Քրդամետ կուսակցությունն արձագանքել է իր դեմ ներկայացված մեղադրական եզրակացությանը

Աշխարհ 08.06.2021   12:48   46

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ) հայտարարություն է արել երկրի գերագույն դատախազության կողմից HDP-ի վերաբերյալ Սահմանադրական դատարան նոր մեղադրական եզրակացություն ուղարկելու կապակցությամբ:

Կուսակցության սոցցանցի պաշտոնական էջում կոչ է արվում դատել մաֆիայի անդամներին՝ ակնարկելով, որ կառավարության անդամները կապված են հանցախմբի հետ:

«Ոչ թե HDPԿ-ին, այլ մաֆիային դատիր» հեշթեգով արված գրառման մեջ մասնավորապես ասված է. «ԱԶԿ-ի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն AKP -խմբ.) և MHP-ի (ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքի պատմությունը մաֆիան է գրում: HDP-ի պատմությունը ժողովուրդն է գրում: Մաֆիայի վերաբերյալ խոստովանությունների թեմայով ձայն չհանողները ցանկանում են, մեր կուսակցության վրա հարձակվելով, պահպանել իրենց իշխանությունը»:

Թուրքիայում այս օրերին թեժ քննարկումների թեմա է դարձել Թուրքիայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների (մասնավորապես ՆԳ նախարար Սուլեյման Սոյլու) հնարավոր կապը մաֆիայի պարագլուխների հետ:

Քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայից փախած ու ԱՄԷ-ում ապաստանած հանցախմբի պարագլուխ Սեդաթ Փեքերը սոցցանցի իր էջի պարբերական ուղիղ եթերների ընթացքում ուշագրավ բացահայտումներ արեց Սոյլուի և այլոց մասին:

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ
         Քրդամետ կուսակցություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb