Սառցե հսկաների կացարանը Ավստրիայում

Art News 26.03.2021   22:00   2092

Մոլորակի ամենախոշոր սառցե քարանձավը՝ Այսռիզենվելտը, որը հայտնի է նաև ոչ պաշտոնական Սառցե հսկաների կացարան անունով, գտնվում է Ավստրիայում։ Քարանձավի մուտքը Հոհկոգել լեռան լանջին է։ Այս զարմանալի քարանձավի խորությունը ավելի քան 40 կիլոմետր է։ Ամեն տարի աշխարհի բոլոր անկյուններից նրանով հիանալու է գալիս մոտ 200 հազար զբոսաշրջիկ։ Չնայած քարանձավի հսկա չափերին ու անվանը, նրա մուտքի մոտ գտնվող միայն 1/40-րդ մասն է ծածկված սառույցով։

Բայց նույնիսկ մեկ կիլոմետր ձգվող սառույցով պատված պատերն էլ բավական են, որ քարանձավն իր չափերով համաշխարհային ռեկորդակիր լինի։ Քարանձավը ձևավորվել է Սալզակ գետի հոսքի արդյունքում, իսկ հսկա սառցախութերը ձևավորվել են տարիների ընթացքում՝ լեռների լանջերի ձյան հալոցքի արդյունքում։

Քարանձավում սառույցը ողջ տարին չի հալվում։ Նույնիսկ ամռան ամենատաք օրերին նրա ներսում ցածր ջերմաստիճան է, որը զգացվում է դեռ քարանձավի մուտքի մոտ։

Քարանձավը 1879 թվականին հայտնաբերել է ավստրիացի բնախույզ Անտոն Պոսելտը։ Այցելությունների համար այն բաց է մայիսի սկզբից մինչև հոկտեմբերի վերջ։ Նույնիսկ ամռանը այցելելիս զբոսաշրջիկները ստիպված են ձմռան հագուստ կրել։ Հյուրերի հարմարավետ զբոսանքի համար քարանձավի ներսում փայտից ճեմուղիներ ու կամրջակներ են կառուցել, որտեղից կարելի է հիանալ սառցե բնապատկերով։

Քարանձավ մտնելուց առաջ այցելուներին նախազգուշացնում են, որ ներսում նկարահանումներ անել չի կարելի, բայց ամենաճարպիկները, միևնույն է, հաջողացնում են մի քանի հիշարժան լուսանկար անել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը


 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb