Շվեդիայի տեխնոլոգիական ձախողումների թանգարանը

Art News 06.05.2020   22:00   1428

Շվեդիայի հարավում՝ Հելսինգբորգ քաղաքում է գտնվում Տեխնոլոգիական ձախողումների թանգարանը (Museum of Failure), որտեղ ներկայացված է ժամանակակից աշխարհի ամենաանհաջող ու չստացված տեխնոլոգիական արտադրանքը։ Այն հիմնադրվել է 2017-ին։

Թանգարանում 50-ից ավելի ցուցանմուշ կա։ Դրանք ստեղծել են արդյունաբերության առաջատարները։ Այդ տեխնոլոգիաները պետք է հեղափոխություն անեին իրենց ոլորտում կամ գոնե ցնցեին շուկան։ Բայց արդյունքում դրանց միայն մոռացություն էր սպասվում։

Թանգարանի հիմնադիրը կլինիկական հոգեբան Սեմուել Ուեսթն է, ով ասում է, որ թանգարանը ստեղծվել է ամենաբարի մտադրություններով։ «Հայտնի է, որ նորարական նախագծերի 80-90 տոկոսն անհաջողության է մատնվում և դուք դրանց մասին այլևս ոչինչ չեք լսում։ Բայց անհաջողություններից էլ կարելի է դաս քաղել ու սովորել սխալների վրա», - ասում է Ուեսթը։

Թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներն են Google Glass-ը և Apple Newton-ը։ Առաջինը հավելյալ իրականության ակնոցներն են։ Այս նախագիծը մեծ ներուժ է ունեցել, բայց Google-ն այդպես էլ չի կարողացել լուծել սարքի հետ կապված որոշ առաջնային խնդիրներ, օրինակ՝ դրանց առաջացրած անհարմարավետությունը (ցավ աչքերի շրջանում) ու ինքնավար աշխատանքի փոքր ժամանակը։

Երկրորդը՝ Apple Newton-ը, գրպանի համակարգիչ է, որը ստեղծվել է 1993-ին։ Նրա օգնությամբ հնարավոր էր ֆաքսով հաղորդագրություններ ուղարկել, նշումներ անել։ Սարքը առաջ է անցել իր ժամանակներից, բայց դրան ոչ ոք պատրաստ չի եղել։ Չնայած Newton-ում ներդրված հիանալի գաղափարներին, դրանք թույլ գործնական կիրառում են գտել։ Apple վերադառնալուց հետո Ջոբսը դադարեցնում է այդ PDA-ի արտադրությունը, բայց հենց այս համակարգն է արդյունքում բերում iPhone-ի ու iPad-ի ստեղծմանը։

Բացի գաջեթներից, որոնք կազմում են հավաքածուի մեծ մասը, թանգարանում տեխնոլոգիաների հետ կապ չունեցող մի քանի ցուցանմուշներ կան։ Դրանցից է օրինակ 2008 թվականին ստեղծված սուրճի համով «Կոկա-կոլան»՝ «Coca-Cola BlāK»-ը, որի անվանումը կարելի է ներառել մարկետինգի պատմության ամենաանհաջող անունների մեջ։

Այն բազմաթիվ կատակների առիթ է դարձել։ Բացի այդ, նրա համն էլ շատերին դուր չի եկել։ Այնպես որ՝ մեկ տարի անց «Կոկա-կոլայի» այս նորույթը հանել են վաճառքից։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon