Սոսի Թաթիկյանը՝ ՄԱԿ-ին. Ի՞նչ պատահեց ձեր նպատակների հետ

Տեսանկյուն 24.10.2020   16:00   71

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը՝ արտահայտելով  իր դժգոհությունն ու հիասթափությունն այն պատճառով, որ ՄԱԿ-ը քայլեր չի ձեռնարկում կանգնեցնելու Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները։ 

Ֆեյսբույքան էջում նա գրել է, որ հոկտեմբերի 24-ին նշվում է Միավորված ազգերի կազմակերպության օրը, ամեն տարի  նշել է այդ օրը, հպարտ է եղել, որ տաս տարի շարունակ տարբեր երկրներում տարբեր կարողություններով ծառայել է կազմակերությանը: Սոսի Թաթիկյանը նշում է, որ միշտ անկեղծորեն հավատացել է ՄԱԿ-ի մանդատին և հիմնական արժեքներին։

Բայց այս տարի, ինչպես նշել է Սոսի Թաթիկյանը, չի զգում հպարտություն, ավելին՝ ամաչում է, որ իր կյանքի 10 տարիները նվիրել է մի կազմակերպություն, որը չի գործում դադարեցնելու իր ազգի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ սկսված պատերազմը, որը ուղղված է ընդդեմ կյանքի իրավունքի:

«Ի՞նչ պատահեց ձեր նպատակների հետ՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության պահպանման, մարդու իրավունքները պաշտպանելու և խթանելու համար, այդ թվում՝ ինքնորոշման, նոր ցեղասպանությունները կանխելու, ևս մեկ էթնիկ զտումներ թույլ չտալու, պաշտպանելու և «Ոչ ոքի ետ չթողնելու» պատասխանատվությունը։

Ես  բավական լավ գիտեմ ձեր Կանոնադրությունը, հիմնարար կոնվենցիաներն ու պայմանագրերը, և չեմ հասկանում, թե ինչպես են կանոններն ու ընթացակարգերն արդարացնում ձեր անգործությունը, երբ խախտվում են ձեր հիմնական սկզբունքները: Դա ինձ մոտ առաջացնում է ճանաչողական անհամապատասխանություն»,- գրել է Ս.Թաթիկյանը։

Նա նշում է, որ ուրախ է, երբ 4 ամիս առաջ դադարեցրել է իր աշխատանքը կազմակերպությունում, քանի որ մնալու դեպքում այս ծայրահեղ ծանր վիճակում  չէր կարող ունենալ որևէ ներդրում իր երկրի և ազգի համար, կստանար բարձր աշխատավարձ, կկատարեր ընթացիք աշխատանք՝  առանց իրական կարիքները հոգալով ու պահելով չեզոքություն, այլապես իրեն կազատեին աշխատանքից հանդիպումների ժամանակ կազմակերպության լռության ու անգործության դեմ արտահայտվելու համար:

«Հարգելի Միավորված ազգերի կազմակերպություն, հուսով եմ, որ իմ հիասթափությունը կհաղթահարվի, և դուք վերջապես կգործեք ձեր մանդատին և հիմնական արժեքներին համապատասխան»,- գրել է Ս. Թաթիկյանը։


 Պիտակներ
         Սոսի Թաթիկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb