Շահան Գանտահարյան․ «Լիբանանը տնտեսական շրջափակման մեջ է»

Հարցազրույց 28.11.2019   09:58   735
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել, երկրում անորոշությունը շարունակվում է, կառավարության հրաժարականով չի ավարտվում ցուցարարների պահանջը:

Ինչ է իրականում կատարվում, ինչի կարիք ունի հայ համայնքը, իրավիճակի զարգացման ինչպիսի սցենարներ կարող են լինել. այս և այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:

-Պարոն Գանտահարյան, ինչ իրավիճակ է ներկայում Լիբանանում: Վարչապետի հրաժարականից հետո ի՞նչ զարգացումներ են սպասվում:

-Բավական բարդ իրավիճակում է հայտնվել Լիբանանը: Արդեն շուրջ 40 օր է բողոքի ակցիաները շարունակվում են: Շարժումը սկսվեց կենցաղային խնդիրներով, հարկային քաղաքականության դեմ բողոքելով, սակայն արդեն այն անցում է կատարել քաղաքական հարթություն:

Ցուցարարները պահանջում են սեղմ ժամկետներում ձևավորել բացառապես պրոֆեսիոնալներով կազմված կառավարություն, որի հիմնական գործառույթը պետք է լինի ոչ միայն բարեփոխումներին ուղղված աշխատանքներ իրականացնելը, այլև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը: Ինչպես գիտեք, Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց, և ըստ Սահմանադրության, նախագահը պետք է պարտադիր խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանի անդամների հետ, որոնք առաջադրելու են նոր վարչապետի թեկնածություն:

Առ այս պահը չի ճշտվել խորհրդակցությունների ժամանակացույցը: Խոսակցություններ կային, որ վարչապետ Սաադ Հարիրին կարող է վերստանձնել այդ պաշտոնը, սակայն պարզ դարձավ, որ նա չի ցանկանում ստանձնել այդ պաշտոնը, ենթադրվում է, որ նրա առաջադրած պայմանները չեն ընդունվել: Դեռ պարզ չէ, թե ովքեր են լինելու վարչապետի թեկնածուները: Իրավիճակն այն է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել:

-Իսկ այդ հրաժարականն ինչ-որ ձևով հանդարտեցրե՞լ է բողոքի ցույցերը, թե դեռ ցուցարարները շարունակում են փողոցներ փակել:

-Ոչ չի հանդարտեցրել, բողոքի ակցիաները դեռ շարունակվում են: Կառավարության հրաժարականով չի ավարտվում ցուցարարների պահանջը: Ասեմ, որ գործող խորհրդարանին չհաջողեց անհրաժեշտ քվորում ապահովել, նիստ գումարել, որովհետև նախ ցուցարարներն արգելակեցին, որ պատգամավորները գնան նիստին: Դրանից բացի, որոշ պատգամավորներ բոյկոտեցին նիստը: Ստացվում է, որ գործադիր իշխանությունը չկա, խորհրդարանն էլ չի կարողանում իր գործառույթները իրականացնել:

-Քանի որ բողոքի ցույցերը տևական ժամանակ է շարունակվում են, այս ստեղծված իրավիճակը որքանո՞վ է խաթարում երկրում բնականոն կյանքի ընթացքը: Կարծես բանկերի հետ կապված խնդիրներ կան:

Այո, ճիշտ նկատեցիք: Բնականոն կյանքը, կարծես, սառեցված լինի: Ես կասեի տնտեսական շրջափակման մեջ է: Բանկերը շատ սահմանափակ են աշխատում: Դա խոսում է ֆինանսական խորը ճգնաժամի մասին: Այստեղ ես քաղաքական գործընթացներ եմ տեսնում, հատկապես արտաքին ազդակներ: Ինչպես գիտեք,ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը պարզ ասաց, որ պետք է պաշտպանել Իրաքի և Լիբանանի ժողովուրդներին իրանյան ազդեցությունից: Այս հայտարարությանն արձագանքեցին նաև Ռուսաստանն ու Իրանը: Այն մտավախությունը, որ սոցիալական հողի վրա ձևավորված շարժումը կարող է օգտագործվել արտաքին ուժերի կողմից, արդեն տեսնում ենք:

-Հաշվի առնելով, որ Մերձավոր Արևելքում անկայուն իրավիճակ է, որքանո՞վ է հավանական, որ դա ուղղորդվի Լիբանան:

-Կա այդպիսի մտահոգություն, սակայն առ այս պահը ցուցարարները ցանկանում են խաղաղ բնույթը պահել: Չնայած մենք տեսանք, թե ինչպես տեղ-տեղ բախումներ եղան իրավապահների հետ, նույնիսկ զոհեր գրանցվեցին, բախումներ եղան նաև տարբեր ակտիվիստների միջև: Ամեն դեպքում ընդհանուր շրջագիծը չի հատում խաղաղ ցույցի սահմանները:

-Արդյոք քաղաքացիների համար, ընդհանուր առմամբ, անվտանգության տեսանկյունից խնդիրներ կան:

-Անվտանգության հարցեր այն առումով կան, որ, օրինակ, տեղ-տեղ բախումներ են: Այդտեղ բնականաբար մարդիկ զգուշանում են: Երբ ցուցարարները ճանապարհ են փակում, այնտեղ բանակայինների, իրավապահների միջև բախումային իրավիճակներ են լինում, և մարդիկ անհանգստացած են: Ինչ վերաբերում է զանգվածային անկարգություններին, ապա կարող եմ ասել, որ իրավիճակը վերահսկողությունից դեռ դուրս չի եկել, բայց արձանագրվել են միջադեպեր, որոնք մտածելու տեղիք են տվել: Երկիրը բնականոն կյանքի հունից դուրս է եկել: Մարդիկ չեն կարողանում թե Լիբանանի ներսում, թե Լիբանանից դուրս ֆինանսական տրանսֆերտներ կատարել: Կարծես, երկրում պրկված իրավիճակ է: Թանկացումներ տեսնում ենք արժույթի շուկայում, դոլարի արժեքն է բարձրացել:

-Պարոն Գանտահարյան, Լիբանանում հայ համայնքն ինչի՞ կարիք ունի: Ի՞նչ ակնկալիքներ ունեք թե Հայաստան պետությունից, թե հայ ժողովրդից:

-Նախ ասեմ, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լիբանանահայ համայնքի կառույցների կողմից պաշտոնական դիրքորոշումներ չկան, կարծում եմ, որ բավական զգուշավոր պետք է լինել:

Ինչպես տեսնում ենք, ժողովրդի զգալի հատվածը դուրսն է, և այդ պահանջներն անառարկելի են՝ կոռուպցիայի, թանկացումների, նոր հարկերի վերաբերյալ:

Բայց այնտեղ քաղաքական խնդիրն այն է, որ ցուցարարները ցանկանում են ամբողջ համայնքային համակարգը վերափոխել և երկիրը վերածել քաղաքացիական համակարգի: Գործող համակարգով երկրում հաշվի են առնվում յուրաքանչյուր համայնքի յուրահատկությունները, իրավունքները: Այսինքն՝ պարզ է, թե համայնքը քանի նախարար, պատգամավոր կարող է ունենալ պետական համակարգում: Այդ ամենն օրենքով ամրագրված է:

Հիմա պարզ չէ նոր առաջարկներն ինչպես պետք է իրականացնել և հավասարակշիռ ձևով ապահովել համայնքների ներկայությունը:
Ինչ վերաբերում է հայ համայնքի օժանդակությանը, ապա կարծում եմ, որ օրինաչափ է, երբ պետությունը հետաքրքրվում է տվյալ տարածաշրջանում և՛ իր քաղաքացիներով, և՛ ազգությամբ հայերով, ինչպես Սիրիայի դեպքում: Կարծում եմ, որ պետք է պետությունն ամեն հնարավոր զարգացումների պատրաստ լինի: Շատ կարևոր է, որ աշխատանք լինի պետության և համայնքի կառույցների միջև:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի



 Պիտակներ
         Շահան Գանտահարյան, Լիբանան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon