետեր են մնում»

Տեսանկյուն 11.09.2020   14:30   55

«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սովորաբար ՖԲ-ի համահայկական ցեխշպրտոցուն մասնակցելուց խուսափում եմ։ Էդ տարածքում ու ժամանակամիջոցներին, հայհոյանքների տարափի տակ, իռացիոնալ մոտեցումների մեջ լուծում գտնելն անհնար է։ Առավել ևս խնդիր է, երբ ի սկզբանե կողմերի շեշտադրումներն էլ բանականության հետ ամենասերտ կապերը չունեն ու «բանավեճը« հենց դրանց շուրջ ա պտտվում։ Բայց թեմաներ կան, որոնց պետք ա անդրադառնալ, երբ կրքերը հանդարտվում են։

Նման հարցերից մեկը 2016-ին ՊՊԾ գնդի գրավման փաստի վերաբերյալ ընթացող դատաքննությունն ա։ Էս դատաքննությունից ես, ինչպես նաև շատ ողջամիտ մարդիկ, ում ճանաչում եմ, շատ հարցերի պատասխաններ էինք ակնկալում։ Հանրության համար բազմաթիվ մութ կետեր են մնում ամբողջ պատմության մեջ։

Մասնավորապես, հրապարակված փաստերը հուշում են, որ գունդը գրաված զինյալները չէին կարող սպանել վերջինը զոհված ոստիկանին՝ Յուրի Տեփանոսյանին։ Համոզմունք ա առաջացել, որ Տեփանոսյանը զոհ ա գնացել նրա սպանության պատվիրատուների քաղաքական որոշակի նպատակներին։

Արդար քննությունը պետք ա պարզեր՝ ո՞վ ա եղել պատվիրատուն, ո՞վ ա իրականացրել այն, ի՞նչ նպատակներ են հետապնդվել և պատվիրատուն ի՞նչ մասնակցություն ա ունեցել մինչ այդ ծավալված իրադարձություններին, ո՞ր փուլում ա նա ներգրավվել պատմության մեջ։ Ցավով պետք ա արձանագրել, որ հեղափոխական գործընթացների արդյունքում չբարեփոխված իրավապահ համակարգը գուցե շահագրգռված չէ կամ ի վիճակի չէ էս գործի բոլոր մանրամասները բացահայտել։ Ավելի մեծ ցավով պետք ա արձանագրել, որ չզտված դատական համակարգն էլ ի զորու չէ էդ գործն ավարտին հասցնել։

Դատական համակարգի անաչառության վերաբերյալ հանրությունը չփարատված կասկածներ ունի։ Իրավապահ ու դատական համակարգերի վերաբերյալ նույն պնդումները կարելի ա անել Հաց բերողի մահվան հանգամանքները պարզելու հարցը քննելիս։ Դատական համակարգի արդարության ու անաչառության վերաբերյալ կասկածների պարագայում էս գործի վերաբերյալ ցանկացած որոշում չի սպառելու առաջացած արդարացի հարցերը ու, դրա բերումով, կարող ա շահարկումների առիթ հանդիսանալ։

Բազմաթիվ հարցեր կան նաև գնդի գրավմանը մասնակցած խմբի գործողությունների վերաբերյալ, բայց դրանք բարձրաձայնելու ժամանակը դեռ անպայման կգա։ Սրա վերաբերյալ, ժամանակի էս փուլում, միայն նշեմ, որ գնդի գրավման օրերին խմբի անդամներից Պավել Մանուկյանը խմբի անունից նշել ա, որ պատրաստ են իրենց գործողությունների համար դատարանում պատասխան տալ, երբ իրենց բարձրացրած հարցերը լուծվեն։ Խմբից ոչ մեկն էդ պնդումը չի հերքել։

Հ․Գ․ Հայտարարում եմ նաև, որ էս թեմայով ասելիքս էն էր, ինչ տեսնում եք գրառման մեջ։ Ոչ մի այլ հարցերի հակված չեմ պատասխանել։ Ինքս կորոշեմ, թե երբ ա առաջացած այլ հարցերը հնչեցնելու պատեհ պահը։ Վիրավորական մեկնաբանությունները կջնջվեն՝ հեղինակներով համալրելով ՖԲ-յան էջիս «սև ցուցակը»»։



 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb