Սուրեն Սահակյան․ «Դուք հասկացա՞ք՝ ինչ հարց է դրված քվեարկության»

Տեսանկյուն 13.02.2020   11:15   660

ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Շատ ա հարց առաջանում, թե ինչու «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԱՅՈ կամ ՈՉ-ի կողմնակից լինելու մասին միանշանակ չի հայտարարում։

  • Որովհետև հեղափոխության ժամանակ, դրանից հետո, շատ հաճախ մարդիկ դուրս են եկել փողոց, գնացել ընտրատեղամասեր, իրականցրել ակցիաներ ու փոխարենը ստացել են բաներ, որոնք փողոց դուրս գալիս, ընտրատեղամաս գնալիս և ակցիաներ իրականացնելիս չէին էլ կարող ենթադրել։ Օրինակ՝ որ էդ ընթացքում իրենց իրավունքները ոտնահարող պաշտոնյան կարող ա էդ գործողությունների արդյունքում մարզպետ դառնալ։ Նման օրինակները բազաթիվ են։ Էս մի անգամ մենք պետք ա ավելի հստակ իմանանք, թե ուր ենք գնում։
  • Որովհետև որպես հիմնավորում, թե ինչի՞ մարդիկ պետք ա գնան ու ԱՅՈ քվեարկեն, բերվում ա ոչ թե իրավաքաղաքական գնահատական, այլ բանաստեղծություն։ Իսկ բանաստեղծության մեջ ասվում ա․ «ԱՅՈ, որովհետև հպարտ ու միացյալ ժողովուրդը ճանապարհ չունի դեպի անցյալ», «ԱՅՈ, որովհետև ժողովրդից խլված արժեքը ինքն իր ձեռքերով ա նվաճել», «ԱՅՈ, որովհետև համաձայն ես Նոր Հայաստանին»։ Դուք հասկացա՞ք՝ ինչ հարց ա դրված քվեարկության։ Մարդկանց կեսը, եթե ոչ ավելին, նույնիսկ չգիտեն, թե ինչ հարց ա դրված քվեարկության։

Սա՝ ինչ ասում ա վարչապետի էջը։ Մյուս դեպքերն ավելի տխուր են՝ «ԱՅՈ, որովհետև ՀՀԿ …(տարբեր վարիացիաներ)», «ԱՅՈ, եթե ուզում ես հեղափոխությունը հաղթի», «ԱՅՈ, եթե մեզ հետ ես»։ Ես դեռ մեղմում եմ էն պահերը, որտեղ «եթե մեր հետ չես, ապա մեր դեմ ես»։ Մինդեռ հանրաքվեի դրած մի շատ կոնկրետ հարց՝ ՍԴ 9 անդամներից 7-ը պետք ա դադարեն պաշտոնավարել շատ կոնկրետ պատճառներով։ Կառավարող ուժը պետք ա նենց բացատրի, թե ինչու են ուզում հեռացնել էդ 7 հոգուն, որ քվեարկության գնացողը որոշումը գիտակցված կայացնի, ոչ թե բանաստեղծությունից ոգևորված։

  • Որովհետև եթե մենք հանրությանը դրդում ենք ուղիղ ժողովրդավարության, ապա պետք ա էդ հանրությունը սովոր լինի գիտակցված որոշումներ կայացնել, ոչ թե էմոցիոնալ։ Որովհետև սենց ոչ մի պատասխանատվություն չկա․ «լավ բաների համար ու վատ բաների դեմ»։ Իսկ թե վաղը ինչ կլինի՝ «մենք պատասխանատու չենք, ժողովուրդն ա տենց ուզել»։ Որովհետև եթե ամեն ինչ հենց սենց էլ մնա, վաղը բանաստեղծական ավելի մեծ ձիրքով օժտված մեկը կարող ա ուղիղ հակառակում համոզել և էս մտահոգությունն ա նաև պատճառը, որ աշխարհում սարսափում են ուղիղ ժողովրդավարությունից։
  • Ի վերջո, որովհետև էդ հարցին պատասխանից հետո փակվում են շատ այլ հարցեր։ Շատ հաճախ էդ հարցի պատասխանը պետք ա ընդամենը պարզելու՝ այս կամ այն քաղաքական միավորը դավաճա՞ն ա, թե՞ նվիրյալ՝ պետք ա հայհոյե՞լ, թե՞ փաղաքշել։ Որովհետև շատ հաճախ հետաքրքիր չի, թե էդ պատասխանի հիմքում ինչ փաստարկներ կան։ Շատ կարճ ա պետք՝ այո՞, թե՞ ոչ / սև՞, թե՞ սպիտակ / կո՞ղմ, թե՞ դեմ / դավաճա՞ն, թե՞ նվիրյալ / սրիկա՞, թե՞ հերոս։ Այ սենց պարզունակացվել ա քաղաքականությունը։

Ես ներկայացրեցի մտահոգություններից ընդամենը մի քանիսը։ Դրանք տասնյակ են։ Այնուամենայնիվ, ամենաուշը երկուշաբթի օրը մեր դիրքորոշման մասին հայտարարությամբ հանդես կգանք»։



 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon