Սիրո թունել, Ուկրաինա

Art News 17.02.2020   19:30   903

Աշխարհի ամենազարմանալի ու ռոմանտիկ վայրերից մեկը պետք է փնտրել ուկրաինական Կլեվան քաղաքում։ Քաղաքի գլխավոր խորհրդանիշը Սիրո թունելն է՝ երկաթուղային երեք կիլոմետրանոց հատվածը, որի երկու կողմում բարձր ծառեր են աճում։ Այդ ծառերի ճյուղերը միահյուսվել են իրար ու զարմանալի գեղեցիկ միջանցք են ստեղծել։ Ռոմանտիկ թունելը արդեն քանի տարի է գրավում է ողջ աշխարհի լուսանկարիչներին ու սիրահար զույգերին, ովքեր նախընտրում են այստեղ անցկացնել իրենց հարսանեկան ֆոտոսեսիան։

Թունելով անցնող երկաթուղին գործող է։ Օրվա մեջ երեք անգամ նրանով գնացք է անցնում, որը հումք է հասցնում փայտի վերամշակմամբ զբաղվող մոտակա արտադրամասին։

Խիտ կանաչով ծածկված թունելը բնական ֆենոմեն է, քանի որ երբեք և ոչ ոք այն ձևավորելու համար հատուկ ջանքեր չի ներդրել։ Թունելը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին․ ուշ գարնանը ու ամռանը այն փայլում է կանաչի բոլոր երանգներով, իսկ աշնան գալստյան հետ ներկվում է նարնջագույն ու կարմիր գույներով։

Թունելը հետաքրքիր է այցելել նաև ձմռանը, երբ կամար կազմած ճյուղերը ծածկվում են ձյունով ու եղյամով։

Այս ռոմանտիկ վայրն այցելող սիրահար զույգերը բարի ավանդույթ ունեն։ Ի նշան միմյանց հանդեպ իրենց սիրո ու հավատարմության՝ նրանք երկաթուղու շուրջ ծաղիկներ են տնկում, որոնք առանց այդ էլ հրաշալի թունելն էլ ավելի ռոմանտիկ են դարձնում։ Թունելի երկարությունը բավականին մեծ է, և որոշ երկաթուղային ուղիներ, որոնց շուրջ այն ձևավորվել է, վաղուց լքված են։ Այդ վայրերը հիանալի տեղ են զբոսանքների համար։ Այստեղ ոչինչ չի խանգարում վայելել բնության գեղեցկությունն ու վեհությունը։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon