Սև մածուն, սպիտակ մածուն

Խմբագրական 20.12.2018   23:05   428

20 տարի շարունակ իշխանությունն ուզուրպացրած մի խումբ՝ մածունը մշտապես սև է ներկայացրել։ Ու հիմա, երբ նոր իշխանություն է ձևավորվել, որն ասում է, որ մածունը սպիտակ է, նախկին իշխանության ներկայացուցիչները «տուրք տալով»  ավանդական դարձած իներցիայի՝ շարունակում են պնդել,ավելին՝ աղմկել, թե՝ չէ, մածունը սև է։

Մածունն, իհարկե, սև չէ։ Սպիտակ է։ Մածունը 20 տարի առաջ էլ էր սպիտակ։ Դրանից առաջ էլ։ Բայց 20 տարի առաջ, իշխանության գալու համար, պետք էր սպիտակը սևացնել։ Եվ եկան իշխանության՝ սպիտակը սևացնելով։ Եկան իշխանության՝ արյունով սևացնելով սպիտակը։

Քանի որ անհեթեթ է մածունի սպիտակությունն ապացուցելը, ուստի անդադար քարոզվում էր մածունի սևը։ Սև էր սպիտակը։ Սպիտակին սպիտակ ասողներն աստիճանաբար հեռացան, դուրս մղվեցին, ունեզրկվեցին, արտագաղթեցին կամ հայտնվեցին բանտերում։

Իհարկե, մածունին սև ասողներն էլ հստակ գիտեին, որ մածունը սպիտակ է։ Թերևս միայն պիոներական հավատով կարող էր մածունի սև ապագան հավերժ թվալ և շարունակել սև մածունը սպիտակ մածունի տեղ անցկացնել։ Ու անցկացնում էին։ Շարունակ... Երկար ու ձիգ տարիներ...

Բայց եկավ «բայցը» ու ասվեց, որ սպիտակը՝ սպիտակ է։

Այսքան բան։ Մնացածը քնարերգություն է։

Արմեն ֆոն Գևորգյան



 Պիտակներ
         Արմեն ֆոն Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon