Սուրեն Սահակյան․ «Համախմբվենք ու Արցախի համար մեր վերջին պատերազմում հաղթենք»

Տեսանկյուն 17.10.2020   20:00   570

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երևի տեսել եք Հադրութում գերեվարված ու գնդակահարված գերիների մասին տեսանյութերը։ Թուրքերը դա նկարել ու դրել են, որ իրենց «մարտական ոգին» բարձրացնեն։ Նրանց «մարտական ոգին» բարձրանում է, երբ ձեռքերը վեր պարզած անզեն մարդկանց են գնդակահարում։

Դրանով ինքնահաստատվում են ու հագեցնում արյան իրենց ծարավը։ Իսկ մեր ու աշխարհի համար դա պետք ա հերթական ապացույցը լինի, որ նահանջի ճանապարհ չկա, որ Արցախը չի՛ կարող որևէ կարգավիճակով լինել ադրբեջանի կազմում, որ հաղթանակն այլընտրանք չունի, թե ինչու մեր վիշտն ու ցավը պետք ա վերածել ցասման ու հաղթանակի վճռականության։

Ես առնվազն 3 շատ հայտնի քաղաքական ուժ գիտեմ, որոնք էս օրերին հնչեցրել են, թե պահանջում են անհապաղ դադարեցնել պատերազմն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ինչ խոսք, հարցերի լուծման քաղաքակիրթ ճանապարհ է։ Նրանք հավանաբար կփաստարկեն, որ մեզ համար շատ ցավալի է ամեն զինվորի մահը, որ մենք իրավունք չունենք ավելի շատ զոհեր տալ։ Լրիվ համաձայն եմ։ Բա արդեն եղածների հետ ի՞նչ անենք։

Մտածում եմ՝ գուցե իրենք ավելի հումանի՞ստ են, իսկ իմ սիրտը քարի՞ց ա։ Գուցե նրանք ավելի խաղաղասե՞ր են, իսկ ես քնում-արթնանում ու պատերա՞զմ եմ տենչում։ Իհարկե՝ տենց չի։ Նայում ես մինչև պատերազմը ելույթները, թվում ա թե պոնչիկներով կծեծեն մի թիզ հող հանձնողներին, իսկ իրենք հաստատ Բաքու հասնող էին։ Ի՞նչ ա սա, եթե ոչ պատասխանատվությունից խուսափելու ակտ։

Բանակցություններն էս պահին նոր ու ավելի ավերիչ պատերազմը հետաձգել է նշանակում։ Ու ես պատրաստ չեմ նրան, որ իմ երեխեքը վաղն էն ամենն ապրեն, ինչ էսօր ե՛ս եմ ապրում։ Պատրաստ չեմ նրան, որ տարիներ անց զոհերի թվում տեսնեմ նրանց, որոնք էս օրերին են ծնվում կամ հիմա անհոգ վազվզում են մանկապարտեզներում։ Մենք պետք է համախմբվենք ու Արցախի համար մեր վերջին պատերազմում հաղթենք։ Այլ տարբերակ չկա։ Հիմա»։



 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb