Շատ վաղուց է հայտնի, թե ինչ խնդիր է լուծում Էրդողանը․ lragir.am

Հարցազրույց 29.10.2020   20:05   54

lragir.am-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ալիևին, բայց Պուտինն էլ պետք է հանդիպի Փաշինյանին, թեև առանձնապես մեծ ակնկալիքներ չկան այդ հանդիպումներից: Ձեր կարծիքով, որքանով կարող են կենսունակ լինել ամեն կերպ ԼՂ հակամարտության կարգավորման մեջ ներգրավվելու Թուրքիայի քայլերը, և ինչ խնդիր է լուծում Էրդողանը:

Շատ վաղուց է հայտնի, թե ինչ խնդիր է լուծում Էրդողանը: Թուրքիան Հարավային Կովկասում հասել է նրան, որ ունի մինիմում նույնքան իրավունք, ինչքան Ռուսաստանը: Ամբողջ նպատակը այդ է՝ ցույց տալու, որ ինքը Հարավային Կովկասում ունի ազդեցություն և կարող է մասնակցել այդ բանակցային գործընթացին:

Կարո՞ղ է Մոսկվան Թուրքիային զսպող դեր խաղալ:

Ռուսաստանը հայտարարել է, որ ինքը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, այնպես որ Ռուսաստանը ցանկություն չունի Թուրքիայի հետ միասին առանձին բանակցությունների միջոցով հանդես գալ այս գործընթացում:

Խոսվում է, որ Արցախում ընթացող պատերազմը կարող  է վերածվել ռուս-թուրքական հակամարտության: Դուք որքանո՞վ եք սա իրատեսական համարում:

Ես տեսնում եմ, որ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ խուսափել դրանից: Այո, դրա հնարավորությունը կա, բայց Ռուսաստանն էլ ցանկություն չունի կոնֆլիկտի մեջ մտնել Թուրքիայի հետ: Իսկ Էրդողանը ընդհակառակը, իր սովորության համաձայն ամեն տեղ հենց կոնֆլիկտներ է փնտրում: Իհարկե,  այս երկու երկրները մնում են հակառակորդներ, գնալով այդ հակառակորդ լինելու հանգամանքն ավելի կուժեղանա: Չնայած նրանք ունեն նաև որոշակի ընդհանուր շահեր, մասնավորապես, Սիրիայում, բայց ամեն դեպքում, իրենց հակադիր դիրքերը մեր տարածաշրջանում կնպաստեն նրան, որ հակասությունները այդ երկու երկրների միջև կուժեղանան:

Տեսակետ կա, որ Թուրքիան փորձում է իր պանթուրքիստական ծրագիրը կյանքի կոչել: Դուք տեսնո՞ւմ եք նման միտումներ:

Անտարակույս, ես այդպիսի միտումներ տեսնում եմ: Եվ պանթուրքիստական, և պանիսլամիտական միտումներ: Մենք խոսում ենք պանթուրքիզմի մասին, որն, իհարկե, շատ կարևոր տեղ է գրավում Թուրքիայի քաղաքականության մեջ շատ պարզ պատճառով, որովհետև երկրի ներսում Էրդողանը գնացել էր կոալիցիայի պանթուրքիստական կուսակցության՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, հետևաբար իր քաղաքականության մեջ պանթուրիստական միտումներն ուժեղացել են: Մանավանդ թուրքական մամուլը գրում է այն մասին, որ Էրդողանի վրա իր ազդեցությունն ուժեղացրել է Դեվլեթ Բահչելին և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը: Այո, մենք տեսնում ենք, որ Թուրքիան նմանատիպ պանթուրքիստական նկրտումներ ունի:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Պիտակներ
         Ռուբեն Սաֆրաստյանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb