Ռազմական արվեստ
Ռազմական արվեստը (ռազմարվեստ), ցամաքում, ծովում և մերձերկրյա տարածությունում ռազմական գործողությունների, մարտական գործողությունների նախապատրաստման և վարման տեսությունն ու պրակտիկան է, ռազմական գործի բաղկացուցիչ մասը։
Ռազմարվեստի տեսությունը՝ ռազմական գիտության բաղկացուցիչ մասն է, որն այդ գիտության այլ ճյուղերի հետ սերտ փոխգործակցությամբ ուսումնասիրում է զինված պայքարի օրենքները, ձևերն ու եղանակները ռազմական գործի ռազմավարական (ստրատեգիական), օպերատիվ և մարտավարական (տակտիկական) օղակներում:
Ռազմարվեստն ընդգրկում է
- ռազմավարությունը,
- օպերատիվ արվեստը,
- մարտավարությունը։
Ռազմարվեստի այդ երեք բաղկացուցիչ մասերն իրար սերտորեն կապված են։
Ռազմարվեստի հիմնական դրույթներն արտահայտվում են իր սկզբունքներում, որոնք ընդհանուր են թե՛ ռազմավարական, թե՛ օպերատիվ և թե՛ մարտավարական մասշտաբի ռազմական (մարտական) գործողությունների համար, քանզի նրանցում իրենց արտահայտությունն են գտնում պատերազմների առարկայական (օբյեկտիվ) օրենքների և զինված ուժերի գործնական կիրառման ուղիները։
Ռազմարվեստի վիճակը կախված է պետությունում ռազմական գործի, պաշտպանական արտադրության և զինված պայքարի միջոցների զարգացման մակարդակից, պետության հասարակարգի բնույթից։ Ռազմարվեստի զարգացման վրա ազդեցություն են գործում պատմական և ազգային առանձնահատկությունները, աշխարհագրական պայմանները և ռազմական տնտեսությունը:
Անգլոսաքսոնական ռազմական գործում, որը բնորոշ է Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, Կանադային, Ավստրալիային, Նոր Զելանդիային, նաև Հնդկաստանին, Պակիստանին, Բանգլադեշին, Նեպալին, Բհութանին, Եգիպտոսին, Իրաքին, Շրի-Լանկային, Սինգապուրին, Բրունեյին, Բելիզին և այլոց. ընդհանուր թվով մի քանի տասնյակ երկրների, որոնք 19-20-րդ դարերում գտնվել են Բրիտանական կայսրության կազմում, իսկ 20-րդ դարի երկրորդ կեսից՝ Բրիտանական Համագործակցության կազմում, բացակայում է օպերատիվ արվեստ հասկացությունը։
Ռազմավարություն
Ռազմական ստրատեգիան կամ ռազմական ռազմավարությունը՝ պատերազմի վարման տեսական և գործնական գիտություն է, ռազմարվեստի բնագավառներից մեկը, նրա բարձրագույն արտահայտությունը։ Ընդգրկում է պատերազմին նախապատրաստվելու տեսության հարցերը, նրա պլանավորումն ու վարումը, հետազոտում է պատերազմի օրինաչափությունները։
Օպերատիվ արվեստը
Օպերատիվ արվեստը — տեսական և գործնական գիտություն է, ռազմարվեստի բաղկացուցիչ մասը, որը միջանկյալ դիրք է գրավում մարտավարության և ռազմավարության միջև։ Ուսումնասիրում է խոշոր ռազմական կազմավորումների, այսինքն՝ բանակային կորպուսների, միավորումների, բանակների, բանակախմբերի, ռազմաճակատների, ռազմաճակատների խմբերի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կողմից համատեղ և ինքնուրույն ռազմական օպերացիաների (մարտական գործողությունների) նախապատրաստության և վարման մեթոդները։
Մարտավարություն
Մարտավարությունը (հին հուն․՝ τακτικός «զորքերի շարմանը վերաբերվող», ծագում է τάξις «շարք և տեղաբաշխում» բառերից) — տեսական և գործնական գիտություն է, ռազմարվեստի բաղկացուցիչ մասը, որն ընդգրկում է զինված ուժերի, դրանց տեսակների, զորատեսակների (ուժերի) և հատուկ զորքերի զանազան զորամիավորումների (բրիգադ, դիվիզիա, բանակային կորպուս), զորամասերի (նավերի) և ռազմական ստորաբաժանումների կողմից ցամաքում, օդում ու ծովում և տիեզերում մարտի նախապատրաստման և վարման պրակտիկան։
Նմանատիպ նյութեր