Շպիցբերգենի կամ «Դատաստանի օրվա» սերմերի համաշխարհային պահեստի մասին

Աշխարհ 27.01.2019   22:30   364

Եթե օրերից մի օր մարդկության հետ մեծ աղետ տեղի ունենա՝ համաշխարհային պատերազմ կամ բնական տարերային աղետ, ու փրկվածները ստիպված լինեն զրոյից վերականգնել համաշխարհային գյուղատնտեսությունը, նրանց անհրաժեշտ կլինի իմանալ միայն մեկ բառ՝ «Շպիցբերգեն»։

Սերմերի պահեստը Շպիցբերգենում պատահաբար չի կառուցվել

Շպիցբերգենը Նորվեգիայի թագավորության ամենահյուսիսային հատվածն է ու Հյուսիսային բևեռից ընդամենը 1125 կմ հեռավորության վրա է գտնվում։ Արկտիկական այս կղզին ընտրվել է՝ հաշվի առնելով նրա հավերժական սառած լինելն ու երկրաշարժների շատ փոքր հավանականությունը։ Դա թույլ է տալիս ցածր ջերմաստիճանը պահպանելու համար նշանակալիորեն նվազեցնել էներգիայի ծախսերը։

Ինքը՝ պահեստը, Շպիցբերգենի մայրաքաղաք Լոգյիրում է՝ միջազգային օդանավակայանից ոչ հեռու։

Պահեստը կառուցելը ընդամենը 9,6 մլն դոլար է արժեցել

Սա ժամանակակից չափորոշիչներով այնքան էլ մեծ գումար չէ։ Նախագիծն իրականացվել է Նորվեգիայի միջոցներով՝ ՄԱԿ-ի հովանավորությամբ։ Պահեստի կառուցումը ֆինանսավորել են նաև Բիլ Գեյթսը, Ռոքֆելերի ֆոնդը, Monsanto ընկերությունն ու այլ համաշխարհային ընկերություններ։ Շինարարությունը սկսվել է 2006 թվականին, իսկ արդեն 2008-ի փետրվարին պահեստը պաշտոնապես բացվել է։

«Դատաստանի օրվա պահեստը» ժայռի ներսում 120 մետրանոց խորության վրա է կառուցված ու գտնվում է ծովի մակարդակից 130 մետր բարձրության վրա։ Բարձրության ու խորության այս ցուցանիշներն այնպես են ընտրված, որ հավանականությունը, թե այն հավերժական սառույցի հալոցքի հետևանքով ջրի տակը կանցնի, զրոյական է։ Պլանի համաձայն՝ պահեստի ներսում հայտնվելու համար կոդերով կողպեքներ ունեցող 5 դուռ պետք է անցնել։

Սերմերը պահվում են մինուս 18 աստիճան ցելսիուսի պայմաններում

Սերմերը փաթեթավորված են ալյումինային ֆոլգայի նման փաթեթներում ու տեղավորված են հատուկ կոնտեյներներում։ Այս կերպ թթվածնի սահմանափակ ներթափանցումն ու ցածր ջերմաստիճանը նվազեցնում են բույսերի սերմերի մետաբոլիզմի ու ծերացման հավանականությունը։

Սերմերը պահեստում կարող են փաստացիորեն հավերժ պահվել

Սերմերի պահպանման ժամկետը կախված է կոնկրետ տեսակից։ Օրինակ՝ ոլոռը իր թարմությունը պահպանում է 20-30 տարի, այն դեպքում, երբ արևածաղիկն ու որոշ հատիկավորների սերմեր կարող են պահպանվել շատ տասնամյակներ ու նույնիսկ հարյուրամյակներ։ Բայց նրանք, միևնույն է, ժամանակի հետ մեռնում են։ Դա թույլ չտալու համար հատուկ պահպանվող օրինակներից վերցվում է սերմերի մի մասը ու ցանվում է հողում։ Այդպես դրանք աճում ու նորից տալիս են անհրաժեշտ սերմերը, որոնք և փոխարինում են հներին։

Պահեստն ունակ է սերմերի տարբեր տեսակների 4,5 մլն օրինակ տեղավորել

Բույսի յուրաքանչյուր տեսակը պահպանվում է 500 սերմի օրինակով։ Այսկերպ՝ պահեստի առավելագույն տարողությունը 2,25 մլրդ սերմերի առանձնյակ է կազմում։

Հիմա պահեստում աշխարհի փաստացիորեն յուրաքանչյուր երկրից ընդհանուր թվով 860 հազար օրինակ է պահպանվում։

Առաջին հերթին պահեստ ուղարկում են ուտելու համար պիտանի բույսերի սերմերը

Գյուղատնտեսության ողջ պատմության ընթացքում մարդու մենյուում ընդգրկվել է 7․000 տարբեր տեսակի բույսեր, բայց հիմա դրանք մոտ 150-ն են։ Առօրյա սննդի մեջ մարդը միջինը բույսերի 12 տեսակ է օգտագործում։

«Դատաստանի օրվա պահեստը» գենետիկ բանկ չէ, այն ապահով պահեստ է

Պահեստից նմուշներ կարելի է վերցնել միայն այն դեպքում, եթե օրիգինալ ֆոնդերում սերմերը ինչ-ինչ պատճառներով կորեն։ Պահեստը բացվում է միայն նոր նմուշներ ընդունելու համար՝ տարվա ընթացքում 3-4 անգամ։

Պահեստ առաջինը սերմեր են ուղարկել Աֆրիկայի երկրները

Աֆրիկյան 36 երկրներից առաջին յոթ հազար նմուշները Նորվեգիա է ուղարկել Արևադարձային գյուղատնտեսության միջազգային ինստիտուտը։ 330 կիլոգրամ սերմերի շարքում էին սոյան, արախիսը, եգիպտացորենը։ Դրանից հետո իրենց սերմերի հավաքածուից նմուշներ են ուղարկում Կոլումբիան, Եթովպիան, Հնդկաստանը, Քենիան, Մեքսիկան, Պերուն, Ֆիլիպինները և Սիրիան։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         դատաստանի օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb