Սոթքի պեղումները կարող են նոր լույս սփռել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մութ էջերի վրա

Իրադարձային 03.09.2020   22:15   114

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղում արդեն ավարտին են մոտենում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից ձեռնարկված հնագիտական պեղումները միջնադարյան Սոթք 1 ամրոցի տարածքում:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, պեղող հնագետ Ավետիս Գրիգորյանը, այս պեղումների արդյունքում բացված եղբայրական գերեզմանը կարող է նոր լույս սփռել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մութ էջերի վրա: Պեղումներն իրականացվում են «Հասրաթյան-Մինասյան» մշակութային-հասարակական հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց պատմությունը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Սոթք-1 ամրոցը գտնվում է Սոթք գյուղի կենտրոնում՝ համանուն գետի ափին՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարեւանությամբ: Այն զբաղեցնում է շուրջ 1 հեկտար մակերես: Ամրոցը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի կողմից (ղեկավար պ․գ․թ․ Արսեն Բոբոխյան) նախնական ուսումնասիրվել է 2014 թվականին: Այս տարի պեղումներն իրականացվել են ամրոցի վերնամասում՝ պարզելու համար հնավայրի թվագրությունը եւ շերտագրությունը:

«Ամրոցում հայտնաբերվել են վաղ եւ ուշ միջնադարյան ժամանակաշրջանների հետքեր՝ ամրոցի ներսում գտնված պատերի, ինչպես նաեւ  սալարկղային գերեզմանների տեսքով: Ամրոցը գտնվել է Դվին-Պարտավ քարավանային ճանապարհին եւ հավանաբար ծառայել է որպես ճանապարհը հսկող դիտակետ: Այստեղ դեռ խորհրդային շրջանում պահպանված են եղել խաչքարեր, հայկական գերեզմաններ, որոնց հետքերը տեղի թուրքալեզու բնակիչները հասցրել են ոչնչացնել:

Ամրոցը երեք կողմից անառիկ է եւ միայն հյուսիսից մուտք ունի, որտեղ այս տարի բացվել է եղբայրական գերեզման: Վեց մետր երկարությամբ եւ 4 մետր լայնությամբ ու մինչեւ քսան սանտիմետր խորությամբ բացված մակերեսին գտվել են մոտ մեկ տասնյակ մարդկային կմախքներ, որոնք թաղված են անկանոն՝ առանց համապատասխան կառույցների, հողի մակերեւույթին շատ մոտ: Կարծում ենք, որ սրանով մենք մոտ ենք պատմական մի կարեւոր փաստի բացահայտմանը, որը տեղի է ունեցել 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: Խոսքը 1919 թվականի փետրվարի եղեռնագործության մասին է:

Ըստ առկա տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը զորք է ուղարկում Նոր Բայազետ գավառի Բասարգեչարի շրջան՝ տեղի թուրքալեզու բնակչությանը խաղաղեցնելու նպատակով: Զորախումբը գլխավորում է հայ անվանի զինվորական Մովսես Սիլիկյանի ազգական Արշակ Սիլիկյանը:

Մեծ Մասրիկ գյուղում թուրքերը խաղաղարար բանագնացներ են ուղարկում Սիլիկյանի մոտ, հնազանդության խոստում տալիս, հայկական զորքին աղուհացով դիմավորում:

Այնուհետ, թմրեցնելով հայ զինվորների զգոնությունը, նրանց հյուրասիրության են հրավիրում Սոթք գյուղ: Հյուրընկալության ընթացքում, թուրքերը Սամանդ աղայի ցուցումով շրջապատում են տունը եւ դավադրաբար սպանում Սիլիկյանին, նրա եղբորը եւ մյուս հայ զինվորներին:

ԽՍՀՄ տարիներին այդ պատմությունը մոռացվում է, սպանվածների թաղման ստույգ տեղը մնում է անհայտ. միայն տեղի հայ բնակչությունն է ավանդաբար հիշում թաղման վայրը: Հնագետների կողմից պեղված թաղվածները երիտասարդ տարիքի տղամարդիկ են: Չի բացառվում, որ  հայտնաբերվել են սպանված հայ զինվորների մարմինները»,- ներկայացրեց պեղող հնագետը:



 Պիտակներ
         Հայաստանի Առաջին Հանրապետության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb