Շուռնուխում 11 տուն անցել է Ադրբեջանի հսկողության տակ. Սյունիքի փոխմարզպետ

Հրատապ 05.01.2021   11:39   40

Շուռնուխ գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքևի հատվածում գտնվող 12 տներից 11-ն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով 12-րդ տնից ընտանիքը ևս դուրս է եկել: 12 ընտանիքից 9-ն այս պահին տեղավորվել է հենց Շուռնուխում, բոլորին կտրվի փոխհատուցում:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Շուռնուխում ստեղծված իրավիճակը պարզաբանեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«11+1 տուն. 11-ն անցել է իրենց, մյուսն էլ ստիպված, շատ մոտ գտնվելով, դուրս է եկել: Այսպիսով փաստացի 12 ընտանիք դուրս է եկել իր տներից: Այդ տները գտնվում են միջպետական Մ2 ավտոմայրուղու արևելյան կամ ներքևի հատվածում»,-ասաց Բաբայանը:

12 տներից դուրս եկածներից մեկը տարեց կին է, այժմ նա տեղափոխվել է Կապան՝ իր աղջկա տուն, մինչև կլուծվի հարցը: Երկու ընտանիք տեղափոխվել է Գորիս՝ իրենց հարազատների տուն: Փոխմարզպետի խոսքով՝ մնացած ընտանիքները տեղավորվել են Շուռնուխում դատարկ տներում: «Երեկ մարզպետի հետ քննարկմանը նրանք խնդրեցին երկու ժամանակավոր տնակ:  Մարզպետն իրենց տրամադրեց այդ երկու տնակները: Եվ այս պահին այդ 12 ընտանիքից 9-ը տեղակայվել է գյուղում»,-ասաց Բաբայանը:

Նրա վստահեցմամբ՝ պետությունն այդ ընտանիքներին միանշանակ փոխահատուցում տրամադրելու է: Այս փուլում քննարկվում է, որ հենց Շուռնուխում նոր բնակարաններ կառուցվեն և տրամադրվեն այդ բնակիչներին: «Բայց դա պետք է լինի իրենց հետ համատեղ քննարկման արդյունքում»,-նշեց Բաբայանը:

Շուռնուխ գյուղում ընդհանուր առմամբ կա 45 ընտանիք: Այսպիսով նրանցից երկուսն այս պահին Գորիսում է, մեկը՝ Կապանում: Փոխմարզպետի խոսքով՝  բոլոր միջոցները ձեռնարկում են, որ նրանք էլ շատ արագ վերադառնան գյուղ, կարծում է, որ շատ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի: «Ամեն ինչ պետք է անենք, որ բնակիչները Շուռնուխում իրենց անվտանգ զգան»,-նշեց Բաբայանը:

Նա նաև վստահեցրեց, որ Շուռնուխի տարածքից արոտավայր, խոտհարք կամ վարելահող չի անցնում հակառակորդին: «Բայց քանի որ շուռնուխցիների մի մասն իրենց խոտհարքը կազմակերպում էր Կուբաթլուի տարածքում, այդ առումով բնակիչները խնդիր ունենալու են»,- ասաց Բաբայանն ու հավելեց, որ հակառակորդի հսկողության տակ անցած տների տնամերձերի մասով ևս փոխհատուցում կտրվի: 

Փոխմարզապետը վստահեցրեց, որ դպրոցի հետ կապված խնդիր ևս չկա: «Համացանցում  նյութ, նկարներ էին տարածվում՝ գրադարանի հետ կապված: Ուզում եմ տեղեկացնել, որ բոլոր գրքերը տեղափոխվել են, թշնամուն ոչ մի գիրք չի մնացել:  Կար կադր, որում թափված գրքեր էին. գրքերը տեղափոխելու ընթացքում ընդամենը միջադեպ է եղել, գրապահարան է շրջվել, գրքեր են թափվել: Եվ ինչ-որ մեկը պարզապես շտապել է ֆիքսել այդ կադրը և այդպես ներկայացրել»,-ասաց նա:

Անդրադառնալով անվտանգությանը՝ փոխմարզպետը պարզաբանեց՝ մայրուղու՝ ադրբեջանական հսկողության տակ անցած հատվածում՝  ճանապարհի ներքևի հատվածում ադրբեջանցիները տեղադրել են վրան և տեղակայվել: «Մայրուղու վերևի հատվածում տեղակայվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը: Մայրուղու վրա տեղակայվել են ռուս սահմանապահ զորքերը: Կարծում եմ՝ այդ հատվածում մայրուղին լիարժեք անվտանգ է, քանի որ վերահսկսվում է և մեր ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից և ռուս սահմանապահների կողմից»,-ասաց նա:


 Պիտակներ
         Շուռնուխ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb