Պոլսահայությունը անհանգիստ է հնարավոր թիրախավորումներից

Իրադարձային 01.10.2020   21:34   28

Ադրբեջանական նախահարձակ գործողությունների հետևանքով Արցախի հետ շփման գծում տեղի ունեցող լայնածավալ պատերազմական գործողությունների ֆոնին Թուրքիայից հնչող բազմաթիվ հակահայկական և Ադրբեջանին աջակցող հայտարարությունները այդ երկրի հայ քաղաքացիներին թիրախ են դարձնում:

Այս մասին ասել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) փոխնախախագահ, Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Կարո Փայլանը:

«Բախումների առաջին ժամերից սկսած ողջ աշխարհը հրադադարի կոչ  էր անում, ԱԶԿ-ի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն) ու հանրապետության նախագահ ՌեՋեփ Թայիփ Էրդողանը և մի շարք պաշտոնյաներ, կրակի վրա յուղ լցնելով, աջակցություն հայտնեցին պատերազմին»,- ասել է Փայլանն ու ավելացրել, որ այդպիսով թիրախավորվում են նաև Թուրքիայի հայ քաղաքացիները:

Պատգամավոր Փայլանն այս թեմայով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հասցեագրված գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան, որում մասնավորապես ասել է. «Երբ ամբողջ աշխարհը հրադադարի կոչ է անում,մենք ինչու՞ ենք պատերազմի կոչ անում:

Արդյոք ճիշտ է այն պնդումը, ըստ որի Թուրքիան Սիրիայից ջիհադիստներ է ուղարկել Ադրբեջան:

Այն դեպքում երբ մենք և՛ հայ, և՛ ադրբեջանցի քաղաքացիներ ունենք, ինչու՞ եք ադրբեջանցուն որպես եղբայր դիտարկում, իսկ հային՝ որպես թշնամի: Տեղյակ ե՞ք, որ հայ ժողովրդին ուղղված ձեր ատելության խոսքերը, հայ քաղաքացիներին թիրախ է դարձնում»:

Պոլսահայերի անհանգստությունների մասին «Deutsche Welle Türk»-ի խոսել էր հայկական «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը: «Դա կլինի Ղարաբաղի հարցը, թե կլինի օրինակ ԱՄՆ-ի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձև, ցավոք այդպիսի դեպքերում Թուրքիայի հայերը միանգամից զգում են սլաքների՝ դեպի իրենց ուղղվելը: Եվ դա իհարկե անհանգստություն է առաջացնում նրանց շրջանում»,- ասել է Տանձիկյանը:

Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչատան գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն էլ նշել է, որ Թուրքիայի ոչ վաղ անցյալը լի է բռնությամբ, սպանություններով, պոգրոմներով, կոտորածներով ու մահափորձերով, ինչի պատճառով միշտ վախ կա, որ այստեղ հնչեցված ատելության խոսքը կարող է գործողության վերածվել:

«Հայերն էլ այդ վախը ծայրաստիճան ուղիղ են զգում իրենց վրա: Առանց այդ էլ պարփակված, իր մեջ ամփոփված համայնք է: Սոցցանցերում կամ այլ միջավայրում այդ խոսքերը լսելիս հայերի մեջի վախերը բազմապատկվում են, և կյանքը մի քիչ ավելի դժվար է դառնում»,- ասել է Քոփթաշը:

Աղբյուրը`  dv.com



 Պիտակներ
         Պոլսահայություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb