Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը

Իրադարձային 17.09.2019   10:32   112
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սեպտեմբերի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել Ձեզ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստին:

Ինչպես գիտեք, կառավարությունն իր ծրագրով հանձնառություն է ստանձնել ապահովելու ժողովրդագրական իրավիճակի կայունությունը և ծնելիության աճի խթանումը: 

Միաժամանակ, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը կառավարության համար ինքնանպատակ չէ: Դրանով է պայմանավորվում պետության ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու սոցիալական անվտանգությունը: Հետևաբար, այս խնդիրը մեր գործունեության առաջնահերթություններից է: Մյուս կողմից էլ, նախորդ ժամանակաշրջանում ժողովրդագրական ոլորտում արձանագրված բացասական միտումները շատ մտահոգիչ են: Այս ամենը հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը լինելու է հեղափոխական, որովհետև նման բազմաշերտ ու խորը արմատներ ունեցող խնդիրը միայն նորարար ու հիմնարար լուծումներով է հնարավոր հաղթահարել:

Ներկայացնեմ, թե ինչ քայլեր են կատարվել մինչ օրս: Հասկանալի է, որ հիմնահարցը հնարավոր չէ հասցեագրել առանց խորքային վերլուծության, այդ պատճառով Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նախորդ նիստերի ընթացքում  անդրադարձել ենք ժողովրդագրական իրավիճակի կանխատեսումներին, ռազմավարական հիմնադրույթներին ու միջազգային լավագույն փորձին: Վեր են հանվել մեր երկրի առջև ծառացած ժողովրդագրական խնդիրները: Այսօր արդեն ունենք անհրաժեշտ փաստերն ու վերլուծությունները, որպեսզի անցում կատարենք նախապատրաստական փուլից դեպի գործնական քայլերի իրագործում:

Մեզ համար նաև ակնհայտ է, որ թեմայի հրատապության պատճառով իրականացվող բարեփոխումների արդյունքներին երկար չենք կարող սպասել։ Հետևաբար, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները պետք է իրագործվեն արդեն հաջորդ տարվա՝ 2020 թվականի առաջին կիսամյակից։

Հարգելի՛ ներկաներ,

Անցնենք արդեն իսկ նախանշվող ծրագրերի քննարկմանը: Կատարված վերլուծությունների արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, վերանայվելու են նաև գործող ծրագրերը։ Թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքներին։

Այս կապակցությամբ տեղեկացնեմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել էի մշակել և շահագրգիռ մարմինների դատին ներկայացնել ծրագրային առաջարկներ հետևյալ ուղղություններով.

·    դրամական նպաստների համակարգի, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի չափի վերանայման հնարավոր տարբերակներ,

·    նախադպրոցական և դպրոցական հաստատություններում երեխաների երկարօրյա խնամքի ապահովում,

· երեխա ունեցող և դեռևս երեխա չունեցող երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության լրացուցիչ աջակցություն:

Հենց այս ծրագրային առաջարկներին և դրանց հնարավոր իրագործման խնդրին էլ անդրադառնալու ենք այսօր»:

Նիստի ընթացքում քննարկվեցին երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի համակարգի բարելավման,  երեխաների խնամքի ծառայությունների ընդլայնման և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆիզիկական   հասանելիության  վերաբերյալ ծրագրային առաջարկները։ 

Անդրադարձ կատարվեց նաև երիտասարդ և երեխա ունեցող, ինչպես նաև երիտասարդ և երեխա չունեցող ընտանիքների բնակարանային ապահովության մատչելիության ընդլայնմանն ուղղված ծրագրային առաջարկին։

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարականներ տվեց՝ լրամշակել վերոնշյալ ծրագրային առաջարկները, ինչպես նաև քննարկման արդյունքներից բխող նոր առաջարկներ և փաթեթներ ներկայացնել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ավինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon