Pfizer-ը պլանավորածից կրկնակի պակաս չափաբաժին պատվաստանյութի կարտադրի
Pfizer ընկերությունը մինչեւ 2020 թվականի վերջը կկարողանա պլանավորած 100 միլիոնի փոխարեն արտադրել COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 մլն չափաբաժին՝ անհրաժեշտ նյութերի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրի:
«Մենք ուշացել ենք: Նյութերի առանձին խմբաքանակներ, ինչպես պարզվել Է, չեն համապատասխանել մեր ստանդարտներին: Մենք լուծել ենք այդ խնդիրը, սակայն ժամանակ չունենք, որպեսզի մատակարարումների պլանը կատարենք այս տարի»,-հրատարակությանն ասել Է աղբյուրը, որը մասնակցում Է պատվաստանյութի վրա աշխատանքին:
Հրատարակության զրուցակիցը պարզաբանել Է, որ այս պատվաստանյութի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարումների կազմակերպումն անցկացվել Է արագացված տեմպերով: «Այս դեպքում ամեն բան կատարվել Է միաժամանակ. մենք բաղադրիչների մատակարարումների համակարգի վրա սկսել ենք աշխատել մարտին, երբ պատվաստանյութի մշակումը չԷր ավարտվել: Դա միանգամայն աննախադեպ Է»,-ասել Է նա:
Թերթը պարզաբանում Է, որ սովորաբար ընկերություններն սկզբում մշակում են պատվաստանյութը, ստանում են օգտագործման թույլտվություն, իսկ արդեն հետագայում կարգավորում արտադրության համար անհրաժեշտ ամեն ինչի մատակարարումները: Իսկ COVID-19-ի դեպքում հարկ եղավ ամեն բան անել շատ սեղմ ժամկետներում եւ պատրաստվել զանգվածային արտադրության՝ չսպասելով պատվաստանյութի մշակումն ավարտելուն: Pfizer-ը պատվաստանյութը մշակել Է գերմանական BioNtech-ի հետ համատեղ:
Պատրաստուկը կիրառման թույլտվություն Է ստացել Մեծ Բրիտանիայում: Սպասվում Է, որ այն շուտով նույնպիսի թույլտվություն կստանա ԵՄ-ի երկրներում եւ ԱՄՆ-ում: Ամերիկյան ԶԼՄ-ները պարզաբանում են, որ պատվաստման ժամանակ կպահանջվի երկու ներարկում: Ուստի 50 մլն չափաբաժինը կբավականացնի 25 մլն մարդու պատվաստման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նմանատիպ նյութեր