Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու եկեղեցու շինարարը կալանավորվել են

Հրատապ 10.02.2020   11:29   2048

Դատարանը բավարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։ Նշենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև հայտնի շինարար Վազգեն Պողոսյանը, որը եւս կալանավորվել է։

Նա ղեկավարել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու կառուցման, Երևանի օպերայի և բալետի թատրոնի, Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահի, Հանրապետության հրապարակի վերակառուցման և նորոգման աշխատանքները, զբաղվել տեղական հումքի վրա կոնստրուկտիվ ջերմամեկուսիչ բետոնների մշակմամբ։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին, սակայն, ինչպես հայտնեցին ԱԱԾ-ից դատարանը նրա նկատմամբ գրավ է կիրառել։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ստացվել է փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից։ Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։ Հարուված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Վահագն Վերմիշյանը և ևս երկու քաղաքացի։



 Պիտակներ
         Վահագն Վերմիշյան, քաղաքաշինության կոմիտե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon