«Սասնա ծռեր». Ոստիկանությունը բռնության է ենթարկել Սեդրակ Նազարյանին

10.01.2020   12:16   302
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ս.թ. հունվարի 7-ին մեր շարժման անդամ Սեդրակ Նազարյանն ընկերոջ հետ միասին ավտոմեքենայով (ավտոմեքենան վարել է ընկերը) հասել է Հաղթանակ զբոսայգու հատվածում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության մոտ, որտեղ ավտոմեքենան խափանվել է։

Իմանալով ավտոմեքենայի տեխնիկական թերության մասին, դեսպանության տարածքը հսկող ԱԱԾ աշխատակցին խնդրել է թույլատրել մուտք գործելու կից ավտոկայանատեղի, որպեսզի առանց անցուդարձին խանգարելու կարգի կգցեն շարժիչը և հեռանան։

ԱԱԾ ծառայողն այդ պարզ մարդկային խնդրանքին պատասխանել է վիրավորանքով, որից առաջացել է վիճաբանություն։ Այնուհետև նշված ծառայողը քաշքշել է Սեդրակ Նազարյանին, ապա ոստիկանության կարգախումբ է կանչել։

Սեդրակ Նազարյանը ֆիզիկապես չի դիմադրել և սպասել է ոստիկանության կարգախմբին։

Ոստիկանության կարգախումբը, որ բաղկացած է եղել ՊՊԾ գնդի ծառայողներից, անգամ փորձ չի արել իրավիճակը հասկանալու համար։ Ոստիկաններն իրենց հրահանգներին ենթարկվող Սեդրակ Նազարյանին ձեռնաշղթա են հագցրել և անհարկի կոպտությամբ քաշքշելով ու հարվածներ հասցնելով, բառացիորեն նետել են ավտոմեքենայի հատակին և այդ վիճակում տարել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ քաղաքացիական հագուստով մեկ ուրիշ ոստիկան հարվածել է Սեդրակ Նազարյանի դեմքին։ Այնուհետև մյուս ոստիկանները հարձակվել են ձեռնաշղթայված Սեդրակ Նազարյանի վրա և ձեռքերով ու ոտքերով հարվածել են նրան՝ պատճառելով ֆիզիկանան ցավ և վնասվածքներ։

Այս ամենն ուղեկցվել է Սեդրակ Նազարյանի նկատմամբ չարության ու վրիժառության ակնհայտ դրսևորումներով՝ խոսքի և վիրավորանքների միջոցով։ Ոստիկաններն իրենց ենիչերիական վարքագիծը պատճառաբանել են այն հանգամանքով, որ Սեդրակ Նազարյանը «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ է եղել և մասնակցել է ՊՊԾ գնդի ազատագրմանը։

Կատարվածի մասին համապատասխան իրավապահ մարմիններն իրազեկված են, Սեդրակ Նազարյանը նաև հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, սակայն մինչ այս պահը մեզ հայտնի չէ քրեական գործի հարուցման, առավել ևս՝ մեղադրանքներ առաջադրելու մասին։

Տեղի ունեցածը, որն ըստ էության Սերժ Սարգսյանի օրոք դատարանի նկուղում Արայիկ Խանդոյանի և Սասնա Ծռերի մյուս անդամների նկատմամբ բռնության կրկնությունն է՝ դատախազության և ՀՔԾ-ի նույնպիսի կողմնակալ ու հանցակից վարքագծով (այս դեպքի քննությունը մինչ օրս շոշափելի ընթացք չի ստացել, իսկ մեղավորները հանգիստ պաշտոնավարում են), ակնհայտորեն վկայում է այն մասին, որ իրավապահ մարմինները մնում են որպես ենիչերիական կառույցներ և շարունակում են վրեժխնդիր լինել իրենց մասնակցությամբ զավթված պետությունն ազատագրելու փորձ կատարած ապստամբներից։

Ցավով արձանագրում ենք, որ հատկապես իրավապահ և դատական բաղադրիչի մասով իշխանությունը վիժեցրել է զավթված պետությունն ազատագրելու գործը, ինչը ստեղծում է պետությունն ամբողջությամբ վերազավթելու, պարզ ասած՝ ռևանշի ռեալ պայմաններ և նախադրյալներ։

Անժխտելի է, որ իրավապահները չեն ընդունել հեղափոխության առաջնորդի սիրո և հանդուրժողականության ուղերձները, իսկ իրենց նկատմամբ նրա անվերապահ վստահության մասին հավաստիացումերն օգտագործում են ատելության ու վրեժխնդրության նպատակներով։

Սեդրակ Նազարյանի, ինչպես նաև նախկինում Արայիկ Խանդոյանի և մյուսների նկատմամբ բռնության մասով գործող իշխանությունից պահանջում ենք սանձել իրավապահ համակարգի ենիչերիական դրսևորումները, ազատվել այդպիսի վարք դրսևորած ծառայողներից և քրեական պատասխանատվության ենթարկել նրանց։

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն»։



 Պիտակներ
         «Սասնա ծռեր»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon