Սալվադոր Դալիի թանգարանը

Art News 04.09.2020   22:00   1770

«Աշխարհի ամենամեծ սյուրռեալիստական օբյեկտը»․ այսպես է գրված թանգարանի կայքում։ Հռչակավոր սյուրռեալիստ նկարչի հայրենի Ֆիգերաս քաղաքում է գտնվում նրա թանգարանը, որի պաշտոնական անվանումն է «Դալիի թատրոն-թանգարան»։

«Ես ուզում եմ, որ մարդիկ հեռանան այս թանգարանից այնպիսի զգացողությամբ, կարծես թատերական երազ են տեսել», - ասում էր 20-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկն ու մեծ միստիֆիկատորը։

Հենց նախկին թատրոնի այս շինության ներսում է 1918 թվականին տեղի ունեցել 14-ամյա Դալիի անհատական ցուցահանդեսը։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ այն ռմբակոծվել է և վերականգնելուց հետո որպես թանգարան բացվել է միայն 1974 թվականին։ Այստեղ՝ Գալաթեայի աշտարակում է Դալին անցկացրել իր կյանքի վերջին տարիները, այստեղ էլ մահացել է ու թաղվել 1989 թվականի հունվարի 25-ին։

Թանգարանում ներկայացված են ոչ միայն Դալիի աշխատանքները, այլ նաև նրա էսքիզներով ստեղծված գլուխգործոցները՝ զարդեր ու 3D ինստալյացիաներ։ Այստեղ են ցուցադրված նաև Դալիի սեփական հավաքածուի արվեստի գործերը՝ Էլ Գրեկոյի ու Մարսել Դյուշանի կտավները, Միքելանջելոյի քանդակները։ Թանգարանում կարող եք տեսնել նաև նկարչին պատկանող իրերը՝ խեցիի տեսքով մահճակալը, ջրասույզի կոստյումը, որով հանդես է եկել իր ցուցահանդեսներից մեկի բացման ժամանակ, ինչպես նաև մետաղական լոգարանը, որի մեջ Դալին սիրել է հարցազրույցներ տալ։

Դալիի թանգարանը ոչ միայն աշխարհի ամենահայտնի անհատական տուն-թանգարանն է, այլ նաև հնարավոր արտ-ատրակցիոնների կազմակերպման վառ օրինակ։ Այստեղ կարելի է ժամեր շարունակ զբոսնել։ Թանգարանում ցուցանակներ չկան։ Ամեն սրահում նոր անակնկալ է սպասվում, ամեն անկյունում հերթական տեսողական խաբկանքն է։

 Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb