Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիրի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Իրադարձային 25.05.2020   15:23   223

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ից մանրամասնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են յուրացման դեպքի մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2010թ. ապրիլ ամսից զբաղեցնելով վերոնշյալ պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է մի շարք յուրացումներ:

Քննության տվյալներով՝ ՀՈԱԿ-ի տնօրենը 2018-2019թթ.  ընկած ժամանակահատվածում որպես պահակ աշխատող անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի վերջինս շարունակի մնալ հաստիքային աշխատող, սակայն չայցելի աշխատանքի, իսկ նրա աշխատավարձային քարտը և դրա գաղտնագիրը տրամադրի իրեն՝ հնարավորություն տալով ստանալ հասանելիք աշխատավարձը և մյուս վճարումները:

Ըստ աղբյուրի, բացի այդ, ՀՈԱԿ-ի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով զգալի չափերով յուրացում կատարելու դիտավորությամբ, մեկ այլ անձի նշանակել է որպես վերոնշյալ ՀՈԱԿ-ի գրադարանավար, սակայն նրա կողմից պատշաճ աշխատանքի չներկայանալու, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների փոխարեն այլ պարտականություններ, այն է՝ միջոցառումների կազմակերպչի գործառույթներ իրականացնելու պայմաններում, 2019թ. փետրվարի 20-ից մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ վճարել է այդ հաստիքը զբաղեցնող անձի աշխատանքի դիմաց հասանելիք աշխատավարձը, իսկ մյուս վճարումները՝ հափշտակելով յուրացրել է:
Արդյունքում՝ հաշվարկվել և վճարվել է 1.692.310 ՀՀ դրամ գումարի չափով աշխատավարձ, ինչը հափշտակվել է ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից՝ այդ կերպ  Երևանի քաղաքապետարանին  պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և  179-րդ (յուրացնելը կամ վատնելը)հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:  

Վերջինիս կողմից Երևանի քաղաքապետարանին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունն ավարտվել է:


 Պիտակներ
         Քանաքեռ-Զեյթուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb