Սոկրատեսը, Թալմուդն ու երկուսը ծխնելույզում…
20-ական թվականների միջնամասում երիտասարդ մի հրեա գալիս է նյույորքյան հայտնի ռաբբիներից մեկի մոտ ու ասում, որ ցանկանում է նրա աջակցությամբ «Թալմուդ» ուսումնասիրել:
- Դու արամեերեն գիտե՞ս,- հարցնում է նրան ռաբբին:
- Ոչ…
- Իսկ եբրայերե՞ն…
- Ոչ…
- Իսկ մանուկ հասակում «Թորա» կարդացե՞լ ես…
- Չէ, ռեբե՛,- հետևում է պատասխանը:- Բայց Դուք մի անհանգստացեք: Ես ավարտել եմ Բերկլիի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և տառացիորեն օրերս պաշտպանել ատենախոսություն` «Սոկրատեսի փիլիսոփայության տրամաբանությունը» թեմայով: Իսկ հիմա իմ իմացության թերի կողմերը լրացնելու նպատակով` որոշել եմ «Թալմուդ» ուսումնասիրել:
- Դու չես կարող «Թալմուդ» ուսումնասիրել: Դա մարդկության կողմից գրված իմաստնագույն գրքերից է: Բայց եթե դու շարունակում ես պնդել, ապա ես քեզ տրամաբանական մի խնդիր կառաջարկեմ: Գլուխ հանեցիր` քեզնով կզբաղվեմ:
Երիտասարդի համաձայնությունից հետո ռաբբին առաջարկում է խնդիրը:
- Երկու հոգի իջնում են ծխնելույզով: Նրանցից մեկը դուրս է գալիս մրոտ, մյուսը` մաքուր դեմքով: Ի՞նչ ես կարծում, նրանցից ո՞վ կգնա լվացվելու:
Երիտասարդի աչքերը թռչում են ճակատին:
- Ու սա՞ է Ձեր առաջարկած տրամաբանական խնդիրը…
Ռաբբին գլխով է անում:
- Միթե պարզ չէ, նա` ով մրոտ դեմք ունի…
- Պատասխանը ճիշտ չէ: Փորձիր խնդրին մոտենալ տրամաբանորեն: Նա` ում դեմքը մրոտ է, երբ նայի դիմացինին` ում դեմքը մաքուր է, կկարծի թե իր դեմքն էլ է մաքուր և չի գնա լվացվելու: Իսկ նա` ում դեմքը մաքուր է, նայելով մրոտի դեմքին` կմտածի, որ իր դեմքն էլ է մրոտ ու կգնա լվացվելու…
- Բան չունեմ ասելու, իրավացի եք,- հանկարծակիությունից շշմած ասում է երիտասարդը, ապա նորից դիմում ռաբբիին`
- Ռաբբի, այդ դեպքում խնդրում եմ ինձ նոր խնդիր տվեք:
- Բարի, երիտասարդ: …Երկու հոգի իջնում են ծխնելույզով: Նրանցից մեկը դուրս է գալիս մրոտ, մյուսը` մաքուր երեսով: Դե հիմա ինձ ասա, նրանցից ով կգնա լվացվելու…
- Չէ որ մենք հենց նոր պարզեցինք, նա` ում դեմքը մաքուր է…
- Կրկին սխալվեցիր: Երկուսն էլ կգնան լվացվելու: Դատիր տրամաբանորեն: Նա` ում դեմքը մաքուր է, տեսնելով դիմացինի մրոտ դեմքը` կկարծի, թե իր դեմքն էլ է մրոտ ու կգնա լվացվելու, իսկ մրոտ դեմքովն էլ տեսնելով, որ մյուսը գնաց լվացվելու` կկռահի, որ ինքն էլ է մրոտ ու ինքն էլ կգնա լվացվելու…
- Տես է, ոնց այդ մասին չէի մտածել: Ես նորից տրամաբանական սխալ գործեցի: Ռեբե, խնդրում եմ, մեկ այլ խնդիր էլ տալ,- ասում է երիտասարդը:
- Դե,լավ, որ շատ ես պնդում… Երկու հոգի իջնում են ծխնելույզով: Նրանցից մեկը ծխնելույզից դուրս է գալիս մաքուր, մյուսը` մրոտ դեմքով: Քո կարծիքով նրանցից ով կգնա լվացվելու…
- Դե, ինչպես պարզվեց` երկուսն էլ կգնան…
- Կրկին սխալվեցիր: Նրանցից ոչ մեկն էլ լվացվելու չի գնա: Դատիր տրամաբանորեն: Մրոտ դեմքովը մաքուր դեմքովին նայելուց հետո լվացվելու չի գնա: Իսկ նա` ում դեմքը մաքուր է, տեսնելով, որ մրոտ դեմքովը չի գնում լվացվելու, կհասկանա, որ իր դեմքը մաքուր է, ուստի ինքն էլ չի գնա լվացվելու:
Բարկությունից ու հուսահատությունից կարմրատակած երիտասարդը դիմելով ռաբբիին ասում է`
- Ռաբբի, հավատացնում եմ, ես «Թալմուդը» կսովորեմ, խնդրում եմ, ինձ մի ուրիշ հարց էլ տվեք:
- Բարի, չեմ առարկում,- ասում է ռաբբին ու շարունակում`
- Երկու հոգի իջնում են ծխնելույզով…
- Աստված իմ… Նրանցից ոչ մեկն էլ լվացվելու չի գնա…
- Սխալվում ես… Հիմա դու թերևս համոզվեցիր, որ Սոկրատեսի տրամաբանության իմացությունն ամենևին էլ բավարար չէ «Թալմուդն» ուսումնասիրելու համար: Դե հիմա ինձ ասա, ինչպե՞ս է հնարավոր, որ երկու հոգի նույն ծխնելույզով իջնեն ու նրանցից մեկը մրոտվի, մյուսը` ոչ… Միթե դու չես հասկանում, որ այս գլուխկոտրուկ կոչվածը տեղով մեկ անիմաստություն է: Ու եթե դու քո ողջ կյանքը մսխես նմանատիպ անհեթեթությունների պատասխանը գտնելու վրա, ապա քո բոլոր պատասխանները նույնքան իմաստազուրկ կդառնան…
Նմանատիպ նյութեր