«Քարե ալիք», Ավստրալիա

Art News 17.02.2020   20:15   1048

Արևմտյան Ավստրալիայում է գտնվում պոետիկ անուն ունեցող «Քարե ալիք» ժայռը, որին մեկ հայացք գցելիս դժվար է անգամ պատկերացնել, որ երկրի վրա կարող է նման կազմավորում գոյություն ունենալ։ Ժայռը գտնվում է անապատային տեղանքում՝ Հայդեն քաղաքի մերձակայքում։ Ժայռային զանգվածը ձգվում է 110 մետր, իսկ նրա բարձրությունը հասնում է 15 մետրի։ Իր անվան համար ժայռը պարտական է անսովոր ձևին, քանի որ այն իսկապես հսկա ծովային ալիքի տեսք ունի, որը ափին զարնվելուց առաջ քարացել է օդում։

Անսովոր գեղեցկություն ունեցող ժայռը մոլորակում ամենահներից մեկն է։ Նրա տարիքը հաշվում են մոտ 2,7 բիլիոն տարի։ Հաշվի առնելով, որ միլիոնավոր տարիներ հողը էրոզիայի է ենթարկվել՝ այսօր ժայռը գունավորված է տարբեր երանգների կանոնավոր գծերով՝ հողագույնից մինչև կրակե կարմրագույն։ Մի քանի տարի առաջ ժայռի մոտ պատնեշ են կանգնեցրել՝ նրա անկրկնելի արտաքին տեսքը պահպանելու ու անձրևներից պաշտպանելու համար։

«Քարե ալիքը» լավ հայտնի է ոչ միայն ակտիվ ճամփորդներին ու բնության սիրահարներին, այլ նաև ռոքի երկրպագուներին։ Արդեն մի քանի տարի է, ինչ սեպտեմբերի երկրորդ կեսին բնական այս հրաշալիքի կողքին խոշոր ռոք փառատոն է տեղի ունենում, որին մասնակցում են համաշխարհային ճանաչում վայելող կատարողները:

Տեղացիները, հակառակը, փորձում են խուսափել այս վայրերից ու դրանք անոմալ են համարում։ Ժայռի վրա է գտնվում Մուլկա քարանձավը, որը աբորիգենները անվանել են մարդակեր տղայի անունով։ Այդ քարանձավի պատերին մարդկային ձեռքերի տարօրինակ հետքեր կան։ Դրանք այնքան մեծ բարձրության վրա են գտնվում, որ սովորական մարդն ի վիճակի չէ հասնել դրանց։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon