«Պռոշյան կոնյակի գործարան»-ում հրդեհից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Իրադարձային 02.09.2020   11:02   42

«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ 32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:

Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա:

Հիշեցնենք՝ ԱԻՆ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարան»-ում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սպիրտի տարրայում (30 տոննա) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ կան զոհեր և տուժածներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին: Այրվել են սպիրտի տարան, մոտ 35 գմ տախտակամած և «KAR» մակնիշի ամբարձիչ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Հովհաննես Ն.-ն (ծնված 1958 թ․), Գևորգ Մ․-ն (ծնված 1977 թ․), Սարգիս Ե․-ն (ծնված 1996 թ․) և Հարություն Մ․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները թիթեղների տակից դուրս են բերել Արեն Ա․-ի (մոտ 35-40 տ․) և Լյովա Ա․-ի (ծնված 1974 թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ փրկարարներն իրականացրել են տարաների հովացման աշխատանքներ:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի 11 հատ 30 տոննա տարողությամբ և 8 հատ 20 տոննա տարողությամբ սպիրտի տարաներ և մոտակա պահածոների արտադրամաս:



 Պիտակներ
         «Պռոշյան կոնյակի գործարան»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb