Սերը հաղթեց անպտղությանը՝ անհնարը դարձնելով հնարավոր

Տեսանկյուն 21.02.2020   11:00   1362

57-ամյա Նարինեն պատմում է՝ բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, մինչև մայրացել է։ Նա ամուսնացել է 23 տարեկանում, 12 տարի բուժվել է, մինչև հղիացել է ու լույս աշխարհ բերել դստերը։ Ասում է՝ իր ու ամուսնու մեծ սերը, Աստծո նկատմամբ ունցած հավատը հաղթեց անպտղությանը։

«Սովորաբար գյուղերում նորմալ չի ընդունում այն փաստը, որ կինը կարող է ամուսնությունից մի քանի տարի անց կամ ավելի քան տասը տարի հետո երեխա ունենալ։ Հատկապես 90-ական թվականներին այդ կարծրատիպերն ավելի ընդգծված դրսևորումներ ունեին։ Բազմաթիվ ընտանիքներ քանդվել են դրա պատճառով։ Բազմաթիվ ամուսիններ լքել են իրենց կանանց միայն այն պատճառով, որ նրանք մի քանի տարվա ընթացքում չեն կարողացել երեխա ունենալ։

Գյուղերում ապրող մարդիկ միշտ էլ պախարակել են այդպիսի կանանց։ Այդ դժվարություններին, իհարկե, ես էլ բախվեցի․ ես և ամուսինս երեք տարի ապրեցիք ամուսնուս ծնողների տանը։ Այդ տարիների ընթացքում ամուսնուս ծնողները սկսեցին ինձ վատ վերաբերվել միայն այն պատճառով, որ ես երեխա չէի ունենում, և այլ ելք չէր մնում, քան հեռանալ այդ տանից։ Ես ու ամուսինս՝ Նորիկը, շատ ենք սիրում միմյանց․ ամուսինս ասաց՝ երբեք չի լքի ինձ, միայնակ չի թոնի, բոլոր դժվարությունները միասին կհաղթահարենք», - պատմում է Նարինեն։

Հեռանալով Նարինեի ամուսնու ծնողների տանից՝ ամուսիններն ամնիջապես տեղափոխվել են Նարինեի հոր տուն, որտեղ ապրել են հինգ տարի, մինչև նոր տուն են կառուցել ու տեղափոխվել իրենց տուն։ Նարինեն պատմում է՝ եղել են պահեր, որ ընկճվել է, լաց եղել, բայց ամուսինը՝ Նորիկը միշտ հենարան է եղել իր համար․ մեծ սերն օգնել է միասին հաղթահարել բոլոր դժվարությունները։

«Ես միշտ աղոթում էի Աստծուն, որ օգնի ինձ՝ մայրանամ։ Ես գնացել եմ բազմաթիվ սրբայարերեր՝ մատուռներ, վանքեր, եկեղեցիներ․․․ առավել հաճախ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում կտնվող գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի էի գնում՝ աղոթելու։

Շատերի համար պարզապես անհավատալի էր, որ ամուսնությունից տասը տարի անց կինը կարող է հղիանալ, բայց ես շարունակում էի բուժվել՝ հավատալով աստվածային հրաշքների գոյությանը։ Ամուսինս հաճախ կրկնում էր՝ մեր մեծ սերն ու հավատը կօգնի մեզ։
Վերջապես հրաշքը կատարվեց․ ամուսնությունից 12 տարի անց ես հղիացա և ծնվեց մեր դուստրը՝ Նոնան․ ասես հրաշք էր կատարվել մեր կյանքում։ Մեր սիրո ուժով, Աստծո օրհնությամբ անհնարինը հնարավոր դարձավ։
Աստծուն խոստացել էի՝ հենց մայրանամ, յոթ տարի շարունակ երեխայիս ծննդյան օրը մի գառ ենք մատաղ անելու, բաժանելու հարևաններին ու աղքատներին։ Փոքրիկիս ծնվելուց հետո, իհարկե, խոստումս կատարեցի։ Ես ինձ երջանիկ եմ համարում։ Մեր ընտանիքում իշխում է սերն ու համերաշխությունը», - ասում է Նարինեն։

Նարինեի ու Նորիկի դուստրն այժմ 22 տարեկան է, սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում։ Նոնան ասում է՝ իր ծնողների սերն առասպելական ուժ ունի, ապա ժպիտով խոստովանում՝ հպարտանում է այդ սիրով, քանի որ հենց այդ անմնացորդ զգացմունքի ու իր ծնողների՝ Աստծո նկատմամբ ունեցած հավատի շնորհիվ է ինքը լույս աշխարհ եկել։
«Երազում եմ, որ ես էլ կյանքում այդպես սիրեմ ու սիրվեմ։ Բոլորին իմ ծնողների սիրո պես առասպելական ու մեծ սեր եմ մաղթում», - եզրափակում է Նոնան։

Հասմիկ Բալեյան



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon